Արթուր Սահակյան. Մեզ կարող էր բաժին հասնել «Կայրաթից» ավելի բարդ մրցակից

09:12   13 օգոստոսի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր, սուպերգավաթակիր ու փոխչեմպիոն Երևանի «Նոայի» հաջողությունները շատերը կապում են մարզչական գրագետ աշխատանքի ու ֆուտբոլիստների հաջող ընտրության հետ, բայց ակումբն առանձնանում է նաև ճիշտ կառավարման համակարգով: Կարճ պատմություն ունեցող ակումբում աշխատում են երիտասարդ մասնագետներ, և այդ քաղաքականությունն արդարացնում է իրեն: «Նոայում» իրեն վատ չի դրսևորում նաև երիտասարդ ու հեռանկարային սպորտային տնօրենը, իսկ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է նախկին ֆուտբոլիստ, 28-ամյա Արթուր Սահակյանը։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Սահակյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությանը, խոսել ակադեմիա ունենալու հեռանկարների ու ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Նոային» բաժին հասավ բավականին բարդ մրցակից, որը հանդիպումն անցկացնելու է տանը: Ինչի՞ հաշվին «Նոան» կարող է հաղթել «Կայրաթին»:

Նախ նշեմ, որ մեզ կարող էր բաժին հասնել ավելի բարդ մրցակից: Մեր բոլոր՝ 4 հնարավոր մրցակիցներն էլ բարդ թիմեր էին, և ոչ մեկի հետ էլ հեշտ չէր լինելու: Այս դիմակայությունում կարող ենք հաղթել այն նույն բանի հաշվին, ինչի հաշվին դարձանք Հայաստանի գավաթակիր, սուպերգավաթակիր ու փոխչեմպիոն՝ մեր միասնականության, ուժեղ թիմային ոգու ու թասիբի շնորհիվ:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Կայրաթը» մեկ ամսից ավելի խաղ չի անցկացրել: Դա դժվարություններ առաջացնո՞ւմ է մրցակցին ուսումնասիրելու հարցում:

Չեմ կարծում: Այժմ մենք ուսումնասիրում ենք նրանց թիմը, ֆուտբոլիստներին անհատապես: Չեմ կարծում, որ մեծ դժվարություններ կլինեն այդ գործընթացում:

Այս տարին անհավանական ստացվեց «Նոայի» համար: Նոր մրցաշրջանում ի՞նչ սպասենք թիմից:

Մեկ քայլ ավելի բարձր: Մեր հաջորդ նպատակը չեմպիոնությունն է:

«Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի գործոնն առանցքային համարո՞ւմ եք թիմի հաջողություններում:

Միանշանակ, այո:

Հայաստան տեղափոխվելուց առաջ Պիկուշչակը մարզչական մեծ փորձ չուներ: Ինչպե՞ս նա հայտնվեց ձեր ուշադրության կենտրոնում:

Ես մարզիչին ճանաչում եմ 2011 թվականից, երբ նա դեռ ֆուտբոլիստ էր: Այդ ժամանակվանից ես ծանոթ եմ նրան: Մարզչական ընտրության հարցում մենք ունեինք նաև այլ տարբերակներ: Մեր ընտրությունը կանգ առավ Իգոր Պիկուշչակի վրա, քանի որ մեր հայացքներն ու նպատակները համընկնում էին: Ինչ վերաբերում է փորձին, նա կարճ, բայց բավականին արդյունավետ աշխատանք է կատարել «Կրասնոդարի» երկրորդ թիմում և հաղթել է Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում: Որպես ֆուտբոլիստ ևս նա ունի բավականին մեծ փորձ, որը օգնեց նրան:

Վերջին օրերին «Նոան» պայմանագիր կնքեց Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստների ու մի քանի հայ խաղացողների հետ: Գաղտնիք չէ, որ «Նոայում» գերակշռող մաս են կազմում լեգեոնականները: Եթե չլիներ լեգեոնականների սահմանափակման օրենքը, ակումբի տրանսֆերային ուղղվածությունը կփոխվե՞ր:

Մեր ակումբը միշտ պատրաստ է եղել որակյալ ֆուտբոլիստներով համալրվելուն: Եթե հնարավորություն կա համալրվել լեգեոնականի խաղամակարդակի հայ ֆուտբոլիստով, միանշանակ, նախապատվություն կտրվի տեղացի խաղացողին: Նախորդ մրցաշրջանում մենք չկարողացանք այնպես անել, որ համալրվենք համարժեք տեղացի ֆուտբոլիստներով, այդ պատճառով լեգեոնականները շատ էին թիմում: Լեգեոնականների սահմանափակման կիրառումն այս տարի մեզ դրթեց նրան, որ ունենանք նվազագույնը լեգեոնականների մակարդակի հայ ֆուտբոլիստներ, ինչին մենք ձգտում ենք: Կարծում եմ, որ մեր նորեկներն ու թիմում եղած ֆուտբոլիստներն իրենց դերը կունենան մեր հաջողություններում:

Լուրեր էին շրջանառվում, որ «Նոան» հետաքրքրված է Գաել Անդոնյանի ծառայություններով: Նրա հետ բանակցե՞լ եք:

Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Նոան» ունի մանկապատանեկան թիմեր, որոնք այնքան էլ շատ չեն: Ավելի վաղ նշել էիք, որ ունեք ակադեմիա բացելու ծրագրեր: Ի՞նչ փուլում է դա:

Որոշակի ուղղվածության համար անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, որպեսզի կարողանանք համակարգված աշխատել: Այդ հարցով աշխատանքները մոտենում են ավարտին: Մոտ ժամանակներս կունենանք մեր ակադեմիան: Աշխատանքներն ընթացքի մեջ են: Կփորձենք ստեղծել մեզ համապատասխան ակադեմիա, այսինքն՝ եղածի վրա կառուցել:

Վերջերս ակումբը ներկայացրեց նոր համազգեստը: Երկրպագուները կարո՞ղ են գնել թիմի մարզաշապիկներ:

Այս պահին՝ դեռ ոչ, բայց մեր ծրագրերում կա ֆան-խանութի ստեղծում, ինչից հետո այդպիսի հնարավորություն կլինի:

Նախորդ տարի ակադեմիա զարգացնելու հարցով համագործակցություն էիք սկսել արտասահմանյան ակումբների հետ: Արդեն որոշե՞լ եք, թե որ մոդելն եք ընտրելու:

Մենք դեռ չենք ընտրել որևէ մոդել, բայց կապ ենք պահպանում տարբեր ակումբների հետ: Դեռ նախընտրած տարբերակ չունենք, քանի որ դրանք շատ են՝ գերմանական և հոլանդական մոդելներ, ինչպես նաև՝ իսպանական, որի հետ ծանոթացանք Խինես Մելենդեսի միջոցով: Առաջնայինը ենթակառուցվածքների հարցը լուծելն է, ինչից հետո կկենտրոնանանք մոդելի վրա: Մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք արտասահմանյան տարբեր ակումբների հետ: Մեր սպորտային բաժինն աշխատանքներ է տանում այդ հարցով:

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Դուք միանգամից անցաք պատասխանատու աշխատանքի: Սկզբում աշխատում էիք «Արցախի» ղեկավար կազմում, իսկ հիմա «Նոայում» եք: Բավական երիտասարդ տարիքում այդպիսի պատասխանատու պաշտոն եք զբաղեցնում: Փորձի պակասը շա՞տ էր զգալ տալիս սկզբում:

Իհարկե, տալիս էր: Երբ ամեն օր, բացելով աչքերդ, պատկերացնում ես մարզում կամ հանդիպում ու միանգամից վերածվում ես այլ կերպարի, դա նորություն է, որը, ճիշտն ասած, հաճելի նորություն է: Սկզբնական շրջանում դժվարություններ լինում էին, բայց կարողացա շուտ մտնել ռիթմի մեջ, կենտրոնացա միայն գործի վրա, և ադապտացիոն փուլը բավականին կարճ տևեց:

Նոր մրցաշրջանը կարծես անկանխատեսելի է լինելու, քանի որ որոշ ակումբներում գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում: Ո՞ր թիմերին եք համարում ձեր գլխավոր մրցակիցները:

Բոլոր՝ 9 թիմերին էլ համարում եմ լուրջ մրցակից: Չկա մի թիմ, որին մյուսից ավելի լուրջ վերաբերվեմ: Բոլորին նույն կերպ ենք վերաբերվում:

Վերջին օրերին ֆուտբոլային աշխարհը սգում է երիտասարդ մարզիչ, նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանի մահը: Դուք նրա հետ աշխատել եք նույն ակումբում: Ինչպիսի՞ն եք հիշում Լևոն Ղասաբօղլյանին:

Լևոն Ղասաբօղլյանին ճանաչում եմ մանուկ հասակից, սակայն ավելի մտերմիկ նրա հետ ծանոթացել եմ 2012 թվականին, երբ տեղափոխվեցի «Ալաշկերտ»: Միշտ հրաշալի հարաբերություններ ենք ունեցել Լևոնի հետ: Նա շատ լավ ավագ ընկեր էր: Նա՝ որպես ֆուտբոլիստ, թիմում շատ կարևոր կերպար էր երիտասարդների համար: Հետագայում միասին աշխատել ենք, երբ նա արդեն մարզիչ էր և բավականին մեծ հեռանկարներ ուներ այդ գործում: Վերջին անգամ հանդիպել ենք Բելեկում, որտեղ ուսումնամարզական հավաք էինք անցկացնում: Երբ իմացա, որ նրա գլխավորած թիմն այնտեղ է, մեկնեցի նրանց հյուրանոց, որտեղ հանդիպեցինք և զրուցեցինք: Իհարկե, շատ ծանր է: Դժվար է պատկերացնել, որ Լևոնն այլևս մեզ հետ չէ: Նա իմ հիշողություններում միշտ կմնա որպես ավագ ընկեր, դրական կերպար, մարդ, որը չկարողացավ ավարտին հասցնել իր երազանքները, որոնք շատ օգտակար կլինեին բոլորիս ու, մասնավորապես, հայկական ֆուտբոլի համար:

Եղբայրդ՝ Յուրա Մովսիսյանը, տևական ժամանակ բացակայում է խաղադաշտից և չունի ակումբ: Նրա կարիերայի հետագա ընթացքի հետ կապված որևէ տեղեկութուն ունե՞ք:

Մոտ օրերս նա բոլոր հարցերին կպատասխանի և տեղեկություն կհայտնի այդ մասին:

Դավիթ Եղիազարյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։