Թրամփ. NBA-ն նմանվել է քաղաքական կազմակերպության

12:42   28 օգոստոսի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Բասկետբոլի ազգային ասոցիացիային (NBA)՝ անվանելով այն քաղաքական կազմակերպություն:

«NBA-ն նմանվել է քաղաքական կազմակերպության: Բասկետբոլիստները նշում են, որ պայքարում են հանուն մարդու իրավունքների, սակայն նրանք երբեք չեն խոսում Չինաստանում մարդկանց իրավունքների ոտնահարման մասին, իսկ Չինաստանում NBA-ն մեծ թվով երկրպագուներ ունի:

Կարծում եմ`այն, ինչ անում է NBA-ն, լավ չէ ոչ սպորտի, ոչ էլ մեր երկրի համար»,- Դոնալդ Թրամփի խոսքը փոխանցում է Sky News-ը:

Հիշեցնենք, որ «Միլուոկիի» բասկետբոլիստները բոյկոտել էին «Օռլանդոյի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի շարքի չորրորդ հանդիպումը:

Բասկետբոլիստները դուրս չէին եկել խաղահրապարակ՝ մնալով հանդերձարանում: Այդ կերպ «Միլուոկին» աջակցությունն էին հայտնել ԱՄՆ-ում նոր թափ հավաքած հակառասիստական շարժմանը, որը սկսվել էր ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջոյկոբ Բլեյքի վրա կրակոցներ արձակելուց հետո: 29-ամյա Բլեյքը ծանր վիճակում հիվանդանոցում է:

«Միլուոկիի» բասկետբոլիստների այդ քայլից հետո NBA-ը հետաձգել էր օրվա մյուս՝ «Օկլահոմա» - «Հյուսթոն» և «Լեյքերս» - «Պորտլենդ» խաղերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։