Էրիկ Վարդանյանը՝ Բարսելոնայից. Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականի խաղաոճը շատ է փոխվելու (ֆոտո)

21:29   26 հուլիսի, 2020

Հայկական ֆուտբոլի նոր սերնդի ամենատաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստներից է Էրիկ Վարդանյանը, որին բարդ վնասվածքը դեռ թույլ չի տալիս ցուցադրել իր ամբողջ ներուժը: Նախորդ տարվա վերջնամասում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը պայմանագիր կնքեց «Սոչիի» հետ, սակայն վնասվածքի պատճառով դեռ չի խաղացել ռուսական ակումբի կազմում: Օրեր առաջ 22-ամյա ֆուտբոլիստը դարձյալ ենթարկվել է ծնկի վիրահատության:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Էրիկ Վարդանյանը պատմել է վերականգնողական փուլի, ռուս գործակալ Դմիտրի Սելյուկի հետ համագործակցության ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ հանդիպման մասին:

Տևական ժամանակ է՝ սպասում ենք քո վերադարձին, ինչը կարծես ձգձգվում է: Ինչպե՞ս է ընթանում վերականգնողական գործընթացը և ե՞րբ կկարողանաս վերսկսել լիարժեք մարզումները:

Արդեն պետք է սկսեի մարզվել, սակայն ցավը չի դադարում, օրեր առաջ դարձյալ թեթև վիրահատության ենթարկվեցի: Այս օրերին բուժում եմ ստանում Բարսելոնայում:

Դա նախապե՞ս ծրագրված վիրահատություն էր, թե՞ անհրաժեշտություն եղավ հետազոտություններից հետո:

Ոչ, ամեն բան պատահաբար ստացվեց: Հետազոտությունները ցույց տվեցին, որ դարձյալ կա վիրահատական միջամտության անհրաժեշտություն:

Եթե ամեն բան նորմալ ընթանա, կկարողանա՞ս մասնակցել հաջորդ մրցաշրջանի մեկնարկին:

Մրցաշրջանի մեկնարկին պատրաստ չեմ լինի վերադառնալ խաղադաշտ, բայց հուսով եմ, որ սեպտեմբերից կսկսեմ մարզվել թիմի հետ:

Պատանեկան տարիքում մի քանի տարի մարզվել ես «Բարսելոնայի» ակադեմիայում: Կապ պահո՞ւմ ես նախկին թիմակիցներիդ հետ և արդյո՞ք դարձյալ այցելել ես ակումբի ակադեմիա:

Կապ պահպանում եմ 1-2 թիմակիցներիս հետ: Ակադեմիա չեմ այցելել: Արդեն երկար ժամանակ է անցել և կարծում եմ, որ այնտեղ դժվար թե հիշեն ինձ (ժպտում է):

Վերջերս Բարսելոնայում հանդիպել էիր «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին: Հասցրեցիր շփվե՞լ նրա հետ, ինչպիսի՞ն է նա առօրյա կյանքում:

Այո, շփվել ենք իրար հետ, իսկ շաբաթ օրերին միասին մարզվում էինք: Նա շատ անմիջական ու համեստ տղա է:

Հաճա՞խ ես զրուցում «Սոչիի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Ֆեդոտովի հետ: Քեզ հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի նա:

Մինչև օրս մեկ անգամ եմ զրուցել նրա հետ: Բոլորը սպասում են, թե երբ եմ վերջապես վերականգնվելու, որպեսզի կարողանամ օգնել թիմին:

Դեռ չես հասցրել խաղալ «Սոչիի» կազմում, բայց այս ընթացքում ավելի լավ ծանոթացար ռուսական ֆուտբոլին ու Ռուսաստանի Պրեմյեր լիգային: Ըստ քեզ՝ համապատասխա՞ն առաջնություն ես ընտրել կարիերայիդ այս փուլի համար:

Ես ունեի ծնկի խնդիր, և ոչ մի ակումբ չէր ցանկանա ձեռք բերել այդպիսի վնասվածքով խաղացողի: Շատ ուրախ եմ, որ «Սոչիում» եմ, որտեղ ինձ շանս են տվել ապաքինվելու և լիարժեք ֆուտբոլ խաղալու համար: Կարծում եմ՝ Ռուսաստանում լավ խաղալու դեպքում ճանապարհ կբացվի դեպի Եվրոպա:

Մրցաշրջանի երկրորդ հատվածում «Սոչին» բավական հաջող էր հանդես գալիս և կարողացավ պահպանել տեղը Պրեմյեր լիգայում: Հաջորդ մրցաշրջանում ի՞նչ խնդիրներ են դրվել թիմի առջև:

Խնդիրը լինելու է լավագույն վեցյակում հայտնվելը: Պետք է լավ խաղ ցուցադրենք մրցաշրջանի հենց մեկնարկից, որպեսզի կարողանանք ավելի բարձր դիրք զբաղեցնենք:

Ինչպե՞ս ես ծանոթացել Դմիտրի Սելյուկի հետ: Համագործակցե՞լ եք «Սոչի» տեղափոխության գործարքում, թե՞ նա արդեն քո գործակալն է:

Այո, Դմիտրի Սելյուկն իմ գործակալն է: Նրա հետ ծանոթացել եմ «Փյունիկ» ակումբի միջոցով:

Կորոնավիրուսի համավարակը կաթվածահար արեց համաշխարհային սպորտը, այդ թվում՝ ֆուտբոլը: Կյանքը կարծես կանգ էր առել, սակայն շատերն այդ դադարն օգտագործեցին ինքնազարգացման համար և փոխեցին ապրելակերպն եւ կյանքի հանդեպ մոտեցումները: Քեզ համար ինչ-որ բանով օգտակար եղա՞վ այդ դադարը:

Սկզբում մտածում էի, որ այս դադարն ինձ համար օգտակար կլինի վնասվածքից վերականգնվելու հարցում, սակայն հետո դարձյալ ցավեր ունեցա և չէի կարողանում բժշկի մեկնել Բարսելոնա: Այդ ընթացքում շատ ֆիլմեր եմ դիտել, զբաղվում էի նաև ընթերցանությամբ:

Հայաստանի ավարտված առաջնության վերջնամասը շատ լարված ստացվեց: Ըստ քեզ՝ այս առաջնությունն էր ավելի դիտարժան, թե նախորդը, երբ դու «Փյունիկի» կազմում պայքարում էիր չեմպիոնության համար:

Երկու մրցաշրջաններն էլ շատ հետաքրքիր ստացվեցին, բայց կարծում եմ, որ նախորդ տարվա առաջնության թիմերն ավելի ուժեղ էին, քան այս անգամ:

Քո հեռանալուց հետո «Փյունիկը» ձախողեց մրցաշրջանի մնացած հատվածը: Ըստ քեզ՝ ինչը խանգարեց թիմին գոնե կրկնել նախորդ տարվա արդյունքը:

Երբ ես դեռ խաղում էի «Փյունիկում», թիմի անհաջողություններն արդեն սկսվել էին: Չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի որակավորման փուլից հետո, բայց մենք ընդհանրապես իրար չէինք հասկանում դաշտում:

Վերջերս Հայաստանի հավաքականը գլխավորեց իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը: Դու լավ ծանոթ ես իսպանական ֆուտբոլին: Ըստ քեզ՝ Հայաստանի հավաքականի խաղաոճը շա՞տ է փոխվելու նրա գլխավորությամբ:

Կարծում եմ՝ այո, քանի որ բոլորովին այլ մակարդակի մի շարք ֆուտբոլիստներ են միանալու հավաքականին: Հուսով եմ, որ շատ ավելի ուժեղ է դառնալու մեր հավաքականը:

Դավիթ Եղիազարյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։