Ծանրամարտի օնլայն մրցաշար. Սամվել Գասպարյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

18:03   30 օգոստոսի, 2020

Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարում 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ երկամարտում գրանցելով 381 կգ արդյունք (170+211):

Պոկում վարժության առաջին մոտեցմամբ գյումրեցի ծանրորդը հաջողությամբ բարձրացրեց 165 կգ, ապա 170 կգ-երը: Երրորդ մոտեցմամբ ձախողեց 175 կգ պատվերը: Եվրոպայի փոխչեմպիոնը փայլուն կատարեց հրում վարժության բոլոր երեք մոտեցումները: Նախ հաջողությամբ հրեց 201 կգ, 205 կգ ապա 211 կգ-երը: Այս վարժությունում Գասպարյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

102 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Թիան Ֆուկսուան (391 կգ), արծաթե մեդալը՝ կանադացի Բոադի Սանտավին (390 կգ):

Ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարը կազմակերպվել է Ուզբեկստանի նախաձեռնությամբ: Մրցաշարն անցկացվում է zoom հարթակում: Հայաստանը մրցաշարին մասնակցում է Աբովյանի մարզաբազայից: Օգոստոսի 30-ին պայքարի դուրս կգա նաեւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։