Հովհաննես Համբարձումյան. Նորեկները նոր շունչ հաղորդեցին հավաքականին (ֆոտո)

09:12   16 սեպտեմբերի, 2020

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն այս ամռանը Կիպրոսի «Էնոսիսից» տեղափոխվեց երկրի 13-ակի չեմպիոն «Անորտոսիս»: Կիպրոսի առաջնության մեկնարկային տուրերում 29-ամյա ֆուտբոլիստը խաղաժամանակ չի ստացել, բայց դա նրան չխանգարեց Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի (1:2) և Էստոնիայի (2:0) հավաքականների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննես Համբարձումյանն ամփոփեց նախորդ 2 խաղերը և պատմեց ակումբային գործերի մասին:

Տևական ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականն անցկացրեց հերթական խաղերը՝ հանդես գալով նոր մարզիչի գլխավորությամբ: Ըստ քեզ՝ նախորդ 2 խաղերում թիմը քանի տոկոսով ցուցադրեց իր ներուժը:

Կարծում եմ՝ այդպիսի տևական ընդմիջումից հետո թիմը շատ լավ տեսք ուներ ու լավ խաղ ցուցադրեց, սակայն, ամեն դեպքում, ավելացնելու տեղ դեռ շատ ունենք:

Խոակին Կապառոսն ինչ-որ նոր բան բերե՞ց Հայաստանի հավաքական: Մարզումային գործընթացն ու նախապատրաստական փուլը շա՞տ էր տարբերվում:

Նոր մարզիչի գալով միշտ նոր մտքեր ու մտահղացումներ են լինում հավաքականում, իսկ մենք փորձում ենք խաղադաշտում իրագործել բոլոր առաջադրանքները:

Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի դեմ խաղերում Հայաստանի հավաքականը հանդես եկավ առանց մի քանի առանցքային խաղացողների, որոնց թվում էր նաև Հենրիխ Մխիթարյանը: Որքանո՞վ հաջողվեց լրացնել այդ բացը:

Մեր հավաքականն ավելի վստահ ու հզոր է դառնում Մխիթարյանի հետ, նա մեր թիմի ավագն ու առաջատարն է: Հավատում ենք, որ Հենրիխի ու մյուս բացակա խաղացողների գալով մենք ավելի կուժեղանանք և կցուցադրենք ավելի դիտարժան ու վստահ խաղ:

Այս հավաքին մասնակցում էին մի շարք նորեկներ: Կարելի՞ է ասել, որ նրանք զգալիորեն ուժեղացրել են Հայաստանի հավաքականը: Նորեկներից ո՞վ թողեց ամենալավ տպավորությունը:

Նոր խաղացողները նոր շունչ ու եռանդ հաղորդեցին թիմին: Չեմ առանձնացնի որևէ մեկին: Բոլորն էլ լավ տպավորություն թողեցին: Բոլոր նորեկներն էլ ամբողջությամբ նվիրվեցին գործին և ամեն ինչ արեցին թիմային հաջողության համար:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը Վրաստանն է, որին շատերը համարում են խմբի ֆավորիտը: Առաջիկա խաղերում առաջին հերթին որտե՞ղ պետք է ավելացնել, որպեսզի թիմը ցուցադրի ավելի տպավորիչ խաղ:

Ըստ իս՝ մեր խմբում ֆավորիտ չկա: Բոլոր թիմերն էլ լավն են: Յուրաքանչյուր խաղում պետք է պայքարենք ու նվիրվենք հաղթանակի հասնելու համար: Եթե դա հաջողվի, կարող ենք հաղթել այս խմբում:

Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 խաղերում դաշտ էիր դուրս եկել Հայաստանի հավաքականի ավագի թևկապով: Ի՞նչ է զգում ֆուտբոլիստը, երբ առաջին անգամ ազգային թիմին դաշտ է դուրս բերում որպես թիմի ավագ:

Ազգային հավաքականի ավագի թևկապով հանդես գալը մեծ պատիվ ու պատասխանատվություն է: Ես շատ ուրախ ու հպարտ եմ, որ ունեցա այդպիսի պատիվ: Դժվար է բառերով նկարագրել այդպիսի զգացողությունները:

Իտալիայի հավաքականից կրած պարտությունը մոռանալ ստացվե՞լ է:

Փորձում եմ մոռանալ այդ մղձավանջային խաղը, սակայն հիշելու դեպքում շատ վատ ու ցավալի հիշողություններ են բոլորիս համար: Ամեն դեպքում, պետք է մոռանալ բոլոր պարտությունները, վերլուծել սխալներն ու շարժվել առաջ:

Կիպրոսի առաջնության մեկնարկային 3 տուրերում փոխարինողների թվում էիր, բայց խաղադաշտ դուրս չեկար: Ըստ քեզ՝ ինչո՞վ է պայմանավորված դա:

«Անորտոսիսում» շատ են բարձրակարգ խաղացողները և թեժ մրցակցություն է ընթանում ցանկացած խաղային դիրքի համար, իսկ ես դեռ շարունակում եմ հարմարվել նոր թիմին: Ջանասիրաբար մարզվում եմ և սպասում իմ հնարավորությանը: Կարող եմ ասել, որ ամեն ինչ անում եմ լավ մարզավիճակում մնալու համար:

«Էնոսիսից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում էիր և առաջարկներ ունեիր նաև արտասահմանից: Ինչո՞ւ որոշեցիր մնալ Կիպրոսում:

Ազատ գործակալի կարգավիճում մնալը երկար չտևեց: Ունեի կարիերաս շարունակելու մի քանի տարբերակներ, բայց ստացա առաջարկ «Անորտոսիսից», որը բարձրակարգ ակումբ է և միշտ պայքարում է բարձր տեղերի համար: Սա մեծ ամբիցիաներով ակումբ է, որի առաջարկը դժվար էր մերժել:

Դավիթ Եղիազարյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.