Մոուրինյո․ Կասիլյասը գերազանց դարպասապահ է եւ հրաշալի մարդ

00:31   5 օգոստոսի, 2020

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է կարիերան ավարտած դարպասապահ Իկեր Կասիլյասի եւ իր հարաբերությունների մասին։ Նրանք միասին աշխատել են Մադրիդի «Ռեալում»։

«Խելքի եւ հասունության շնորհիվ մենք միշտ հարգել ենք իրար։ Տարիներ անց հարգանքը վերաճեց իսկական ընկերության։ Կասիլյասը գերազանց դարպասապահ է եւ հրաշալի մարդ։

Նա իր տեղն ունի «Ռեալի», Իսպանիայի հավաքականի եւ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Հենց Կասիլյասի հետ եմ ես հաղթել Լա Լիգայում եւ ռեկորդների հասել։ Հիմնվելով պրոֆեսիոնալ որակների վրա՝ ես ստիպված եղա ընդունել ծանր որոշում եւ ընտրել այլ դարպասապահի։

Ամբողջ աշխարհը գիտի, որ երբ ես ընդունեցի «Ռեալը» մենք որոշակի առճակատում ունեինք։ Չեմ ասի, թե դա մեր էգոների պատճառով էր, բայց «Ռեալի» ավագի եւ մարզիչի հարաբերություններում կար խնդիր։ Հեշտ չէր այդ որոշումն ընդունել, իսկ նրան՝ համակերպվել դրա հետ։ Բայց մենք ունենք լավ հարաբերություններ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է AS-ը։

Մոուրինյոյի օրոք «Ռեալում» Կասիլյասին հիմնական կազմում փոխարինեց Դիեգո Լոպեսը։  Կասիլյասը 2015-ին տեղափոխվեց «Պորտու»։

Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013-ին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։