15:37 15 հոկտեմբերի, 2020Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատությունից վերականգնվելուց հետո վերսկսել է մարզումները ռուսական «Սոչիի» կազմում: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 22-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ լավ է զգում իրեն և մարզվում է առանց սահմանափակումների:
«Հոկտեմբերի 11-ից վերսկսել եմ մարզումներն ընդհանուր խմբում: Այս պահին թիմի հետ մարզվում եմ առանց սահմանափակումների: Ֆիզիկապես նորմալ եմ զգում ինձ: Ճիշտ է, բարդ է, քանի որ մոտ մեկ տարի բաց եմ թողել, բայց արդեն ջանասիրաբար մարզվում եմ և մարզավիճակ հավաքում»,- ասաց Էրիկ Վարդանյանը:
Հարցին, թե նախնական տվյալներով ե՞րբ կկարողանա վերադառնալ խաղադաշտ, կիսապաշտպանը պատասխանեց. «Դա կորոշի մարզիչը, թե երբ կսկսի ինձ ընդգրկել հայտացուցակում: Կարծում եմ՝ հաջորդ խաղին էլ չեմ հայտավորվի, բայց առաջիկայում պատրաստ կլինեմ դուրս գալ խաղադաշտ»:
Հիշեցնենք, որ Էրիկ Վարդանյանը նախորդ տարվա վերջնամասում էր պայմանագիր կնքել «Սոչիի» հետ, սակայն վնասվածքի պատճառով դեռ չի խաղացել ռուսական ակումբի կազմում: Նոյեմբերին նա ծնկի վիրահատության էր ենթարկվել Բարսելոնայում, որտեղ ևս մեկ անգամ վիրահատվել էր նաև հուլիսին: «Սոչի» տեղափոխվելուց առաջ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում»: Հայաստանի հավաքականի կազմում Վարդանյանն անցկացրել է 4 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ:
Դավիթ Եղիազարյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.