Հայաստանի հավաքականն անցկացրել է հերթական մարզումն ու հյուրընկալել Արցախից ժամանած երեխաների (ֆոտո)

18:32   7 հոկտեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Վրաստանի ու Էստոնիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի խաղերին:

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած մարզման առաջին հատվածում հավաքականի ֆուտբոլիստները կատարել են տակտիկական վարժություններ, երկրորդ հատվածում փորձարկել են հարվածներ և անցկացրել երկկողմանի խաղ, հաղորդում է hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հավաքին հրավիրված 30 ֆուտբոլիստներից այս պահին հավաքականի կազմում մարզվում են 24-ը: Հովհաննես Համբարձումյանը չէր միացել հավաքականին վնասվածքի, իսկ Արշակ Կորյանը՝ հիվանդության պատճառով: Թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի որոշմամբ, ընդհանուր հայտացուցակից դուրս են մնացել Անդրանիկ Ոսկանյանը, Ալիկ Առաքելյանը, Կարեն Մուրադյանը, իսկ Սևակ Ասլանյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին: Թիմի հետ է նաև իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նաև հյուրընկալել են Արցախից Երևան տեղափոխված և «Ուրարտու» ակումբում հանգրվանած երեխաներին: Երեխաները լուսանկարվել են խաղացողների հետ և ստացել նվերներ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ տուրում կմրցի Վրաստանի թիմի հետ, իսկ 3 օր անց Տալինում կհյուրընկալվի էստոնացիներին: ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Հայաստան - Վրաստան հանդիպումը Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Լեհաստանի Տիխի քաղաքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։