Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիան» լքեց պայքարը (տեսանյութ)

21:32   19 օգոստոսի, 2020

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակուն նվազագույն հաշվով պարտվեց Կիպրոսի «Օմոնիային» և դուրս մնաց պայքարից: Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:

Մեկնարկային 20 րոպեներն անցան հավասար պայքարում՝ առանց գոլային պահերի: Թիմերը բավական զգույշ էին գործում՝ մեծ ուշադրություն դարձնելով պաշտպանությանը:

Հայկական ակումբը մրցակցի դարպասին առաջին անգամ իրապես սպառնաց 28-րդ րոպեին: Նախ նպաստավոր դիրքից չկարողացավ հաջող հարված կատարել նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան, իսկ քիչ անց ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուֆրանի հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպանին և դուրս եկավ դաշտից: «Օմոնիան» չէր շտապում բարձր տեմպ հաղորդել խաղին, իսկ «Արարատ-Արմենիան» սպասում էր իր շանսին: Առաջին խաղակեսում բավական կոշտ պայքար էր ընթանում խաղադաշտում:

42-րդ րոպեին գնդակը մոտ էր դաշտի տերերի դարպասում հայտնվելուն: «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ստեպան Չուպիչի անվստահ գործողությունը կարող էր բերել դարպասի գրավման, բայց գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: Մեկ րոպե անց հայկական ակումբի եզրային գրոհը փորձեց եզրափակել նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, որի հարվածը ևս շեղ ստացեց հարմար դիրքից: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերն ավելի ակտիվ էին, իսկ 53-րդ րոպեին ունեցան այս խաղի առաջին իրական գոլային պահը, բայց «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ստեպան Չուպիչը դաշտի տերերին փրկեց գոլից: Տանտերերը պատասխանեցին 63-րդ րոպեին, երբ հարված կատարեց հոլանդացի կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգը, սակայն այն շեղ ստացվեց: Ընդմիջումից հետո ևս թիմերը չէին ցանկանում մեծ ուժեր կենտրոնացնել գրոհելիս: Շատ պայքար, քիչ դիտարժանություն: Վերջնամասում ևս ուշագրավ դրվագներ չգրանցվեցին, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակի սկզբնամասում «Օմոնիան» բացեց հաշիվը: Դաշտի տերերի պաշտպանության կենտրոնում ստեղված բացն օգտագործեց բրազիլացի հարձակվող Տիագոն, որը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և գրավեց դարպասը՝ 1:0: Գոլից հետո հյուրերն ավելի լավ տեսք ունեինք, իսկ 98-րդ րոպեին նաև ստացան թվային առավելություն: Երկրորդ անգամ զգուշացվելու պատճառով խաղադաշտից հեռացվեց «Արարատ-Արմենիայի» իսպանացի պաշտպան Դավիդ Հումանեսը: Մնացած ժամանակահատվածում հայկական ակումբի՝ խաղը փրկելու փորձերն ապարդյուն էին, իսկ «Օմոնիան» չօգտագործեց մի քանի գոլային պահեր:

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Օմոնիան» կմրցի Լեհաստանի չեմպիոն Վարշավայի «Լեգիայի» հետ, որը պայքարից դուրս է թողել Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող «Լինֆիլդին»: 

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում եվրագավաթների որակավորման փուլի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով:

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Օմոնիա» (Կիպրոս)` 0:1 (հիմնական ժամանակ՝ 0։0), (տեսանյութ)

Տիագո, 94

Հեռացում՝ Դավիդ Հումանես («Արարատ-Արմենիա»), 98



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։