Կապառոսը բացատրել է, թե ինչու Մխիթարյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական

12:30   27 օգոստոսի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ազգային թիմի հայտացուցակը հրապարակելուց հետո բացատրել է, թե ինչու է ցուցակից բացակայում իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականը պատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներին:

«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով:

Խոսել եմ նաև Գևորգ Ղազարյանի հետ: Նա նշեց, որ մկանային վնասվածք ունի, թիմի մարզումային գործընթացին չի մասնակցել: Սարգիս Ադամյանը նույնպես նոր է ապաքինվել վնասվածքից և վերականգնման փուլում է: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել և երկու ֆուտբոլիստներին էլ չհրավիրել մոտակա հավաքին: 

Նորեկներին հրավիրել ենք՝ ելնելով նրանց ցուցադրած խաղից: Բազմաթիվ հանդիպումներ ենք դիտել ինչպես մարզադաշտերում այնպես էլ տեսանյութերով: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն այս պահին իրենց դիրքերում լավագույններն են և շատ մրցունակ են: Խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ և ծանոթ եմ բոլորի կարողություններին:

Մենք անընդհատ կապի մեջ ենք նաև Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ և այս պահին ունենք 60 ֆուտբոլիստից բաղկացած թեկնածուների ցուցակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ թիմերի մեկնարկային կազմում 2 հայ ֆուտբոլիստ ընդգրկելու որոշումը նույպես շատ կարճ ժամկետում կտա իր պտուղները: Կարծում եմ, որ, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, հրապարակված ցուցակն ամենօպտիմալն է, որ կարող էր լինել»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։