«Ռոտոր» տեղափոխված Արմեն Մանուչարյանը շնորհակալություն է հայտնել «Փյունիկին» եւ երկրպագուներին

19:09   10 օգոստոսի, 2020

«Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի 25-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանը կարիերան կշարունակի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտորում»։

Արմեն Մանուչարյանը «Փյունիկում» էր 2016 թվականից և «Փյունիկի» կազմում անցկացրել է 119 խաղ։

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնում Արմեն Մանուչարյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն նոր ակումբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արմեն Մանուչարյանը հանդես է եկել հրաժեշտի խոսքով․

«Սիրելի երկրպագուներ՝

Երկար տարիներ Հայաստանում անցկացնելուց հետո որոշում եմ կայացրել կարիերաս շարունակել արտասահմանում։ Այս որոշումը կայացնելիս բացառապես առաջնորդվել եմ ֆուտբոլային սկզբունքներով։ Կարծում եմ, հասունացել էր պահը, որպեսզի քայլ առաջ կատարեի իմ կարիերայում և ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռոտոր» տեղափոխությունը լավագույն որոշումն էր ինձ համար։ 2016 թվականից հանդիսանում եմ «Փյունիկի» ֆուտբոլիստ և այս 4 տարում «Փյունիկն» ինձ համար հասցրեց դառնալ հարազատ ակումբ։

Միասին անցել ենք անմոռանալի ճանապարհ, որը լի էր հաջողություններով։ Իհարկե, անմասն չմնացինք նաև ձախողումներից, բայց այս ակումբը գիտի, թե ինչպես է պետք հաղթահարել նման իրավիճակները։ Հեռանում եմ՝ վստահ լինելով, որ առանց ինձ նույնպես այս ակումբը կարող է հասնել իր առջև դրված նպատակներին։

Շնորհակալություն ձեզ խաղադաշտում և խաղադաշտից դուրս մշտապես ցուցաբերած աջակցության համար։ Հուսով եմ, իմ խաղով հուսախաբ չեմ արել ։

Շնորհակալություն «Փյունիկի» ղեկավարությանը, որ ոչ միայն չխոչնդոտեցին իմ տեղափոխությանը, այլ նաև իրենց խորհուրդներով օգնեցին, որ ճիշտ որոշում կայացնեմ՝ ի շահ ինձ և հայկական ֆուտբոլի։ 

Առանձնահատուկ շնորհակալություն խաղընկերներիս և բոլոր մարզիչներին, որոնց հետ աշխատել եմ այստեղ, ինչպես նաև «Փյունիկի» աշխատակազմին, ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Վստահ եմ, որ «Փյունիկը» դեռ շատ կուրախացնի իր երկրպագուներին։ Հաջողություն և հաղթանակներ եմ մաղթում ակումբին»։

Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Ռոտորը» օգոստոսի 11-ին կընդունի չեմպիոն «Զենիթին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։      



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։