Արթուր Ասլանյան․ Հայաստանի հավաքականից հեռացա, քանի որ ես հաղթում էի, բայց իմ փոխարեն ուրիշն էր գնում խոշոր մրցաշարերի (ֆոտո)

10:17   12 հուլիսի, 2020

Հայաստանի հավաքականից հեռացա, քանի որ ես հաղթում էի, բայց իմ փոխարեն ուրիշն էր գնում խոշոր մրցաշարերի. ով գումար ուներ, նա էր ընդգրկվում Եվրոպայի, աշխարհի առաջնությունների կազմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց կարատեի  աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի 7-ակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Արթուր Ասլանյանը:

Այս բոլոր հաղթանակները կարատեիստը նվաճել է Հայաստանի հավաքականի կազմում: 2017 թվականին հեռացել է ազգային հավաքականից, տեղափոխվել ԱՄՆ: Այժմ մարզական կարիերան շարունակում է այնտեղ, բայց հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Ասլանյանը մասնակցել եւ հաղթել է միջազգային տարբեր մրցաշարերի. Ozawa Cup՝ 3-րդ տեղ (2017թ),  Irvine Open` չեմպիոն (2017), 50th Annual Championship JKR` չեմպիոն (2017),  Los Angeles Open` չեմպիոն (2018),  California Open` չեմպիոն (2018), Punok Open՝ չեմպիոն (2019), Hayashi Cup՝ չեմպիոն (2019), Ozawa Cup՝ երկու ոճերում բացարձակ չեմպիոն (2019):

32-ամյա կարատեիստը 2017 եւ 2019 թվականներին ընգրկվել է ԱՄՆ-ի լավագույն ամերկահայ մարզիկների տասնյակում, իսկ 2018-ին ճանաչվել լավագույն մարզիչ:

Արթուր, քանի՞ տարեկանից ես սկսել զբաղվել կարատեով եւ ի՞նչ հաղթանակներ ես գրանցել Հայաստանի հավաքականի կազմում:

Կարատեով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից Եղեգնաձորում: Հետո ընտանիքով տեղափոխվեցինք Երեւան, եւ ես իմ լավ արդյունքներով 16 տարեկանում ընդգրկվեցի երիտասարդների Հայաստանի հավաքական: Երկար տարիներ մարզվեցի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Մուրադյանի մոտ:

2006-ից համալրեցի մեծահասակների հավաքականը: Առաջին փորձս Եվրոպայի առաջնությունում անհաջող ստացվեց եւ դրանից հետո տեւական դադար ունեցա մարզական կարիերայումս: 2008 թվականին ծնկի վնասվածք ունեցա, ապա բանակ գնացի: Մրազումներս վերսկսեցի 2010-ից: Հաջողություններս սպորտում սկսեցին 2013-ից: Այդ տարի Իտալիայում դարձա աշխարհի չեմպիոն գոջուրյու մրցաձեւից, 2016-ին՝ Եվրոպայի փոխչեմպիոն՝ շոտոկան մրցաձեւից: 2017-ին թողեցի ամեն ինչ եւ տեղափոխվեցի ԱՄՆ:

Ինչո՞ւ:

Ես պարբերաբար Հայաստանի առաջնություններում եմ հաղթել, միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցել, ինչը նշանակում է, որ խոշոր մրցաշարերում հենց ես պետք է ներկայացնեի իմ երկիրը, քանի որ իմ քաշային կարգում առաջին համարն էի: ԱՄՆ տեղափոխվելու, հավաքականից դուրս գալու խնդիրը գումարային էր: Ես հաղթում էի Հայաստանի առաջնությունում, բայց ով գումար ուներ, նա էր իմ փոխարեն գնում մրցաշարերի:  Երկրորդ, երրորդ համարներն էին երկիրը ներկայացնում կարեւոր մրցաշարերում: Խնդիրն այն էր, որ մարզիկին լավ չէին նայում: Որոշեցի՝ ուժերս փորձեմ ԱՄՆ-ում:

Եվրոպայի, աշխրհի առաջնությունների մասնակցությունր չէր ֆինանսավորվո՞ւմ ֆեդերացիայի կողմից՝ պետական բյուջեով:

2-3 միլիոն դրամ էր ֆեդերացիայի բյուջեն: Բայց Եվրոպայի, աշխարհի կամ միջազգային մրցաշարերին մասնակցելու ֆինանսավորումը մարզիկների վրա էր: Ով ուներ գումար, ով կարողանում էր գումար ճարել, ինքն էր մեկնում առաջնության եւ ներկայացնում երկիր: Որ մոտենում էիր, ասում էիր գումար չունես, ասում էին՝ գնա հովանավոր գտի: Այսինքն՝ մենք՝ մարզիկներս, պետք է ոչ թե մեր մարզավիճակի մասին հոգայինք, այլ հովանավորներ ճարեինք:

Հիմա չգիտեմ՝ ինչպես է, քանի որ շատ բան է փոխվել ֆեդերացիայում, նախագահն է փոխվել, բայց այն ժամանակ այդպես էր: Ու ես որոշեցի ուժերս փորձել ԱՄՆ-ում: 2017 թվականին «Ozawa Cup» մրցաշարից հրավեր ստացա, եկա եւ մնացի այստեղ:

Ինչպե՞ս հաջողվեց հաստատվել ԱՄՆ-ում:

Սկզբից շատ դժվար էր այստեղ, բայց աստիճանաբար հարմարվեցի: International Sport Union մարզասրահի հիմնադիր սեփականատեր Քեն Հարությունյանն ինձ շատ օգնեց ինչպես մարզումների, այնպես էլ փաստաթղթերիս հարցում: Այստեղ մրցաշարերում ես հանդես եմ եկել Հայաստանից, որպես անկախ մարզիկ, Հայաստանի դրոշի ներքո: Չեմ ցանկացել գրանցվել որեւէ ակումբում. ոչ մի անգամ ԱՄՆ-ն չեմ ներկայացրել:

Կարատեի 4 ձեւերն արդեն օլիմպիական են եւ ընգրկված են Տոկիո-2020-ի ծրագրում: Օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորություն չունե՞ս:

Դեռ հնարավորություն ունեմ պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Ամեն քաշային կարգում դեռ մեկական ուղեգիր կա: 2021թ․ հունվարին Փարիզում տեղի է ունենալու վերջին վարկանիշային մրցաշարը: Եթե մինչեւ այդ կարողանամ արդեն իրավունք ստանալ երկրից դուրս գալ, կմասնակցեմ Հայաստանի առաջնությանն ու հաղթելու դեպքում կպայքարեմ օլիմպիական ուղեգրի համար: Մինչ այդ հնարավորություն չունեցա պայքարելու, քանի որ փաստաթղթային հարցեր կային:  Հայաստանում եւ հավաքականում եթե խնդիրներ չլինեին, կմնայի եւ կպայքարեի ուղեգրի համար: Բայց տեղափոխվեցի ԱՄՆ եւ կորցրեցի շատ ժամանակ:

Ֆեդերացիայի հետ կապ կա՞:

Այո: Ֆեդերացիայում շատ բան է փոխվել՝ նախագահ, գլխավոր մարզիչ: Երբ ես հավաքականից դուրս եկա, նախագահը Գրիգոր Միքայելյանն էր: Այժմ նախագահը Վազգեն Հարությունն է, նախկին կարատեիստ, շատ լավ անձնավորություն. Մարդ, ով ամեն ինչ անում է Հայաստանի հավաքականի եւ հայկական կարատեի զարգացման համար:

ԱՄՆ-ում կշարունակեմ մարզվել, աշխատել, երբ կարողանամ հաղթել նաեւ Հայաստանի առաջնությունում, կշարունակեմ ԱՄՆ-ից մեկնել մրցաշարերի: Շուրջ 150 մեդալ ունեմ արդեն նվաճած: Ցանկությունս է ավելի մեծ հաջողությունների հասնել մեծ սպորտում իմ ազգի, իմ երկրի համար:

Լուսինե Շահբազյան  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։