Մեսի. Ռոնալդուի հետ մրցակցությունը եղել ու մնում է յուրահատուկ

12:43   23 հոկտեմբերի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին առողջություն է մաղթել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն այս օրերին ինքնամեկուսացած է կորոնավիրուսի պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա Ռոնալդուն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը:

«Ռոնալդուի հետ մրցակցությունը եղել ու մնում է յուրահատուկ: Այն տևեց երկար տարիներ, իսկ տևական ժամանակ բարձր մակարդակում մնալը հեշտ չէ: Իմ ու Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցությունը շատ լավն էր ու նաև անձնական հարթության վրա էր, և ես կարծում եմ, որ մարդկանց դուր եկավ այն: «Բարսելոնայի», «Ռեալի» ու ֆուտբոլի երկրպագուները տեսան դիտարժան պայքար: Հույս ունենք ավելի շատ հույզեր պարգևել նրանց:

Ակնհայտ է, որ երբ Կրիշտիանուն խաղում էր «Ռեալում», խաղերն առանձնահատուկ էին: Այդ հանդիպումներն առանձնանում էին, բայց երբ Ռոնալդուն խաղադաշտում էր, դա ուներ առանձնահատուկ նշանակություն: Սակայն հիմա դա անցյալում է: Անհամբերությամբ սպասում ենք նոր մարտահրավերների: Հույս ունենք, որ Կրիշտիանուն կբուժվի կորոնավիրուսից և կմասնակցի առաջիկա հանդիպմանը»,- արգենտինացի հարձակվողի խոսքը մեջբերում է DAZN-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում ընդունելու է Մադրիդի «Ռեալին», իսկ «Յուվենտուսի» հետ խաղալու է 4 օր անց: Ռոնալդուն Արքայական ակումբում խաղացել է 2009-2018-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։