Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Էստոնիայի հետ (տեսանյութ)

00:36   15 հոկտեմբերի, 2020

Ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում հյուրընկալվելիս ոչ ոքի խաղաց Էստոնիայի հավաքականի հետ՝ 1:1:

Էստոնիայի մայրաքաղաք Տալինի «Ա լե Կոք» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման սկզբնամասում Հայաստանի հավաքականն ակտիվ չէր և կարծես սպասում էր իր շանսին, ինչն ունեցավ և օգտագործեց 8-րդ րոպեին: Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը գլխի հարվածով բացեց հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում: Էստոնացիների պատասխանը չուշացավ: 6 րոպե անց դաշտի տերերը խփեցին պատասխան գոլը: Անկյունայինի խաղարկման արդյունքում աչքի ընկավ էստոնական «Ֆլորայի» հարձակվող Ռաունո Սապինենը՝ 1:1:

Խաղակեսի միջնամասում էստոնացիներն անկյունայինների խաղարկման արդյունքում ևս 2 անգամ սպառնացին հյուրերի դարպասին, բայց ապարդյուն: Մրցակիցն ուներ տարածքային առավելություն, իսկ Հայաստանի հավաքականը շատ քիչ էր գրոհներ անցկացնում, և դրանք վտանգավոր չէին ստացվում:

37-րդ րոպեին Էստոնիայի հավաքականն ունեցավ իրական գոլային պահ, բայց Ռաունո Սապինենը վրիպեց հարմար դիրքից: 42-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Արտակ Գրիգորյանը, որի փոխարեն դաշտ դուրս եկավ Երևանի «Արարատի» կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն՝ նորամուտը նշելով Հայաստանի հավաքականում:

Առաջին խաղակեսի վերջնամասն անցավ լարված պայքարում և թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կատարեց ևս մեկ փոխարինում՝ ձախ պաշտպանի դիրքում Արման Հովհաննիսյանի փոխարեն դաշտ դուրս բերելով Սերոբ Գրիգորյանին:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերն ավելի լավ տեսք ունեին: 55-րդ րոպեին Էստոնիայի հավաքականը կազմակերպեց վտանգավոր գրոհ, որն ավարտվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի սեյվով:

Հայաստանի հավաքականն աստիճանաբար կարողացավ հավասարեցնել խաղը, բայց մրցակցի դարպասին իրապես սպառնալ չէր հաջողվում: 62-րդ րոպեին էստոնացիներն ունեցան ևս մեկ վտանգավոր պահ, որը չկարողացավ օգտագործել Վասիլի Սինյավսկին:

Վերջնամասում էստոնացիներին հաջողվեց ստեղծել ևս մի քանի վտանգավոր պահեր, իսկ հյուրերի մոտ ոչինչ չէր ստացվում առջևի գծում: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Խմբի մյուս խաղում Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականները ոչ ոքի խաղացին Սկոպյեում՝ 1:1: Մակեդոնացիներն ավալացված ժամանակում պարտությունից փրկվեցին 10 խաղացողներով մնալուց հետո:

Չորրորդ տուրից հետո Վրաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Հայաստանը՝ 5, իսկ էստոնացիները՝ 2:  

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 15-ին՝ հյուրընկալվելով Վրաստանին: 3 օր անց հայկական թիմը վերջին տուրում կըդնունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:

Ազգերի լիգա, չորրորդ տուր

C դիվիզիոն, երկրորդ խումբ

Էստոնիա – Հայաստան՝ 1:1 (տեսանյութ)

Ռաունո Սապինեն, 14 - Կամո Հովհաննիսյան, 8

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան (Սերոբ Գրիգորյան, 46), Արտակ Գրիգորյան (Սոլոմոն Ուդո, 42), Վբեյմար Անգուլո, Էդգար Բաբայան (Գևորգ Ղազարյան, 57), Տիգրան Բարսեղյան (Վահան Բիչախչյան, 83), Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան (Գեղամ Կադիմյան, 83):

Հյուսիսային Մակեդոնիա – Վրաստան՝ 1:1

Էզգիան Ալիոսկի, 90+3 (11մ) - Խվիչա Կվարացխելիա, 75

Հեռացում՝ Ստոլե Դիմիտրևսկի, 68 (Հյուսիսային Մակեդոնիա)

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։