«Ռոման» նվերներ է ուղարկել պատերազմից տուժած հայ երկրպագուներին (ֆոտո)

23:14   9 հոկտեմբերի, 2020

Հռոմի «Ռոման» հումանիտար օգնություն է պատրաստել հայ երկրպագուների համար: Հոկտեմբերի 9-ին իտալական ակումբը նվերների 117 տուփ է ուղարկել Հռոմում Հայաստանի դեսպանություն, որպեսզի դրանք փոխանցվեն հայաստանյան ֆան ակումբին:

Առաջիկա մի քանի օրերին սպորտային համազգեստներով ու պարագաներով տուփերը կհասնեն Հայաստանում «Ռոմայի» ֆան ակումբի նախագահին, որը տարածաշրջանում ստեղծված պատերազմական իրավիճակի պատճառով բարեգործական նախաձեռնությամբ դիմել է իտալական ակումբին, hաղորդում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը

«Որոշ ժամանակով մի կողմ թողնելով քաղաքականությունը՝ Roma Cares-ը կլինի այնտեղ ու կշարունակի օգնել ակումբի երկրպագուներին, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում:

Այս նվիրատությամբ մենք առաջին քայլն ենք անում՝ օգնելու երեխաներին, կանանց ու տղամարդկանց, որոնք այս պահին գտնվում են շատ ծանր վիճակում»,- ասել է ակումբի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիեգան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել էր Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։