«Շիրակի» նորընտիր նախագահ. Մեծ պատիվ է ստանձնել իմ հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը

13:06   11 օգոստոսի, 2020

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գրառում է կատարել Գյումրիի «Շիրակի» նախագահ ընտրվելու կապակցությամբ:

«Ընտրվել եմ Գյումրու «Շիրակ» ակումբի նախագահ։ Մեծ պատիվ է ստանձնել իմ հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը։

Վստահ եմ, որ «Շիրակի» լեգենդար երկրպագուների, մարզչական ու մասնագիտական անձնակազմի հետ միասին կկարողանանք ստեղծել մի ամուր թիմ, որի կորիզը կկազմեն Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի սաները։ Մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ «Շիրակի» մանկապատանեկան դպրոցի սաները հնարավորություն են ունենալու իրենց դրսեւորել «Շիրակի» հիմնական կազմում՝ բարձրագույն խմբի խաղերում ստանալով հնարավորինս շատ խաղաժամանակ։

Ուզում եմ նշել նաեւ, որ այս գալիք խաղաշրջանը պետք է ընկալել որպես անցումային՝ հաջորդ խաղաշրջանների չեմպիոնական արդյունքների համար ամուր հիմքեր ստեղծելու շրջան։

«Շիրակի» համար միշտ առանձնահատուկ դեր են ունեցել երկրպագուները: Հասկանում ենք, որ վերջին շրջանի զարգացումները միգուցե որոշ մտահոգությունների առիթ են դարձել, սակայն ցանկանում եմ վստահեցնել` բացառությամբ այս անցումային փուլի, «Շիրակից» բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել: Առաջիկայում նախատեսում եմ նաեւ հանդիպել երկրպագուներին, մանրամասն ներկայացնել թիմի ծրագրերն ու նպատակները:

Շնորհակալ եմ ակումբի նախկին նախագահ Արման Սահակյանին՝ «Շիրակի» հետ անցկացրած փայլուն տասը տարիների համար։ Վստահ եմ, որ հաջորդ տասնամյակներին եւս պարոն Սահակյանը իր ներկայությամբ ակումբի հետ կլինի։

Հ.Գ. Հատուկ լրագրող գործընկերների համար նշեմ նաեւ, որ ակումբի նախագահի կարգավիճակը միանգամայն համատեղելի է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնի հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ օրերս «Շիրակի» նախագահի պաշտոնից հեռացել էր գործարար Արման Սահակյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։