Ծանրամարտի առաջին օնլայն մրցաշար. Անդրանիկ Կարապետյանը բավարարվեց փոքր բրոնզե մեդալով (ֆոտո)

21:50   29 օգոստոսի, 2020

Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճեց մեկ փոքր բրոնզե մեդալ պոկում վարժությունից:  Կարապետյանը զբաղեցրեց 4-րդ տեղը՝ երկամարտում գրանցելով 355 կգ (165+190):

Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Կարապետյանը բարձրացրեց 160 կգ, ապա գլխավերեւում պահեց 165 կգ-ը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 170 կգ, բայց Եվրոպայի չեմպիոնը ձախողեց: Պոկում վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Անդրանիկ Կարապետյանը հաջողությամբ հրեց 190 կգ-ը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 200 կգ, բայց Կարապետյանը չկարողացավ ֆիքսել ծանրաձողը եւ ձախողեց: Կարապետյանը չկարողացավ հրել նաեւ երրորդ մոտեցումը եւ այս վարժությունում պայքարն ավարտեց 190 կգ-ով: 

89 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալ նվաճեց Վենեսուելայի ներկայացուցիչ Վելլենիլա Կեյդոմարը (170+207կգ):

Ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարը կազմակերպվել է Ուզբեկստանի նախաձեռնությամբ: Մրցաշարն անցկացվում է zoom հարթակում: Հայաստանը մրցաշարին մասնակցում է Աբովյանի մարզաբազայից:

Օգոստոսի 30-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի եւս երկու ներկայացուցիչ՝ Սամվել Գասպարյանը (102 կգ) եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։