«Լոկոմոտիվի» նախագահ. ՀՖՖ-ն անօրինական որոշում է ընդունել

12:41   15 հուլիսի, 2020

Հայաստանի Առաջին խումբը ներկայացրած, այժմ որակազրկված «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հրաչ Քանանյանը հուլիսի 15-ին մամուլի ասուլիս էր հրավիրել և մեկնաբանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընդունած որոշումը, որով «Լոկոմոտիվը» և ևս 4 ակումբ պայմանավորված հանդիպումներ անցկացնելու պատճառով որակազրկվել են, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ դադարեցվել:

Հրաչ Քանանյանը ՀՖՖ-ի ընդունած որոշումը համարում է անօրինակ՝ նշելով, որ որոշումն ընդունվել է առանց հիմքերի և մանրամասն ուսումնասիրությունների:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարանջատվել է հայկական ֆուտբոլից և գործում է առանձին միավոր՝ զբաղվելով դրսից ստացվող ֆինանսների կառավարմամբ և դրանց անհամաչափ վերաբաշխումով:

Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը աթոռապաշտության մոլուցքից դրդված անհամաչափ և իր գործառույթներից դուրս քայլեր է կատարում: ՀՖՖ-ն իր քայլերով կազմաքանդում է Առաջին խումբը և ոչնչացնում Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլը, չնայած կարծում եմ, որ դա չի արվում հատուկ, այլ կոմպետենտության բացակայության հետևանքով»,- ասել է Հրաչ Քանանյանը:

«Լոկոմոտիվի» գործադիր տնօրենն ակումբի նախագահի խոսքից հետո ներկայացրեց փաստեր և դրանք հակադրեց ՀՖՖ-ի ընդունած որոշմանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈւԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, հուլիսի 3-ին որոշել էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների, նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին: 

Հաշվի առնելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը՝ ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկեց ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։