ՀՖՖ-ն ամենախոշոր հովանավորչական պայմանագիրն է կնքել հայկական ֆուտբոլի պատմության մեջ

16:09   11 օգոստոսի, 2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և VBET ընկերությունը, ընդլայնելով համագործակցության շրջանակները, նոր՝ բացառիկ պայմանագիր են ստորագրել, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Համաձայն նոր պայմանագրի` VBET ընկերությունը ձեռք է բերել ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության անվան իրավունքը հաջորդ երեք մրցաշրջանների համար:

Համագործակցության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2020/2021 թթ․ մրցաշրջանի համար VBET ընկերությունից կստանա 400 միլիոն ՀՀ դրամ (ներառյալ հարկերը): Սա հովանավորչական առումով ամենամեծ փաթեթն է հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում:

Հետագա 2 տարիներին ամեն հաջորդ մրցաշրջանի համար նշված գումարը կաճի 10%-ով (ներառյալ բոլոր հարկերը)։

Այսպիսով, 2020/21, 2021/22 և 2022/23 թվականների մրցաշրջաններում Հայաստանի գավաթի խաղարկությունը կշարունակի կրել «VBET Հայաստանի գավաթ» անվանումը, իսկ նույն ժամանակահատվածում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերանվանվի «VBET Հայաստանի Պրեմիեր լիգա»։

ՀՖՖ-ն և VBET-ը համատեղ մշակել են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նոր տարբերանշանը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով ՀՖՖ-ի և VBET ընկերության միջև կնքված համաձայնագրին, նշել է. «Շատ ուրախ ենք շարունակել VBET ընկերության հետ համագործակցությունը: Նախորդ մրցաշրջանի դրական փորձը վստահություն հաղորդեց կողմերին՝ ստորագրելու նոր՝ բարելավված պայմաններով համաձայնագիր: Վստահ ենք, որ երկկողմանի փոխշահավետ գործակցությունը կնպաստի հայկական ակումբային ֆուտբոլի հետագա զարգացմանը»:

VBET ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը նույնպես կարևորել է համագործակցությունը.

«Բոլորիս ցանկությունն է հայկական ֆուտբոլը տեսնել առաջատար դիրքերում: Վերջին տարիներին մեր ֆուտբոլը մեծ քայլերով զարգանում է, ու մեզ համար շատ կարևոր է ներդրում ունենալ այդ գործում: Վստահ ենք՝ ՀՖՖ-ի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Պրեմիեր լիգայի աճին ու նոր հնարավորություններ կբացի հայկական ակումբների համար»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։