Արթուր Միրանյանը՝ Ռուսաստան տեղափոխվելու մասին

19:01   9 հոկտեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռուսական «Տամբովի» հետ փոխհամաձայնության է եկել տեղափոխության հարցում: Այդ մասին 24-ամյա ֆուտբոլիստը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Հայաստանում հայտարարված ռազմական դրության պատճառով Միրանյանը դեռ չի կարողանում Երևանից մեկնել Ռուսաստան: Սպասվում է, որ նա առաջիկայում կմեկնի Տամբով և բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչի հետ:

«Այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան զբաղվում է այն հարցով, որպեսզի ստանամ Հայաստանից մեկնելու թույլտվություն և կարողանամ միանալ «Տամբովին»»,- զրույցում հայտնեց Արթուր Միրանյանը, որը վերջին շրջանում Երևանի «Փյունիկում» էր մարզվում մարզավիճակ պահպանելու համար:

Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տամբով» էին տեղափոխվել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանն ու Վարազդատ Հարոյանը:

Այս ամռանը Արթուր Միրանյանն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել էր «Փյունիկից»: Երևանյան ակումբում նա հանդես էր գալիս նախորդ 2 մրցաշրջաններում: Հայաստանի նախորդ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 13 խաղի և դարձել 6 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինալ:

Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիություններ ունեցող Միրանյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է։ Ուկրաինական ակումբի երիտասարդական թիմում նա հանդես է եկել 2012-2014 թվականներին, իսկ 2011-2013-ը խաղացել է Ուկրաինայի պատանեկան հավաքականներում (Մ-17, Մ-18, Մ-19): 2014-2015-ը հայ հարձակվողը խաղացել է նաև մակեդոնական «Վարդարում»։ Հայաստանի հավաքականում Միրանյանը նորամուտը նշել է 2019 թվականին և անցկացրել մեկ հանդիպում:

Դավիթ Եղիազարյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։