Կապառոս. Մրցակիցները պետք է իմանան, որ Հայաստանի հավաքականը ցուցադրում է թիմային խաղ

19:13   13 հոկտեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի՝ Էստոնիայի դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

Կապառոսը նշել է, որ Վրաստանի հետ հանդիպման համեմատ մտադիր չէ փոփոխության ենթարկել թիմի մարտավարությունը, նաև նշել է, որ թիմը կորուստներ չունի և բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղադաշտ դուրս գալ:

«Մենք դեռ մեկ մարզում ունենք անցկացնելու և այդ մարզման ընթացքում կտեսնենք՝ ինչպես են վերականգնվել ֆուտբոլիստները: Բարեբախտաբար, չունենք վնասվածք ունեցող խաղացողներ: Այնուամենայնիվ, մենք հավատարիմ ենք մնալու մեր խաղային փիլիսոփայությանը և միշտ հետևենք այդ փիլիսոփայությանը:

Մենք չենք կարող անդադար փոփոխություններ կատարել մարտավարությունում: Մրցակիցները պետք է իմանան, որ Հայաստանի հավաքականը ցուցադրում է թիմային խաղ, ինչն ամենակարևորն է»,- ասել է 64-ամյա մասնագետը:

Խոսելով առաջիկա խաղում Հայաստանի մրցակցի՝ Էստոնիայի մասին, Կապառոսը նշել է, որ Հայաստանը խաղալու է մի թիմի դեմ, որը ամեն գնով փորձելու է հաղթանակ տանել:

«Կարծում եմ՝ հաստատվեց այն, ինչ մենք միշտ ասում էինք, այն է՝ մեր խմբում հավասար պայքար է ծավալվել և ցանկացած սխալ կարող է անհավասարակշռություն մտցնել կոնկրետ խաղի մեջ: Ես չէի ցանկանա առանձնացնել ֆուտբոլիստների, քանի որ առավելություն եմ տալիս թիմային խաղին:

Ակնհայտ է, որ Էստոնիան մոտիվացված է հաղթանակի՝ հաշվի առնելով նախորդ խաղում կրած պարտությունը, ինչը նշանակում է, որ մենք պետք է հնարավորինս կենտրոնացած հանդես գանք»,- ասել է իսպանացի մասնագետը:

Վրաստանի դեմ խաղում կատարած փոփոխությունների մասին հարցին պատասխանելից՝ Խոակին Կապառոսը նշել է, որ պետք է վստահել մարզչական շտաբին ու թիմի ֆուտբոլիստներին:

«Պետք չէ մեղավորներ փնտրել անհաջողությունների համար, պետք է պարզապես շարունակել վստահել տղաներին, և եթե այս կամ այն ֆուտբոլիստը պետք է փոխարինման դուրս գա, մենք պետք է վստահություն հաղորդենք այդ ֆուտբոլիստին: Սա ավելի շատ վերաբերվում է մարզչական շտաբին:

Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ Վրաստանի հետ խաղում մենք չէին ցուցադրում ստեղծագործ ֆուտբոլ: Վահան Բիչախչյանը խաղադաշտում անցկացրեց այնքան, որքան ճիշտ գտա ես»,- եզրափակել է Կապառոսը:

Էստոնիա – Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Տալինի «Ա լը Կոք» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել վրացիների դեմ հանդիպումը: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն անցկացվեց չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հետո Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 5-ական միավոր, Հայաստանը՝ 4, իսկ էստոնացիները՝ 1:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։