09:14 12 օգոստոսի, 2020Վերջին օրերին ֆուտբոլային աշխարհը սգում է նախկին ֆուտբոլիստ, Ղազախստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» ակումբի գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի կորուստը: 34-ամյա մասնագետի անսպասելի մահը վրա էր հասել սրտի կաթվածի հետևանքով: Ընկերները, հարազատները, նախկին թիմակիցները և սաները դեռ չեն կարողանում հավատալ տեղի ունեցածին, շատերը երբեք էլ չեն հաշտվի այդ մտքի հետ: Արդեն մի քանի օր է՝ սոցցանցերը հեղեղված են մեկը մյուսից հուզական գրառումներով:
Ովքեր գոնե մեկ անգամ ֆուտբոլ են խաղացել Լևոն Ղասաբօղլյանի հետ կամ տեսել նրան խաղադաշտում, կհամաձայնեն, որ նա ինչ-ինչ պատճառներով չկարողացավ ամբողջությամբ օգտագործել իր ֆուտբոլային բացառիկ տաղանդը: Խանգարեցին անընդհատ կրկնվող վնասվածքները, չհանդուրժող բնավորությունն ու անարդարության դեմ պայքարելու անսպառ ձգտումը:
Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, անվանի մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի որդին ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Զվարթնոցում», «Արարատում», «Կիլիկիայում», «Ուլիսում», Հայաստանի երիտասարդական հավաքականում: Հասցրել է խաղալ նաև էստոնական «Տրանս Նարվա» ակումբում, որը վերջինն էր նրա ֆուտբոլային կարիերայում:
Վնասվածքի պատճառով կարիերան հարկադրված ավարտելուց հետո Լևոնը գիտակցում էր, որ դեռ շատ անելիք ունի ֆուտբոլում և անմիջապես անցավ մարզչական աշխատանքի: Հայաստանում նա մարզչական կարիերան սկսել է «Փյունիկի» մարզադպրոցում, այնուհետև գլխավորել է Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն ու աշխատել «Արցախի» մարզչական շտաբում: 2019-ին երիտասարդ մասնագետն առաջարկ ստացավ Ղազախստանից և աշխատանքի անցավ «Ալաշ» ակումբում, որը նորաստեղծ մանկապատանեկան ակադեմիա է և ֆուտբոլիստներ է պատրաստում տարբեր տարիքային հավաքականների համար:
Լևոն Ղասաբօղլյանը շատ էր կարևորում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը: Հարցազրույցներում նա միշտ նշում էր, որ Հայաստանում շատ են տաղանդավոր պատանի ֆուտբոլիստները, որոնց հետ ճիշտ աշխատելու դեպքում կունենանք նոր տաղանդներ: Պատահական չէ, որ նա մի քանի տարի աշխատում էր «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրում, որի՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կազմկոմիտեի անդամ էր: Դա տարբեր երկրներում անցկացվող հետաքրքիր նախագիծ է պատանի ֆուտբոլիստների համար:

2016 թվականին Լևոն Ղասաբօղլյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր հետևյալը.
«Ես միշտ ասել եմ, որ մանկապատանեկան ֆուտբոլում մենք միշտ առաջատար ենք եղել, բայց, ցավոք, հետագայում զիջել ենք այն ժամանակահատվածում, երբ պետք է եղել կատարելագործվել, իսկ մեզ մոտ չի ստացվել: Հիմա ես հակված եմ այն մտքին, որ զիջենք մանակապատանեկան ֆուտբոլում, բայց հաջողության հասնենք հաջորդ փուլում: Կան շատ տաղանդավոր երեխաներ ու վստահ եմ, որ ճիշտ աշխատելու դեպքում մենք կունենանք խաղացողներ, որոնք հետագայում բարձր կպահեն հայկական ֆուտբոլի անունը:
Փորձը ցույց է տալիս, որ հայտնի ֆուտբոլիստների որդիները միշտ մնում են երկրորդ պլանում: Այսինքն՝ նրանց ճանաչում են իրենց հայրերով, իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխեց այդ կարծրատիպը: Խոնարհվում եմ Համլետ Մխիթարյան լեգենդի առջեւ: Սակայն, եթե նախկինում ասում էին Համլետի որդի Հենրիխը, հիմա ավելացել է՝ Հենրիխի հայր Համլետը: Հպարտ եմ, որ Հենրիխն իմ ընկերն է, եւ որ հայրս ու Համլետ Մխիթարյանը բարեկամություն են արել ընտանիքներով:
Հայրս միշտ ամենագլխավոր մարդն է եղել իմ համար: Կյանքում միշտ հպարտ եմ եղել նրանով: Միշտ տարբեր հարցերով դիմում եմ նրան: Հայրս աջակցել ու աջակցում է ինձ ամեն հարցում՝ թե՛ ֆուտբոլում, թե՛ առօրյա կյանքում»,- նշել էր երիտասարդ մասնագետը:

Լևոնն անշտապ ու վստահ քայլերով առաջ էր շարժվում մարզչական աշխատանքում և ուներ իր հոր մարզչական հաջողությունները գերազանցելու ներուժ, սակայն, ցավոք, չհասցրեց կյանքի կոչել իր գաղափարները: Բոլորը նրան ճանաչում էին որպես խիզախությունն ու արժանապատվությունն ամեն ինչից վեր դասող անհատականություն: Լևոնը երբեք չէր վախենում ասել այն ամենը, ինչ մտածում է: Քննադատություններում ամեն բան անում էր տեղին ու շատ դիպուկ:
2019-ին պորտուգալական Bsports ֆուտբոլային ակադեմիան առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց մանկապատանեկան ֆուտբոլային ճամբար, որը ղեկավարում էր հենց Լևոն Ղասաբօղլյանը: Պատանի ֆուտբոլիստները վայելում էին ֆուտբոլով ապրող մարզիչի հետ աշխատանքը և ցանկանում նմանվել նրան:

Պատանիների ու երիտասարդների հետ աշխատանքը հրաշալի էր ստացվում մարզիչի մոտ, սակայն հասկանալի էր, որ քայլ առաջ կատարելու ժամանակն է: Այս տարվա փետրվարին Լևոն Ղասաբօղլյանը գլխավորեց Ղազախստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ակադեմիա Օնտուստիկը»: Երիտասարդ խաղացողներով համալրված ակումբը նկատելի խաղային առաջընթաց էր գրանցում և պատահական չէ, որ Ղասաբօղլյանը մշտապես գտնվում էր ղազախական մամուլի ուշադրության կենտրոնում: Արտասահմանցի երիտասարդ մասնագետն աշխատում էր տեղացի երիտասարդ խաղացողների հետ և առավելագույնը քաղում նրանցից: Վերջերս «Ակադեմիա Օնտուստիկը» ստուգողական խաղում հաղթել էր Ղազախստանի գործող գավաթակիր, երկրի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Կայսարին», որն այս մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպայի լիգայի որակավորման փուլում:

«Ակադեմիա Օնտուստիկը» գլխավորելուց հետո Լևոն Ղասաբօղլյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ժամանակը եկել էր.
«Արդեն ժամանակն էր, որ մանկապատանեկան ֆուտբոլից տեղափոխվեի այլ մակարդակ: Վաղուց էի ցանկանում անել այդ քայլը: Առաջարկը եղավ ճիշտ ժամանակին: Սա մեծ փորձություն ու մարտահրավեր է ինձ համար: Վստահ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»,- նշել էր Ղասաբօղլյանը:
Նոր մրցաշրջանում մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպես թիմն իրեն կդրսևորի երիտասարդ ու հեռանկարային մարզիչի գլխավորությամբ: Նախապատրաստական փուլը հրաշալի էր անցել, ամեն բան պատրաստ էր, սակայն եղավ անդառնալին ու անհավատալին:

Դառը ճակատագիրը Լևոնին թույլ չտվեց շարունակել Ղասաբօղլյանների ընտանիքի ֆուտբոլային ուղին, բայց նրա վառ, տղամարդկային, սկզբունքային ու հումորով կերպարը հավերժ կմնան մեր հիշողություններում:
Դավիթ Եղիազարյան
Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ), իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.