Երկրորդ տարին անընդմեջ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած «Արարատ-Արմենիան» նախորդ տարի հայկական ակումբների համար պատմական հաջողության հասավ եվրագավաթներում՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, իսկ այս տարի եվրագավաթային մրցաշրջանին մոտենում է նոր մարզիչի գլխավորությամբ:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է մարզչական փոփոխության, հնարավոր համալրումների, թիմի աստղային լեգեոնական Յոան Գուֆրանի, ակումբի զարգացման ծրագրի ու այլ թեմաների մասին:
Պարոն Գալստյան, այս մրցաշրջանը բավական բարդ ստացվեց «Արարատ-Արմենիայի» համար: Ինչպես ասում են՝ տիտղոսը պաշտպանելն ավելի բարդ է, քան չեմպիոն դառնալը: Ինչպե՞ս կամփոփեք այս մրցաշրջանը:
Դուք արդեն ասացիք, որ չեմպիոնությունը պահելն ավելի բարդ է, քան չեմպիոն դառնալը, բայց սա նույնպես լավ փորձ էր և լավ է, որ մենք կարողացանք կրկնել նախորդ տարվա հաջողությունը: Բարդ առաջնություն էր: Կարծում եմ՝ ամեն տարի առաջնությունն ավելի դժվար է դառնալու:
Հայաստանի ավարտված առաջնության առաջին կեսից հետո քչերն էին կասկածում, որ «Արարատ-Արմենիան» առանց լուրջ խնդիրների կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը, սակայն կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո պատկերն այլ էր: Կարծես՝ խաղային առումով «Արարատ-Արմենիան» ամենաշատը տուժեց կորոնավիրուսից և խնդիրներ ունեցավ մրցաշրջանի վերջնամասում: Այնուամենայնիվ, ի՞նչ տեղի ունեցավ այդ ընթացքում:
Ոչ մի բան: Պարզապես այս տարածության մեջ մեր ու «Նոայի» խաղերն ավելի շատ էին, քանի որ մեր բոլոր մրցակիցներն անցկացրեցին 11-ական հանդիպում, իսկ մենք՝ 13: Ամեն դեպքում, այդ 2 խաղերի պատճառով մենք ընդհանրապես չունեցանք հանգստանալու հնարավորություն, այդ պատճառով մեր ֆուտբոլիստների մոտ հոգնածություն կար եւ ունեցանք դժվարություններ, բայց կարողացանք արժանապատվորեն հաղթահարել դա: Մեր դժվարությունները սկսվեցին ծանր օրացույցից: Այդպիսի կարճ ժամանակում այդքան խաղ անցկացնելը բերեց դժվարությունների:
Մրցաշրջանի վերջնամասում «Արարատ-Արմենիան» չեմպիոնության ու գավաթը նվաճելու համար պայքարում էր «Նոայի» հետ, որը դարձավ մրցաշրջանի գլխավոր հայտնությունը: Ձեզ համար սպասելի՞ էր, որ հենց «Նոան» դարձավ Ձեր թիմի գլխավոր մրցակիցը:
Ճիշտն ասած՝ չէինք սպասում, բայց կարելի է գովեստի խոսքեր ասել «Նոայի» հասցեին, քանի որ նրանք իրենց շատ լավ դրսևորեցին մրցաշրջանի երկրորդ հատվածում ու արժանի մրցակից դարձան բոլորի համար: Կարող եմ ասել, որ նրանց՝ գավաթակիր դառնալն ու առաջնությունում երկրորդ տեղ գրավելը պատահականություն չէր:
Առաջիկայում կմեկնարկի եվրագավաթային նոր մրցաշրջանը: Թիմում համալրումներ լինելո՞ւ են միջազգային խաղերից առաջ:
Կորոնավիրուսի հետ կապված մեծ համալրումներ չեն լինի: Հնարավոր է, որ թիմը կհամալրեն 1-2 ֆուտբոլիստներ, բայց հիմնականում խաղալու ենք մեր այս կազմով, քանի որ կորոնավիրուսը բարդացնում է ամեն բան:
Նախորդ տարի թիմը շատ մոտ էր Եվրոպայի լիգայի խմբային փուլում հայտնվելուն: Եթե այս տարի ևս չհաջողվի նվաճել եվրագավաթների խմբային փուլի ուղեգիր, դա ձախողո՞ւմ կհամարվի թիմի համար:
Բարդ է ասել, քանի որ նախորդ տարի բոլորն էլ տեսան, որ մրցակիցները շատ հարմար էին մեզ համար, իսկ այս տարի կանոնակարգը փոխվել է: Այս մրցաշրջանում դիմակայությունները լինելու են մեկ խաղով՝ կամ մեր դաշտում, կամ մրցակցի, այդ պատճառով ռիսկն ավելի է մեծանում: Բնական է, որ միայն մրցակցի դաշտում խաղալը բարդացնում է խնդրի լուծումը:
Մրցաշրջանի երկրորդ հատվածում «Արարատ-Արմենիայում» էր խաղում, երևի, Հայաստանի առաջնության պատմության ամենաաստղային լեգեոնականը: Արդյո՞ք Յոան Գուֆրանն արդարացրեց սպասելիքները:
Ճիշտն ասած, մենք ավելին ենք սպասում նրանից: Հուսով ենք, որ այս եվրագավաթային փուլում նա կկարողանա ավելի լավ մարզավիճակ ձեռք բերել ու ավելի մեծ օգուտ տալ թիմին:
Նրա հետ հույսեր կապում եք նաև հաջո՞րդ մրցաշրջանում:
Այո, Գուֆրանը մեզ հետ է լինելու նաև նոր մրցաշրջանում:
2 հաջող մրցաշրջաններից հետո «Արարատ-Արմենիայից» Վարդան Մինասյանի հեռանալն անսպասելի էր: Ո՞րն էր այդ որոշման պատճառը:
Նրա պայմանագիրն ավարտվել է, և մենք եկանք համաձայնության, որ այն չի երկարաձգվելու: Վերջապես պետք է նաեւ հասկանանք, որ մարզիչը նույնպես կարող է հոգնել:
Խոսակցություններ կային, որ դուք և Վարդան Մինասյանը համակարծիք չեք շատ հարցերում, դա նույնպե՞ս նպաստեց մարզչական փոփոխությանը:
Դրանք պարզապես խոսակցություններ են: Ամեն բան նորմալ է, սկզբունքային որևէ հարց չկա:
Օրեր առաջ թիմը գլխավորեց Դավիդ Կամպանյան: Իսպանացի մասնագետը վաղո՞ւց էր Ձեր տեսադաշտում, թե՞ այս շրջանում նա թիմը գլխավորելու ամենահարմար տարբերակն էր:
Դավիդ Կամպանյան իրեն լավ դրսևորեց Հայաստանում, մենք էլ որոշում ընդունեցինք աշխատել նրա հետ: Նա ամբիցիոզ մարզիչ է, իսկ մենք ցանկանում ենք ունենալ հենց այդպիսի մարզիչ:
Դավիդ Կամպանյայի՝ «Լոռի» գալուց հետո Վանաձորի թիմին միացան մի շարք իսպանացի ֆուտբոլիստներ: Հնարավո՞ր է, որ առաջիկայում իսպանացի խաղացողներ հայտնվեն նաև «Արարատ-Արմենիայում»:
Ոչ: Մենք հիմա չենք հասցնի նոր համալրումներ ունենալ: Կորոնավիրուսի պատճառով առաջացել են մի շարք խնդիրներ՝ սկսած վիզաներից մինչև ֆուտբոլիստների գալ-գնալը:
Հայաստանում ցավալի, բայց հաճախ հանդիպող պրակտիկա է, երբ ակումբի սեփականատերը, նախագահը կամ ղեկավարը փորձում է միջամտել մարզիչի գործերին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդպիսի երևույթներին:
Մեր ակումբում նման բան գոյություն չունի և բացարձակապես չի էլ կարող լինել: Մեզ մոտ ամեն բան նորմալ է:
Դուք մշտապես կապի մեջ եք Սամվել Կարապետյանի հետ: Նա գո՞հ է ակումբում կատարվող աշխատանքներից: Հնարավո՞ր է, որ հաջող ելույթներից հետո ակումբի ֆինանսավորումն ավելանա:
Մեզ մոտ ամեն բան նորմալ է, մենք այսօր Հայաստանի չեմպիոնն ենք: Բնականաբար, ամեն բան գնահատվում է նորմալ, շարունակում ենք մեր գործունեությունը: Սամվել Կարապետյանն ամեն ինչ անում է ոչ միայն «Արարատ-Արմենիայի» համար, այլև՝ ամբողջ հայկական ֆուտբոլի, որպեսզի մեր ֆուտբոլը զարգանա: Դուք տեսաք, թե ընդամենը 2 տարում ինչ թիմ է ստեղծվել: Այս ամենը եղել է Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, և հայկական ֆուտբոլում ավելացավ նաև մրցակցությունը: Այդ ամենը տեսանելի է:
Ուժեղ ու ամբիցիոզ թիմ ունենալուց, եվրագավաթներում հաջող ելույթներ գրանցելուց բացի «Արարատ-Արմենիան» ինչո՞վ է նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը: Արդյո՞ք ունեք ակադեմիա ու ստադիոն կառուցելու, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը նպաստելու ծրագիր:
Մոտ ժամանակներս մենք կխոսենք այդ ամենի մասին: Մենք ունենալու ենք ամեն ինչ: Հիմա էլ ունենք մանկապատանեկան թիմեր, բայց անպայման ունենալու ենք մեր ենթակառուցվածքները:
Դավիթ Եղիազարյան
Ֆոտո՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։