Դեյան Ստանկովիչ. Ուսումնասիրել ենք «Արարատ-Արմենիային» և գիտենք՝ ինչ սպասել նրանից

16:12   30 սեպտեմբերի, 2020

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպումից առաջ սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը պատասխանել է լրագրողների հարցերին:

Ստանկովիչը նշել է, որ իր գլխավորած թիմի համար էական նշանակություն չի ունեցել հանդիպման վայրի փոփոխությունը:

«Մենք չենք մտածել՝ որտեղ է տեղի ունենալու հանդիպումը: Մենք պատրաստվել ենք այդ հանդիպմանը՝ վստահ լինելով, որ մեկնելու ենք Հայաստան, սակայն վերջին պահին իրավիճակ է փոխվել: 

«Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները գիտեն՝ ինչ պետք է անեն, և այս հանդիպումը լավ հնարավորություն է մեզ համար Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալու համար»,- Ստանկովիչի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սերբ մասնագետը մամուլի ասուլիսը եզրափակել է՝ հայտնելով, որ իր մարզչական շտաբն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է «Արարատ-Արմենիայի» խաղը և գիտի՝ ինչ սպասել մրցակցից:

Սեպտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի պատճառով ՈւԵՖԱ-ն որոշել էր փոխել հանդիպման անցկացման վայրը: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի փոխարեն խաղը հոկտեմբերի 1-ին կանցկացվի Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», իսկ նախորդ փուլում դարձյալ լրացուցիչ ժամանակում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»՝ 1:0:

«Ցրվենա Զվեզդան» նույնպես մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից՝ 5:0 հաշվով տնային հաղթանակ տանելով Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպայի» նկատմամբ: Երկրորդ փուլում Սերբիայի չեմպիոնը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով ուժեղ էր գտնվել ալբանական «Տիրանայից», իսկ երրորդ փուլում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։