«Ուրարտուն» ապաստանել է 70 արցախցի երեխաների եւ մայրերի (ֆոտո)

16:01   4 հոկտեմբերի, 2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը իր մարզաբազայում հյուրընկալել է Արցախից ժամանած 70 երեխաների և մայրերի: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից:

Արցախից ժամանած հյուրերը հիմնականում Ստեփակերտից, Շուշիից, Մատաղիսից, Հադրութից և Ասկերանի Սղնախ գյուղից են: Փոքրիկների հետ աշխատում են հատուկ մասնագետներ: Երեխաները զբաղվում են սպորտով, մասնակցում մտքի զարգացման խաղերի, նրանց այցելում են տարբեր արտիստներ:

«Մենք շնորհակալություն ենք հայտում բոլոր կամավորներին և արտիստներին, ովքեր մեծ սիրով միացան մեզ և օգնում են տարբեր հարցերում»,- ասացին ակումբի մամուլի ծառայությունից:

«Ուրարտուից» նաև հայտնեցին, որ ակումբի աշխատակիցները, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները հավաքել և 16 հազար դոլար են ուղարկել Արցախի հիմնադրամին:

«Ակումբի բոլոր անդամները մեկ մարդու պես մասնակցեցին դրամահավաքին: Բայց ամենաշատը մեզ ուրախացրեց մեր լեգեոնականների մասնակցությունը թե՛ ֆինանսական հարցերում, թե՛ երեխաներին աջակցելու»,- հայտնեցին ակումբից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: 

Դավիթ Եղիազարյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։