Յանա Եգորյանը կոչ է արել Մոսկվայում գնել հայկական գյուղմթերքը

20:38   18 հուլիսի, 2020

Ես անտարբեր չեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարված իրավիճակի նկատմամբ: Չեմ մեկնաբանում ոչ թե նրա համար, որ «թքած» ունեմ, այլ որովհետեւ իմ մեկնաբանություններով ոչինչ չի փոխվի: Շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, որոնք ինձ նման չեն ցանկանում, որ պատերազմ լինի:

Այս մասին Instragam-ի ուղիղ եթերում ասել է Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող ռազմական գործողություններին։

Կրկնակի օլիմպիական չեմպիոնը նաեւ հանդես է եկել նախաձեռնությամբ Ռուսաստանում այս օրերին գյուղմթերքի վաճառքի հետ կապված խնդրի վերաբերյալ:

«Ողջույն: Ես կարեւոր ինֆորմացիա ունեմ հաղորդելու: Շատերին է հայտնի, որ այս օրերին շատ լարված է իրադրությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս կապակցությամբ ինձ շատերն են գրում, թե ինչու որեւէ մեկնաբանությամբ հանդես չեմ գալիս:

Ես չեմ մեկնաբանում այս իրավիճակը, ոչ թե նրա համար որ «թքած» ունեմ, այլ որովհետեւ կարծում եմ՝ իմ մեկնաբանություններով ոչ մի հարց չի լուծվի եւ ոչինչ չի փոխվի: Ցավոք, երկու կողմերից էլ զոհեր կան, մարդիկ են մահանում, մարդիկ են տանջվում, սովորական մարդիկ, որոնք ցանկանում են ուղղակի ապրել եւ չմտածել պատերազմի մասին:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ «Ֆուդ Սիթի» խանութների ցանցը Մոսկվայում արգելել է հայկական գյուղմթերքի վաճառքը: Եվ հիմա մեծ քանակությամբ բեռնատարներ հայկական գյումթերքով բարձված կանգնած են ճանապարհներին եւ չգիտեն՝ ինչ անել իրենց մթերքով: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գյուղմթերքը պետք է ինչ-որ կերպ սպառել, թեկուզ եւ ինքնարժեքով, որպեսզի ներկրողները մեծ վնասներ չկրեն:

Ես այժմ մեկնում եմ այն վայրը, որտեղ անմիջապես բեռնատարներից վաճառում են մրգերը, գյուղմթերքը եւ պատրաստվում եմ գնել այնքան մթերք, որքան տեղ կանի մեքենայումս: Գնումներս Խիմիկիում՝ իմ բնակավայրում, կբաժանեմ մարդկանց հենց այնպես:

Հուսամ՝ կոչիս կմիանան շատերը, եկեք միասին օգնենք այն մարդկանց, որոնք այդքան մեծ ջանք են գործադրել, հավաքել, կազմակերպել, բերել հասցրել են Մոսկվա:

Հարգացնքներով Ձեր Յանա Եգորյան, մարդ ով անտարբեր չէ հայ-ադրբեջանական սահամանագծում տեղի ունեցող իրադարձություններին: Ես չեմ ցանկանում, որ պատերազմ լինի, ուզում եմ, որ բոլորն ապրեն խաղաղ:

Ես շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, որոնք նույնպես մտածում են այնպես, ինչպես ես: Նրանք նույնպես կարծում են, որ այս պատերազմը ոչ մեկին պետք չէ: Բոլորն էլ ուզում են ապրել խաղաղ երկնքի տակ, տեսնել՝ ինչպես են մեծանում իրենց որդիները: Եկեք լինենք բարի»,- ասել է Յանա Եգորյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։