ՀՖՖ-ն կվերանորոգի Աբովյանի Քաղաքային մարզադաշտը

12:46   18 հուլիսի, 2020

Աբովյան համայնքի Քաղաքային մարզադաշտը 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը 2 տարվա ընթացքում իրականացնելու է մարզադաշտի հիմնական և ընթացիկ վերանորոգումը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները: Վերանորոգումից հետո մարզադաշտը համապատասխանելու է ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգին: Դա նշանակում է, որ  այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ:

Հիշեցնենք, որ Քաղաքային մարզադաշտում իր հանդիպումներն էր անցկացնում ԽՍՀՄ Առաջին խմբում հանդես եկող Աբովյանի «Կոտայքը», իսկ միջազգային վերջին հանդիպումն այս մարզադաշտում կայացել է ավելի քան 11 տարի առաջ՝ 2009 թ. մայիսին, երբ Հայաստանում անցկացվում էր կանանց ազգային հավաքականների միջազգային մրցաշար՝ Հայաստանի, Էստոնիայի և Ղազախստանի հավաքականների մասնակցությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։