09:10 18 օգոստոսի, 2020Վանաձորի «Լոռին» կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրների պատճառով չներկայացավ Երևանի «Ուրարտուի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղին: Օրեր առաջ ակումբը պաշտոնապես հայտարարել էր, որ օգոստոսի 19-ին կայանալիք «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի ժողովի ընթացքում կքննարկվի Հայաստանի այս առաջնությանը մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը պատմել է, թե որ դեպքում ակումբը կհրաժարվի Հայաստանի առաջնության մասնակցությունից:
Պարոն Գրիգորյան, «Լոռին» օրեր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թիմը խաղադաշտ դուրս չի գա «Ուրարտուի» դեմ օգոստոսի 17-ին նախատեսված խաղում, որը տեղի չունեցավ: Հիմա ի՞նչ վիճակ է ակումբում, թիմը շարունակո՞ւմ է մարզումները, կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր կա՞ն:
Այս պահին վարակման նոր դեպք չունենք: Կային 2 մեկուսացված խաղացողներ, բայց, փաստք Աստծո, նրանց թեստերի պատասխանները բացասական են: Նրանք արդեն միացել են թիմին: Օգոստոսի 5-ին անցկացվել է առաջին մարզումը: Այս պահին մարզումներն ընթանում են:
Ակումբի հայտարարությունում նշված էր նաև, որ օգոստոսի 19-ին կայանալիք ժողովի ընթացքում կքննարկվի մրցաշրջանին մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը։ Իրադարձությունների ո՞ր զարգացման դեպքում «Լոռին» կարող է հրաժարվել Հայաստանի առաջնության մասնակցությունից: Ֆեդերացիայի հետ քննարկումներ լինելո՞ւ են:
Ֆեդերացիայի հետ քննարկումներ լինում են, քանի որ մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, սակայն այդ որոշման վրա դա չի կարող ազդել: Որոշումը կկայացվի ժողովի մասնակիցների կարծիքների հիման վրա: Յուրաքանչյուրը կհայտնի իր կարծիքը, և կքննարկենք ստեղծված իրավիճակը: Կանխակալ որոշում այս պահին չեմ կարող հայտնել, թե ինչ կորոշի ժողովը: Ամեն դեպքում, այս պահին ակումբը շարունակում է բնականոն աշխատանքը մինչև ժողովի անցկացումը:
Իսկ Դուք ո՞ր տարբերակին եք հակված: Առաջնության մասնակցությունից հրաժարվելը ծա՞նր որոշում կլինի Ձեզ համար:
«Լոռիից» բացի, մենք մարզում ֆուտբոլի զարգացման համար պատասխանատվություն ենք կրում, և քանի որ ինքս շատ եմ սիրում ֆուտբոլ, ինձ համար նման որոշում կայացնելը շատ բարդ կլինի: Լինելու են ազատ, դեմոկրատական լսումներ, քննարկումների ընթացքում բոլորը կունենան իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն:
Գյումրիի «Շիրակի» նախագահի պաշտոնից հեռացած Արման Սահակյանը իր որոշումը բացատրել էր, որ չի ցանկանում, որպեսզի իր ու ֆեդերացիայի անձնական հարաբերություններն ազդեն թիմի ամբիցիաների վրա: Ըստ Ձեզ՝ «Լոռիի» դեպքում նույնն է տեղի ունենում:
Եթե ես ունենամ նման կասկածներ, կընտրեմ պայքարելու ավելի լայն մասշտաբներ, որպեսզի խուսափենք այդ ամենից: Ամենայն անկեղծությամբ եմ նշում, որ նման բան չեմ նկատում: Իհարկե, լինում է, որ մեր գրությունները չեն ընդունվում, բայց չեմ կարծում, որ դա կամակորություն կամ ցանկություն է:
Դուք և Արմեն Մելիքբեկյանը մրցակիցներ էիք ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում: Հիմա ձեր հարաբերություններն ինչպիսի՞ են:
Ընտրությունն իր ստվերը գցել է, բայց մեր հարաբերությունները նորմալ են՝ աշխատանքային: Այս պահին իմ նպատակներն ուղղված են ֆուտբոլի զարգացմանը և մարզում մանկապատանեկան ֆուտբոլի ու գլխավոր թիմի առաջընթացին:
«Լոռիի» հայտարարությունից հետո ՀՖՖ-ն պարզաբանում էր ներկայացրել ստեղծված իրավիճակի առթիվ՝ նշելով նաև, որ ակումբը չի մարել նախորդ մրցաշրջանի պարտքն ու հայտավորել գեթ մեկ ֆուտբոլիստ: Ո՞րն է դրա պատճառը:
Դա սկզբունքային հարց էր: Սակայն, տեսնելով, որ «Ուրարտուի» դեմ խաղը չհետաձգվեց, մենք արդել մարել ենք պարտքը, ինչպես նաև սկսել ենք հայտավորել ֆուտբոլիստների:
Դավիթ Եղիազարյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.