20:38 22 սեպտեմբերի, 20206 տարվա դադարից հետո օգոստոսին վերսկսվել է բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը, որին մասնակցում է 6 թիմ Երեւանից, Գյումրիից եւ Արցախից: Առաջնությունն անցկացվում է 8 շրջափուլով: Սեպետմեբրի 21-ին Երեւանում «Երեւան Բասկետ» - «Լես Ֆոքսես» դիմակայությամբ ավարտվեց երկրորդ շրջանը: Հոկտեմբերի 1-ին կմեկնարկի երրորդը: Առաջնությունը կավարտվի 2021 թվականի մարտին:
NEWS.am Sport-ի թղթակիցը ներկա եղավ երկրորդ շրջանի վերջին խաղին, որը տեղի ունեցավ «Միկա» մարզադահլիճում: «Երեւան Բասկետ» թիմը տանը լարված պայքարում 54:43 հաշվով հաղթեց առաջնության ֆավորիտին՝ երեւանյան «Լես Ֆոքսես» թիմին (13:13, 12:9, 13:9, 16:12): Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Նարինե Գյոկչյանը «Երեւան Բասկետից»՝ վաստակելով 24 միավոր:
Համավարակով պայմանավորված հանդիպմանը քիչ թվով երկրպագուներ էին ներկա: «Երեւան Բասկետ»- «Լես Ֆոսքսես» խաղին հետեւում էր նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը:

Պարոն Հարությունյան, բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն 6 տարի չանցկացվեց: Ի՞նչն էր պատճառը:
Ըստ երեւույթին, բասկետբոլի ֆեդերացիայի բացթողումն էր, որ 6 տարի մենք կանանց Հայաստանի առաջնություն չունեցանք: Հավատացնում եմ՝ կան սուբյեկտիվ շատ պատճառներ, որ չեղավ: 6 տարի դադար ասելը քիչ է, քանի որ 6 տարի առաջ անցկացրած Հայաստանի առաջնությունն էլի մեկնումներով է եղել՝ երկու շրջանով՝ տուն-դուրս տարբերակով եւ դրանով ավարտվել է: Այսինքն, որպես այդպիսին, լիարժեք առաջնություն չի անցկացվել: Հիմա մենք արդեն խաղացել ենք երկու շրջան, դեռ վեց շրջան եւ փլեյ-օֆֆ ունենք: Այս կառուցվածքով կանանց Հայաստանի առաջնություն, փաստացի, առաջին անգամ է անցկացվում:
Այդքան երկար դադարից հետո թիմերի համալրման հետ կապված խնդիրներ չառաջացա՞ն:
Խնդիրներ եղան, իհարկե: Այն աղջիկները, որոնք պոտենցիալ խաղացողներ էին, կարող էին մասնակցել առաջնությանը, 6 տարի դադար են ունեցել: Հենց այս պատճառով թիմերի հավաքագրման հարցում շեշտը դրվեց երիտասարդ խաղացողների վրա՝ մինչեւ 18 եւ 20 տարեկան: Մի թիմ ունենք, որի խաղացողները տարիքով ավելի մեծ են՝ «Երեւան Բասկետն» է:
Իսկ ինչպե՞ս որոշվեց, ամեն դեպքում, վերսկսել առաջնությունը:
Մենք գիտակցում ենք, որ կանանց բասկետբոլում Հայաստանը հաջողություններ է գրանցում, ավելի լավ է ներկայանում: Նպատակ ունենք լավ լիգա խաղալ՝ Եվրոպայի առաջնության B դիվիզոն անցնել: Հենց այս շարժառիթով փորձ արվեց կազմակերպել եւ անցկացնել ներքին առաջնություն՝ աղջիկներին հասցնելու այն մակարդակին, որ մրցունակ լինեն եւ կարողանան խաղալ B դիվիզոնում: Այնտեղ մրցակցությունը սարսափելի է լինելու, քանի որ շատ ուժեղ երկրներ են մասնակցում:
2015-2019 թվականներին հաջողություններ ենք ունեցել C դիվիզոնում. 18 տարեկանների կանանց հավաքականը՝ կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն, 16 տարեկանների հավաքականը չեմպիոն, փոխչեմպիոն, բայց Հայաստանի առաջնություն չենք արել: Զարմանալի է, բայց, փաստորեն, չունենալով Հայաստանի առաջնություն, ունեցել ենք 16 եւ 18 տարեկանների հավաքական թիմեր: Ի դեպ նշեմ, որ 2015 թվականին բացառապես տեղացի խաղացողներով էր կազմված հավաքականը, միայն 2016 թվականից սկսած հավաքականը համալրեցինք 4 հայ լեգեոներներ:

Ի՞նչն է եղել այսքան երկար դադարի իրական պատճառը:
Երկու հիմնական պատճառ է եղել՝ դահլիճային պայմաններ եւ ֆինանս: Եթե ֆինանսի հետ կապված խնդիրն ինչ-որ տեղ կարող էինք լուծել, հայթայթել, ապա դահլիճների հետ կապված ունեինք շատ լուրջ խնդիրներ: Գրեթե անիրատեսական էր անցկացնել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն մի քանի շրջափուլերով: Այս թիմերը, որոնք այսօրվա դրությամբ մասնակցում են առաջնությանը, հիմնական մասը մարզվում են հանրակրթական դպրոցների դահլիճներում: Իսկ այնտեղ մենք չէինք կարող նմանատիպ մրցում անցկացնել: Հենց այս տեսանկյունից խոչընդոտներից հիմնականը եղել է դահլիճների խնդիրը: Դե իսկ դրան գումարվել է նաեւ ֆինանսի խնդիրը եւ արդյունքում տարիներ շարունակ ներքին առաջնություն չի անցկացվել:
Իսկ այս առաջնությունում ինչպե՞ս լուծվեցին Ձեր նշած ֆինանսական եւ դահլիճային խնդիրները:
Առաջնության անցկացնումը ֆինանսավորվում է ֆեդերացիայի կողմից: Ֆավորիտ «Լես Ֆոքսես» թիմն ինքնաֆինանսավորվում է, մնացած թիմերին հովանավորում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Դահլիճից սկսած ամեն ինչը ֆինանսավորովում է: Ցավոք, մենք մեր սեփական դահլիճը այդպես էլ չունեցանք:
Քանի թիմ է մասնակցում, ո՞ր մարզերից եւ ի՞նչ խաղամակարդակ կա:
Ընդհանուր 6 թիմ է մասնակցում. 4 թիմ Երեւանից՝«Երեւան Բասկետ», «Հատիս», «Լես Ֆոքսես» եւ «Էրեբունի», մեկ թիմ Գյումրիից եւ մեկն Արցախից համանուն անուններով: Թիմերի մասնակցության եւ խաղամակարդակների մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ, չհաշված այն 6 տարվա դադարը, դեռ մարտ ամսից էլ, համավարակով պայմանավորված, այս աղջիկները գնդակին չեն դիպչել: Այսինքն՝ այսօր խոսել տեխնիկայից եւ տակտիկայից շուտ է: Կարծում եմ՝ մեկ ամիս անց կարելի է արդեն ուսումնասիրել եւ հասկանալ՝ ինչ մակարդակ ունենք, ինչ խաղացողներ կան, ինչ պոտենցիալ ունենք, ովքեր կարող են հավակնել հավաքական ընդգրկվելուն: Օրինակ՝ «Լես Ֆոքսես»- «Երեւան Բասկետ» դիմակայությունում հավասար ու լարված պայքար էր գնում առաջին երկու քառորդներում, հավասար հաշվով: Ինձ համար որպես ֆեդերացիայի փոխնախագահ, որպես հավաքականի մարզիչ, խաղը գեղեցկանում է այն ժամանակ, երբ հավասար հաշիվներ է գրանցվում: Այս երկու թիմերը առաջնության ֆավորիտներն են, առաջատարը «Լես Ֆոքսես» թիմն է առայժմ: Բայց դեռ մի քանի ամիս կա Հայաստանի առաջնության ավարտին, կտեսնենք, թե սպորտային բախտն ում կողմը կլինի:

Նշեցիք, որ ծրագրվում է մասնակցել 2021 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնին...
Եթե ամեն ինչ լավ լինի, կորոնավիրուս չլինի, նպատակն է 20 տարեկանների հավաքական թիմով մասնակցել Եվրոպայի առաջնության B դիվիզոնին: Առաջնության արդյունքներով կկազմավորվի նոր թիմ, մեզ կմինանան նաեւ մեր 4 լեգեոներները: Ամեն ինչ ունենք, որպեսզի մեր առջեւ դրված նպատակին հասնենք: Ունենալու ենք նաեւ 16 տարեկանների հավաքական թիմ: Սա շատ կարեւոր տարիք է բասկետբոլում 16 տարեկանից սկսել մասնակցել ԵԱ-ին:
Այս տարվա առաջնությունը նախաձեռնելիս եւ թիմերը հավաքագրելիս, մեզ համար շատ կարեւոր է եղել, որ մասնակցեն բացառապես տեղացի խաղացողներ: Մենք առհասարակ լեգեոներներ ունենալու շանս չենք տվել թիմերին: Թիմերում միայն կարող են խաղալ Հայաստանում ծնված եւ մեծացած աղջիկներ. սա մեզ համար շատ կարեւոր է: Սրանից ելնելով մենք հավաքականի մասին ենք մտածում:
Ակումբային առաջնություններում թիմ ներկայացնելու ծրագրեր, հնարավորություններ կան՞:
Ակումբային առաջնություններին մասնակցելը մեծ ֆինանսների հետ է կապված: Տեսնենք, թե ով կլինի Հայաստանի չեմպիոն եւ այդ թիմը կունենա՞ արդյոք հնարավորություն մասնակցել օրինակ Եվրագավաթին: Շատ լավ կլինի, որ Հայաստանը ունենա ակումբային առաջնության մասնակից թիմ:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.