Էդգար Մանուչարյանը՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու պատճառների եւ մարզչական աշխատանք սկսելու մասին

09:10   29 օգոստոսի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի, Ամստերդամի «Այաքսի» ու Եկատերինբուրգի «Ուրալի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանն այս ամռանը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի: 33-ամյա Մանուչարյանը միացել է Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող Երևանի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայկական ֆուտբոլի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը խոսել է անսպասելի առաջարկ ստանալու և կարիերան ավարտելու պատճառների մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել արտասահմանցի ֆուտբոլիստների՝ Հայաստանի հավաքական հրավիրվելու վերաբերյալ:

Էդգար, սկսել ես համագործակցել ԲԿՄԱ-ի հետ: Ի՞նչ համագործակցություն է դա և ինչո՞ւ ընտրեցիր հենց ԲԿՄԱ-ն:

Ռաֆայել Նազարյանից ստացա ԲԿՄԱ-ի մարզչական շտաբին միանալու առաջարկ: Ճիշտն ասած, այս պահին այլ տարբերակ չէի նախատեսում: Ճանաչելով Ռաֆայել Նազարյանին որպես ֆուտբոլիստ ու մարզիչ, միշտ ասել եմ, որ նա Հայաստանի լավագույն մարզիչներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Ինձ համար մեծ պատիվ էր ընդունել Ռաֆայել Նազարյանից ստացած համագործակցության առաջարկը: Դա շատ անսպասելի էր, բայց, միևնույն ժամանակ, հաճելի: Հիմա ավելի շատ սովորում եմ, մասնակցում եմ մարզումային գործընթացին, իսկ հետագայում շատ բան կունենամ սովորելու ինչպես Ռաֆայել Նազարյանից, այնպես էլ մարզչական շտաբից:

Կարիերան ավարտելուց հետո անմիջապես անցար մարզչական աշխատանքի: Ե՞րբ ես ծրագրում սկսել մարզչական որակավորման դասընթացները:

2 ամսից մեկնարկելու են C լիցենզիայի դասընթացները, որոնց կմասնակցեմ: Իհարկե, կարող էի միանգամից մասնակցել B լիցենզիայի դասընթացներին, բայց դա մեկնարկելու է հաջորդ տարվա մարտին: Այդ պատճառով կսկսեմ C լիցենզիայի դասընթացներից, իսկ մարտ-ապրիլին կմասնակցեմ B-ին:

ԲԿՄԱ-ում հանդես են գալիս Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի խաղացողները, որոնք մոտ ապագայում կարող են համալրել ազգային ու երիտասարդական հավաքականները: Ի՞նչ նախադրյալներ ունի այդ ռեզերվ ասվածը:

Մենք աշխատում ենք շատ տաղանդավոր պատանի խաղացողների հետ: Ավելի քան վստահ եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում նրանք մի քանի տարի հետո կարող են մեծ ֆուտբոլ խաղալ:

ԲԿՄԱ-ն գլխավորում է Ռաֆայել Նազարյանը, որը, շատերի կարծիքով, ճիշտ աշխատանք է տանում հատկապես երիտասարդ խաղացողների հետ: Նրա մարզչական փիլիսոփայությունը հոգեհարազա՞տ է քեզ:

Ինձ հոգեհարազատ է այդպիսի մոտեցումը ոչ միայն պատանի ֆուտբոլիստների հետ աշխատանքում, այլև բոլորի: Վստահ եմ, որ Ռաֆայել Նազարյանը կարող է հաջող աշխատանք կատարել ինչպես երիտասարդ խաղացողների հետ, այնպես էլ մեծահասակների, և որևէ տարբերություն չեմ տեսնում այդտեղ: Ես հասկանում եմ, թե ինչու է Ռաֆայել Նազարյանը շեշտը դրել պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանքի վրա, քանի որ կարող է կոպիտ հնչել, բայց մենք հիմա Հայաստանում ունենք պատանի ֆուտբոլիստների դեֆեկտ: Մեզ այսօր պետք է պատանի ֆուտբոլիստներ աճեցնել ապագայի համար, որպեսզի հետագայում մեր հավաքականն ունենա ուժեղ խաղացողներ: Ավելի քան վստահ եմ, որ դա ճիշտ ճանապարհ է: Եթե նայում ենք Հայաստանի առաջնության ակումբներին ու հավաքականին, տեսնում ենք, որ այսօր երիտասարդ խաղացողներ գրեթե չկան: Մի քանի տարի հետո այս հավաքականի ֆուտբոլիստներն ավարտելու են կարիերան, և ո՞վ պետք է խաղա նրանց փոխարեն: Պետք է ունենանք լավ ռեսուրսներ, որպեսզի մատակարարենք Հայաստանի հավաքականին: Ճիշտ է, դա բարդ է, քանի որ լեգեոնականների թիվը շատ մեծ է այս պահին: Սակայն մենք երեկ էլ համոզվեցինք, որ նրանք պարզապես լեգեոնականներ են, և ոչ մի տարբերություն: Իհարկե, լեգեոնականները նույնպես պետք են Հայաստանի առաջնությանը, սակայն միայն բարձրակարգ խաղացողներ, յուրաքանչյուր թիմում՝ 3-4 լեգեոնական, որպեսզի մեր երիտասարդ ֆուտբոլիստները սովորելու բան ունենան նրանցից: Ես միայն կողմ եմ դրան, և այլ տարբերակ չեմ տեսնում, այլապես հայկական ֆուտբոլն անկում կգրանցի:

Դու 5 տարի անցկացրել ես Հոլանդիայում, որն աշխարհում լավագույններից մեկն է երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանքում: Ըստ քեզ, մեր երկրում ի՞նչ պետք է ավելացնել այդ առումով, որտե՞ղ ենք թերանում:

Այդ հարցով մենք շատ մեծ աշխատանք ունենք կատարելու: Առաջին հերթին, պետք է ոչ ֆուտբոլային մարդկանց հեռացնել ֆուտբոլից: Ճիշտ ճանապարհի միակ ելքը դա է: Պետք է ունենանք փորձառու ու կրթված մարզիչներ, որոնք իրենց փորձով ու գիտելիքներով պատանի ֆուտբոլիստներին կօգնեն առաջադիմելու հարցում: Դա մեծ խնդիր է, քանի որ մեզ մոտ քիչ են փորձառու ու կրթված մարզիչները: Պետք է շտկել դա և սկսել պատանեկան ֆուտբոլից: Այո, պետք է մի փոքր հետ գնալ, գուցե՝ 5-10 տարի, բայց ապագայի համար դա միակ ու ճիշտ ճանապարհն է:

Վերջերս նշել էրի, որ երազանքդ է ապագայում գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Կարիերան ավարտելու որոշումը կապվա՞ծ էր նրա հետ, որ ցանկանում էիր հնարավորինս շուտ անցնել մարզչական աշխատանքի, թե զգում էիր, որ արդեն ժամանակը եկել է:

Ոչ, դա չէր պատճառը: Այո, իմ ամենամեծ նպատակը Հայաստանի հավաքականը գլխավորելն է, բայց նորից եմ ասում, որ ես քայլ առ քայլ եմ գնում դրան: Հիմա ես կարող եմ շատ մեծ փորձ ձեռք բերել Ռաֆայել Նազարյանից, և դա հետագայում շատ կօգնի ինձ մարզչական աշխատանքում: Այժմ ես մտածում եմ սովորելու և գիտելիքներիս պաշարը հարստացնելու մասին: Միանգամից ցատկ կատարելու ցանկություն չունեմ:

Կարիերայիս ավարտելու պատճառն այլ էր: Մի քիչ զզվել էի հայկական ակումբների՝ հայ ֆուտբոլիստների նկատմամբ վերաբերմունքից: Այսօր լեգեոնականներին ավելի մեծ տեղ են տալիս, քան տեղացի խաղացողներին, որոնց հնարավորություն չէին տալիս իրենց որակներով ապացուցել, որ լեգեոնականներից ուժեղ են: Խոսքը ոչ միայն իմ մասին է, այլև բազմաթիվ այլ խաղացողների: Այդ ամենը գիտակցելով՝ չցանկացա կես կամ մեկ տարի մնալ պահեստայինների նստարանին, քանի որ դա իմը չէր: Այդ պատճառով որոշեցի, որ ավելի լավ է շուտ ավարտեմ կարիերաս և անցնեմ մարզչական աշխատանքի, քան շատերի նման պարզապես ժամանակ անցկացնեմ և աշխատավարձ ստանամ:

Կարիերայիդ ընթացքում աշխատել ես շատ մարզիչների հետ: Ո՞ր մարզիչներն են ամենաշատը տպավորել քեզ, ո՞ւմ հետ աշխատանքը քեզ համար ամենաօգտակարը կլինի մարզչական գործունեությունում:

Չեմ ցանկանա առանձնացնել որևէ մեկին: Բոլորից էլ շատ բան եմ սովորել թե՛ դրական, թե՛ բացասական: Բացասական փորձը նույնպես օգտակար է, քանի որ ես սովորեցի, թե՛ ինչպես պետք չէ շփվել ֆուտբոլիստների հետ և ինչ պետք չէ անել նրանց հանդեպ: Դա նույնպես մեծ փորձ է: Իրոք, ունեցել եմ լավ մարզիչներ, պարզապես չէի ցանկանալ առանձնացնել որևէ մեկին: Բոլորից էլ շատ բան եմ սովորել:

Դու միշտ ակտիվորեն քննադատում ես մեծաքանակ լեգեոնականների ներգրավվածությունը հայկական ֆուտբոլում: Հիմա նրանք սկսել են արդեն համալրել նաև Հայաստանի ազգային հավաքականը: Ինչպե՞ս ես վերաբերվում դրան:

Չեմ ցանկանում նեղացնել որևէ մեկին կամ մարդիկ այլ կերպ հասկանան իմ խոսքերը: Պարզապես ես երբեք չեմ ընդունել, որ այլազգի ֆուտբոլիստները խաղան Հայաստանի հավաքականում: Ինձ համար բացառություն է միայն Մարկոս Պիզելին, քանի որ նա ինձ համար ոչ թե բրազիլացի է, այլ շատ հայերից էլ ավելի լավ հայ: Ավելի լավ է խաղան երիտասարդ հայ ֆուտբոլիստներ, պարտվենք, բայց դրանով նրանք փորձ հավաքեն և հետագայում օգտակար լինեն հավաքականին, քան այլազգի խաղացողներ խաղան մեր ազգային թիմում: Կարծում եմ՝ մենք միշտ պետք է գնահատենք մերը: Գուցե շատերը կասեն, որ մենք չունենք լավ ֆուտբոլիստներ, այդ պատճառով պետք է թիմն ուժեղացնել այլ ճանապարհով, բայց ես հակառակ կարծիքի եմ: Մենք ունենք բազմաթիվ որակյալ ֆուտբոլիստներ, սակայն նրանց չեն հավատում ու հնարավորություն չեն տալիս: Ամեն ինչ միանգամից չի լինում: Պարտությունից հետո միշտ գալիս է հաղթանակը: Պետք է ունենանք մեր ռեսուրսը և աճելու ու խաղալու հնարավորություն տանք երիտասարդ խաղացողներին: Դա է զարգացման ճիշտ ուղին: Իսկ արտասահմանցի խաղացողներ հրավիրելն ամենահեշտ լուծումն է, որը ես չեմ ընդունում: Ամեն դեպքում, ես իրավունք չունեմ քննադատել որևէ մեկին, քանի որ այդ հարցով Հայաստանի հավաքականի մարզիչն է կրում պատասխանատվություն: Միայն պետք է սպասել և տեսնել՝ այդ քայլը ճիշտ էր, թե՝ ոչ: Դա ցույց կտա ժամանակը:

Դավիթ Եղրազարյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։