12:11 25 օգոստոսի, 2020«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և 28-ամյա կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այդ հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:
«Շատ երջանիկ եմ և չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ: Արդեն 5 տարի է՝ խաղում եմ Հայաստանում և միշտ սպասել եմ այս պահին: Հիմա իմ երազանքն իրականություն է դարձել: Ես անչափ ուրախ և շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար:
Եթե ընդգրկվեմ Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակում, կանեմ հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել: Ես դա կանեմ իմ ընտանիքի և իմ Հայաստանի համար, երկրի, որն ինձ համար դարձել է երկրորդ տուն:
Մենք բոլորս տեղյակ ենք Խոակին Կապառոսի՝ Իսպանիայում ունեցած հաջողությունների և մարզչական հիանալի որակների մասին: Մենք շատ բան ունենք սովորելու նրանից: Վստահ եմ, որ մեր համագործակցությունն արդյունավետ կստացվի»,- Անգուլոյի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ ակումբներում․
«Բոյակա Պատրիոտաս» (Կոլումբիա) – 2008
«Բոգոտա ՖԱ» (Կոլումբիա) – 2009-2011
«Աթլետիկո Հուիլյա» (Կոլումբիա) – 2011
«Ալիանցա Պետրոլերա» (Կոլումբիա) – 2012-2013
«Մուրսիելագոս» (Մեքսիկա) – 2014-2015
«Գանձասար-Կապան» – 2015-ից մինչև օրս
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.