Գևորգ Ղազարյան. Սա ահազանգ է, որպեսզի ուշադրություն դարձվի մեր ֆուտբոլին

10:42   3 սեպտեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 5) և Էստոնիայի (սեպտեմբերի 8) հավաքականների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին պատրաստվում է առանց մի քանի առանցքային խաղացողների, որոնց թվում է Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 32-ամյա ֆուտբոլիստը պատմել է հավաքականին չմիանալու պատճառների, Խոակին Կապարոսի հետ զրույցի ու ակումբային գործերի մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել այլազգի ֆուտբոլիստների՝ Հայաստանի հավաքական հրավիրելու վերաբերյալ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը նշել էր, որ ունես մկանային վնասվածք, այդ պատճառով չես հրավիրվել այս հավաքին: Ե՞րբ ես ստացել այդ վնասվածքը և որքա՞ն կտևի վերականգնողական փուլը:

Նախ նշեմ, որ խաղերից մոտ 2 շաբաթ առաջ ես ստացել էի հավաքականին միանալու նախնական հրավերը: Սակայն Կիպրոսի առաջնության մեկնարկային տուրի հանդիպումից 3 օր առաջ ստացա աճուկի վնասվածք, ինչի պատճառով բաց թողեցի 5-6 մարզում ու առաջիկա հանդիպումը: Հայտացուցակը կազմելիս մարզիչն ինձ հարցրել է, թե ինչ վիճակում եմ, և ես նշել եմ, որ դեռ չեմ մարզվում և կփորձեմ սկսել մարզումները մոտակա օրերին ու այդ ժամանակ կզգամ, թե ինչ վիճակում է ոտքս: Մի քանի օր անց մարզիչը դարձյալ զանգեց ինձ և ես ասացի, որ հենց այդ օրն եմ մարզվելու և մարզումից հետո կասեմ, թե ինչ վիճակում եմ: Սակայն մարզիչն ինձ ասաց, որ այս պահին ռիսկային է ինձ հավաքական հրավիրելը: Նա նշեց, որ հետևել է իմ խաղերին և ցանկանում է իմանամ, որ շատ կարևոր խաղացող եմ իր համար: Մարզիչը հայտնեց, որ կնախընտրի հավաքական հրավիրել ավելի պատրաստ խաղացողների: Ես, բնականաբար, ընդունեցի մարզիչի որոշումը: Մի քանի օր անց նա դարձյալ զանգեց ինձ և ես ասացի, որ արդեն լավ եմ զգում և պատրաստվում եմ առաջիկա խաղին, բայց այդ պահին հավաքականի հայտացուցակն արդեն պատրաստ էր: ԱԵԼ-ի նախորդ խաղին ընդգրկվել էի հայտացուցակում և պատրաստ էի խաղալ մոտ 20 րոպե, բայց խաղադաշտ դուրս չեկա: Հարց է, թե հավաքականին միանալով ինչ վիճակում կլինեի խաղերից առաջ, բայց, ամեն դեպքում, մարզիչը որոշեց, որ դա ռիսկային է:

Առաջիկա խաղերում Հայաստանի հավաքականը հանդես կգա առանց մի քանի առանցքային խաղացողների: Ինչի՞ հաշվին պետք է լրացնել այդ բացը:

Հիմա մեր հավաքականում կան նոր ու շատ որակյալ ֆուտբոլիստներ: Մարզիչը կգնահատի, թե ինչպիսի մարզավիճակում են խաղացողները և ըստ դրա կընտրի լավագույններին: Կարծում եմ, որ ունենք լավ ու մարտունակ կազմ: Հուսով եմ, որ անպայման հաջողություն ենք ունենալու:

Այս օրերին զրուցե՞լ ես հավաքականի հնաբնակների հետ: Ի՞նչ տպավորություններ կան թիմի նոր գլխավոր մարզիչից ու նորեկներից:

Հավաքի առաջին օրը զրուցել եմ Հովհաննես Համբարձումյանի հետ: Նրանք այդ օրը պետք է ծանոթանային մարզիչի հետ: Դրանից հետո չենք զրուցել: Առաջիկա օրերին անպայման կզրուցեմ նրանց հետ, քանի որ ինձ էլ է հետաքրքիր, թե ինչպես է անցնում այդ գործընթացը:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը մեկնարկելու է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով: Դու մի քանի անգամ խաղացել ես մակեդոնացիների դեմ և դարձել ես նաև 2 գոլի հեղինակ: Ուժերի հարաբերակցությունը որքա՞ն ես գնահատում այդ խաղում:

Հավաքականները տարբեր ժամանակահատվածներում կարող են շատ տարբեր լինել, քանի որ ամեն անգամ թիմում կարող են լինել այլ ֆուտբոլիստներ՝ բոլորովին այլ մարզավիճակով: Նայելով Հյուսիսային Մակեդոնիայի կազմին, միանշանակ, դա գրանդ հավաքական չէ, որի դեմ խաղում հաղթանակի հասնելը միանգամայն իրատեսական է:

Խմբի ֆավորիտը ո՞ր թիմն է:

Ինձ համար խմբի ֆավորիտը մենք ենք: Իհարկե, դա շատ պատասխանատու հայտարարություն է, քանի որ Էստոնիայի հավաքականն էլ վերջին տարիներին շատ լավ խաղեր է անցկացրել, մակեդոնացիները՝ ևս: Մեր բոլոր մրցակիցների հնարավորությունները հավասար կգնահատեմ: Առջևում շատ խաղեր կան, սակայն պետք է հասկանանք, որ մեկնարը չափազանց կարևոր է:

Ըստ քեզ՝ այսօր հայկական ֆուտբոլն այն վիճակո՞ւմ է, որ պետք է հավաքականն ուժեղացնել այլազգի ֆուտբոլիստներով:

Դա լավ օրից չէ, որ լեգեոնականներ են հրավիրվում Հայաստանի հավաքական: Իհարկե, այդ խաղացողները եկել են մեզ օգնելու և մենք էլ պետք է փորձենք նրանց օգնել, լինենք նրանց կողքին և հավաքականում ընդունենք մյուսների պես: Սակայն դա փաստում է հայկական ֆուտբոլի, մեղմ ասած, վատ վիճակը: Պետք է անել հետևություններ, ինչն այս պահին արվում է՝ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման աշխատանքներ, մարզիչների կրթության բարելավում: Ամեն դեպքում, դա ահազանգ է, որպեսզի ուշադրություն դարձվի մեր ֆուտբոլին:

ԱԵԼ տեղափոխվելուց առաջ խաղացել ես տարբեր երկրներում: Կիպրոսի առաջնությունն ինչո՞վ է տարբերվում քո խաղացած նախորդ լիգաներից:

Կիպրոսի առաջնությունը մի քիչ տարբերվում է: Եթե համեմատենք Պորտուգալիայի առաջնության հետ, այնտեղ կար որակ, արագություն ու բարձր ռիթմ: Կարող եմ ասել, որ Կիպրոսում ևս կա որակ, սակայն խաղի ռիթմը համեմատաբար ավելի ցածր է, քանի որ այստեղ հիմնականում գալիս են փորձառու, բայց որակյալ խաղացողներ: Ամեն դեպքում, խաղամակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանի ու մի շարք այլ երկրների առաջնություններում:

Ակումբում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո մինչև 2023 թվականը երկարաձգեցիր պայմանագիրը: Արդյո՞ք դա նշանակում է, որ որոշել ես կարիերայիդ վերջին տարիներն անցկացնել Կիպրոսում:

Դեռ չեմ ծրագրել, թե կոնկրետ քանի տարեկանում եմ ավարտելու կարիերաս: Ակումբի կողմից եղավ լավ առաջարկ, և ես երկարաձգեցի պայմանագիրը: Նախորդ մրցաշրջանում վնասվածքներն ինձ խանգարեցին ցուցադրել ամբողջ ներուժս, բայց ակումբի կողմից կար վստահություն ու եղավ առաջարկ: Չեմ կարծում, որ կարիերայիս վերջին 2-3 տարին է: Հույս ունեմ, որ առողջությունս թույլ կտա ավելի երկար խաղալ:

Կորոնավիրուսային համավարակի ֆոնին հիմա ի՞նչ վիճակ է Կիպրոսում:

Ի տարբերություն շատ երկրների, կորոնավիրուսի համավարակը համեմատաբար ավելի շուտ նահանջեց Կիպրոսում: Այստեղ շատ արագ ահազանգեցին և եղան խիստ սահմանափակումներ: Անմիջապես դադարեցվեցին բոլոր չվերթները, արգելվեց մուտքն ու ելքը երկիր, և այդ խստության շնորհիվ մարդիկ ավելի շուտ վերադարձան բնականոն կյանքին: Հիմա նույնիսկ որոշ երկրներից զբոսաշրջիկներ են ժամանում այստեղ: Ֆուտբոլային խաղերի ժամանակ արդեն սահմանափակ թվով երկրպագուներ են կարողանում այցելել ստադիոն:

Վերջին շրջանում ֆուտբոլային խաղերն անցկացվում են առանց հանդիսականների: Դատարկ տրիբունաների ներքո ֆուտբոլ խաղալն ավելի հեշտ է, թե՞ դժվար:

Շատ ավելի բարդ է ֆուտբոլիստի համար: Երկրպագուները գեղեցկացնում են ֆուտբոլը, նրանք մոտիվացնում են խաղացողներին: Այսպես ասած, երկրպագուները ֆուտբոլի համն ու հոտն են: Առանց նրանց ֆուտբոլը շատ անհետաքրքիր է:

Օրեր առաջ «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պարտվեց Կիպրոսի «Օմոնիային»: Ըստ քեզ՝ Հայաստանի չեմպիոնին ի՞նչը չբավականացրեց հաջողության հասնելու համար:

Կարծում եմ՝ «Արարատ-Արմենիան» դեռ բավականաչափ լավ մարզավիճակում չէ, ինչպես նախորդ տարի էր: Թիմում եղել են որոշ փոփոխություներ, որոնք արդյունքների տեսքով գոհացուցիչ չեն: Նրանք նույնիսկ գոլային պահեր չկարողացան ստեղծել «Օմոնիայի» դարպասի մոտ: Այստեղ ևս շատ հիասթափված էին «Օմոնիայի» խաղից և քննադատում էին թիմին: Նրանք իրենց խաղամակարդակից շատ ավելի ցածր հանդես եկան այդ խաղում: Նախորդ մրցաշրջանում «Օմոնիան» շատ ավելի լավ տեսք ուներ:

Դավիթ Եղիազարյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։