Ռումինացի երկրպագուները դարձյալ աջակցել են Հայաստանին (ֆոտո)

14:10   8 հոկտեմբերի, 2020

Ռումինացի ֆուտբոլային երկրպագուները Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցող ակցիա են անցկացրել Արցախում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններից հետո: Նրանք Բուխարեստի կենտրոնում՝ հայկական եկեղեցու դիմաց, փակցրել հայ ժողովրդին աջակցող պաստառ:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ ակցիան անցկացնելու համար միավորվել են մի քանի ուլտրաս խմբեր՝ UST, HP, Camarazii, NOI, Grai Strabun, Dulce Romanie:

Սա առաջին դեպքը չէ, երբ ռումինացի երկրպագուներն անցկացնում են Հայաստանին և հայերին աջակցող ակցիա:

Այս ակցիայի կազմակերպիչները 2016 թվականին կայացած Հայաստան - Ռումինիա (0:5) 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման համար Երևան էին բերել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող պաստառ, որի վրա հետևյալ գրառումն էր. «1.5 միլիոն խաչեր փայլում են երկնքում, ի վերջո ինչ-որ մեկը պետք է ասի` ներեք մեզ»: «Ինչ-որ մեկ» բառը գրված էր Թուրքիայի լիալուսինով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: Մարտերը շարունակվում են: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։