Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը՝ Արցախից․ Հաղթանակը մերն է լինելու

20:44   30 սեպտեմբերի, 2020

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը «Հայդուկ» կամավորական ջոկատի հետ մեկնել է Արցախ: Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց 20-ամյա ըմբիշը:

«Արդեն մի քանի օր է՝ սպասում էի, որ հայրիկիս հետ մեկնեմ առաջնագիծ: Ես միացել եմ «Հայդուկ» կամավորական ջոկատին, որի հրամանատարներն են հայրիկս՝ Կարեն Հարությունյանը եւ Կարեն Ռաշոյանը: Մեր ջոկատի կազմում է նաեւ Մասիսի հրամանատար Սայադ Հայրապետյանը:

«Հայդուկ» ջոկատը ձեւավորվել է 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ Համոյի եւ Սայադի ջանքերով: Ինձ թույլ չէին տալիս, որ ես մեկնեի նրանց հետ, բայց ես ամեն ինչ արեցի, որ ես էլ գնամ եւ մեր զինվորների կողքին լինեմ:

Հաղթանակը մերն է լինելու: Ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք: Աստված պահապան մեզ բոլորիս: Հաղթանակով հետ ենք գալու»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: 

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։