Ջևան Չելոյանց. Եթե ինչ-որ բան տրվում է հեշտությամբ, այն երկար կյանք չի ունենում

18:07   6 հուլիսի, 2020

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը լայնածավալ հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը՝ ամփոփելով թիմի ելույթները ու խոսել առաջիկա ծրագերի մասին, նաև անդրադարձել շատ ու շատ թեմաների, որոնք այժմեական են հայկական ֆուտբոլում:

- Մրցաշրջանն այդքան էլ հաջող չստացվեց «Ուրարտուի» համար, որպես ակումբի սեփականատեր ինչպե՞ս կամփոփեք այն։

- Եթե խոսում ենք սպորտային արդյունքի մասին, ապա մրցաշրջանը մեզ համար ծայրահեղ անհաջող էր, մենք ձախողեցինք այն, դա պետք է ընդունել անկեղծորեն։ Մեզնից բացի դրանում, ոչ ոք մեղավոր չէ։ Ես հիմա չեմ խոսի պատճառների մասին, բայց սպորտային արդյունքի տեսանկյունից առաջին թիմի ելույթները գոհացնող չեն։ Երկրորդ թիմն էլ դեռ այն մակարդակին չէ, որը մենք սպասում ենք։ Ես անդրադարձա ակումբի պրոֆեսիոնալ թիմերին, մանկապատանեկան թիմերի մասին չեմ ցանկանա խոսել, որովհետև բոլոր առաջնությունները դադարեցված են։ Ակումբի գլխավոր ու երկրորդ թիմերի համար մրցաշրջանը գոհացուցիչ չէր։



- Ամեն դեպքում ի՞նչը չբավարարեց թիմին ավելի հաջող ելույթներ ունենալու համար։

- Շատ գործոններ կային։ Առաջին հերթին թիմի ամառային նախապատրաստությունը չանցավ այնպես, ինչպես պլանավորել էինք։ Մարզչի փոփոխության անհրաժեշտություն եղավ, դա արեցինք ու հասկանալի է, որ այդ փոփոխությունն էլ անհետք չմնաց։ Շատ այլ պատճառներ էլ կան, որոնք բացասաբար ազդեցին թիմի ելույթների վրա։ Բայց ես ուզում եմ ընդամենը մեկ բան ասել, որ գլխավոր ու երկրորդ թիմերը այս ակումբի ընդամենը երկու թիմերն են։ Այո, նրանք գլխավորն են, այո, նրանց ելույթներով են գնահատում ակումբի աշխատանքը, բայց դրանք ընդամենը երկու թիմեր են։ Ցավոք սրտի այժմ դադարեցված է ակադեմիայի աշխատանքը, դա ես համարում եմ մեծագույն կորուստ, ավելի մեծ քան եթե դադարեցնեին Բարձրագույն խմբի առաջնությունը։ Ես հասկանում եմ այդ դադարի պատճառները, բայց ես վստահ չեմ, որ այն ճիշտ է աշխատում, վստահ չեմ, որ այդ երեխաները հիմա նստած են տանը ու ոչ մեկի հետ չեն շփվում։ Ես կոչ չեմ անում, որ թույլատրեն մանակապատանեկան թիմերին սկսել մարզումները, մասնագետները պետք է վերլուծեն իրավիճակն ու որոշում կայացնեն։ Բայց ինձ համար ակադեմիայի չաշխատելն ամենամեծ հարվածն է։

- Այսինքն այն մտքին ենք, որ պետք է ինչ-որ քայլեր անել, որպեսզի երեխաներն էլ սկսեն մարզումները։

- Այո, ես այդպես եմ մտածում։ Արդեն կես տարի է երեխաները ֆուտբոլ չեն խաղում, նրանցից շատերը հնարավոր է այլևս երբեք չխաղան, դա պետք է հասկանալ։

«Փյունիկի» հետ խաղից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ասաց, որ արդեն զրուցել է ակումբի ղեկավարության հետ ու որոշակի եզրակացություններ արել հետագա աշխատանքի մասին, կմանրամասնե՞ք թե ինչ որոշումներ եք կայացրել։

- Գրիգորյանն իր տեղում է և շարունակելու է աշխատելը։ Անկախ նրանից մրցաշրջանը հաջողված էր, թե ոչ, այն միշտ պետք է վերլուծել, հասկանալու համար ինչն է դրական, ինչը բացասական մեր աշխատանքում։ Մենք ամեն ինչ վերլուծել ու կայացրել ենք համապատասխան որոշումներ, ես դրանց մասին այժմ չեմ խոսի, բայց հուսով եմ, որ բոլորը կտեսնեն այդ որոշումների արդյունքները։

- Մրցաշրջանը արդյունքի տեսանկյունից ձախողված էր։ Իսկ ինչ-որ դրական տեղաշարժեր ակումբում նկատո՞ւմ եք։

- Այո, արդյունքի տեսանկյունից մրցաշրջանը ձախողված էր, իսկ ակումբի գործունեության տեսանկյունից՝ ոչ։ Առաջին հերթին մենք որպես ակումբ շարունակում ենք աճել։ Ես չեմ վախենում այդ խոսքերն ասելուց, մենք առաջին ակումբն ենք ամբողջ երկրում, որը կանգնեց պրոֆեսիոնալ ռելսերի վրա։ Նորից եմ կրկնում, չեմ ուզում ասել, որ անտեսել ենք արդյունքը, ինչի համար էլ այն այնպիսինն է, ինչպիսին կա։ Մենք ավարտել ենք ակումբի կառուցվածքի կազմավորումը, խոսքը վարչական կառուցվածքի մասին է։ Ես դա ամենակարևոր քայլերից մեկն եմ համարում։ Մի քանի բան է մնացել, բայց մենք ձևավորել ենք մեր կարծիքով ֆուտբոլային ակումբի ճիշտ կառուցվածք։ Բարեկարգել ենք մեր ենթակառուցվաքները։ Մենք շատ մոտ ենք լուծելու ակումբի համար մարզադաշտ կառուցելու հարցը։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ես տեսա ըմբռնում իշխանությունների կողմից, դա ինձ ուրախացնում է։ Ճիշտ է, դեռ չենք հասել նրան, որ տարածք հատկացված լինի մեզ, բայց ընկալում կա։ Ես չգիտեմ այն իրական է, թե ընդամենը բառեր են, այդ ամենը ցույց կտան հետագա իրադարձությունները, բայց առաջին անգամ մեր երկրում ես տեսա ըմբռնում բարձրաստիճան ղեկավարների կողմից, դա ինձ ուրախացնում է։ Չեմ անդրադառնա մանրամասներին։ Մենք նաև կարգի ենք բերել մեր երրորդ մարզադաշտը, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Ուրարտու-2»-ը, այն հիմա շատ լավ տեսք ունի, տրիբունան ունի ծածկ, կարգի է բերվել վարչական շենքը, ակադեմիայի շենքը։ Այսինքն կորոնավիրուսով պայմանավորված այս դադարն օգտագործել ենք ամբողջությամբ ի օգուտ ակումբի։ Ինչ հնարավոր էր անել նման իրավիճակում, մենք արել ենք։



- Ամեն դեպքում կորոնավիրուսն իր ազդեցությունն ունեցա՞վ ակումբի վրա։

- Կորոնավիրուսն իր ազդեցությունը թողել է ամբողջ աշխարհի վրա, ես դեռ չեմ խոսում ակումբի մասին։ Այո, եղան որոշակի դժվարություններ ֆուտբոլիստների Հայաստանից մեկնելու ու վերադառնալու հետ կապված։ Մարդիկ սկզբում գնացին իրենց երկրներ, հետո մենք դժվարությամբ կարողացանք նրանց հետ բերել Հայաստան։ Ի դեպ այդ հարցում մեզ օգնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ինչի համար շատ շնորհակալ ենք նրանց։ Ես չեմ կարծում որ կորոնավիրուսը փչացրել է մեր առաջնությունը։ Դա ճիշտ չէ իմ կարծիքով։ Առաջնությունը փչացրել են այն ժամանակ, երբ որոշել են անցկացնել այն նման ձևաչափով։ Ես ինձ վրա մեղք չեմ վերցնի ասելով սա, որովհետև այն մարդիկ, որոնք որոշել են նման ձևաչափով առաջնություն անցկացնել գիտեին ու հիմա էլ գիտեն իմ կարծիքն այս հարցի շուրջ։ Իմ տեսակետն այդ հարցում չի փոխվել։ Ես կարծում եմ, որ մեծ սխալ է թույլ տրվել։ Չի կարելի ամեն ինչ վերագրել կորոնավիրուսին, այն իր ազդեցությունն է թողել ամբողջ աշխարհի վրա, թե ինչ հետևանքներ կլինեն, ես դեռ դժվարանում եմ պատասխանել։ Շատերը չգիտեն թե ինչ է սպասվելու ապագայում, բայց կյանքը շարունակվում է, պետք է շարժվել ու ապրել։

- Բայց ֆեդերիացիայից ասում են, որ նման ձևաչափ ընտրելուց առաջ տեղեկացրել են ակումբներին այդ մասին, բայց ակումբներից և ոչ մեկը դեմ չի արտահայտվել ձևաչափին։

- Դա ճիշտ չէ։ Մենք հենց սկզբից էլ դեմ ենք արտահայվել առաջնությունը նման ձևաչափով անցկացնելուն։ Չեմ ուզում ավելի խորը գնալ այդ հարցում, բայց դա այդպես չէ։



- Ձեր վերջին հարցազրույցում ասել էիք, որ պետք է փոխել ֆեդերացիայի կանոնադրությունը: Ի՞նչ նկատի ունեք։

- Ես կարծում եմ, որ ֆեդերացիան պետք է անցկացնի որոշակի լսումներ ֆուտբոլային հանրության հետ, ստանա ինչ-որ առաջարկներ, քննարկի, ինչ-որ բաներ մերժի, ինչ-որ բաներ ընդունի, տա սեփական առաջարկներն ակումբներին, նրանք էլ իրենցը։ Մի խոսքով պետք է աշխատանք իրականացնել։ Իմ կարծիքով պետք է փոխել ֆեդերացիայի կանոնադրությունը։ Ինչո՞ւ։ Որպեսզի առաջին հերթին ֆեդերացիան զբաղվի իր հարցերով, հարկավոր է ստեղծել պրոֆեսիոնալ լիգա, որտեղ կզբաղվեն պրոֆեսիոնալ առաջնություններ կազմակերպելու աշխատանքով։ Դա ամենևին էլ ֆեդերացիայի գործը չէ։ Պրոֆեսիոնալ լիգա ունենալու մասին խոսակցություններ եղել են, բայց դրանք ընդամենը խոսակցություններ են։

- Իրատեսակա՞ն եք համարում Հայաստանում պրոֆեսիոնալ լիգա ունենալու տեսլականը։ Կարծում եք հայկական ակումբների ղեկավարները հեշտությա՞մբ կհամախմբվեն մի նախաձեռնության շուրջ։

- Իսկ ի՞նչն է կյանքում հեշտ՝ ոչինչ։ Պետք է հաղթահարել այդ դժվարությունները, համաձայնության գալ, հարկավոր է ինչ-որ համակարգ կազմել ու հետագայում գործել այդ օրենքներով։ Եթե ինչ-որ բան տրվում է հեշտությամբ, ապա այն երկար կյանք չի ունենում։ Շատ երկրներում առաջնությունները վերահսկում են Պրոֆեսիոնալ լիգաները։ Պետք է հասկանալ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Ֆեդերացիայի գործը մասսայական ֆուտբոլը զարգացնել է, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և տեղի իշխանությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելը, ինչ-որ ֆուտբոլային արտոնություններ ստանալը և այդպես շարունակ, իսկ պրոֆեսիոնալ առաջնություն ունենալը դա արդեն լիգայի գործն է։ Այդ փորձը կիրառվում է շատ երկրներում։ Այս հարցում ես ոչ մի հայտնագործություն չեմ անում։

- Մեկ տարի առաջ դուք քննադատում էիք ՀՖՖ-ի այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին, բայց ՀՖՖ նախագահական ընտրություններում հենց «Ուրարտուն» առաջադրեց նրա թեկնածությունը։ Միանգամից մի քանի հարց է առաջանում։ Ինչո՞ւ էիք քննադատում այն ժամանակ, ի՞նչը ստիպեց փոխել ձեր կարծիքը և ինչո՞ւ հենց «Ուրարտուն» առաջադրեց Մելիքբեկյանի թեկնածությունը։

- Չգիտես ինչու Հայաստանում շատերը մտածում են, որ եթե ինչ-որ մեկին քննադատում ես, ուրեմն դու արդեն նրա թշնամին ես, նա էլ քոնը։ Դա ամենևին էլ այդպես չէ։ Եթե մարդը անտարբեր է գործի նկատմամբ, ես նրան երբեք չեմ քննադատի, բայց երբ տեսնում եմ որ մարդ իր պաշտոնի թելադրանքով, իր ցանկությամբ, որը կարևոր է ինձ համար, ուզում է ինչ-որ բան փոխել, բայց իմ կարծիքով ինչ-որ տեղ սխալվում է, ես իհարկե քննադատում եմ։ Ես հիմա էլ քննադատում եմ Մելիքբեկյանին։ Ոչինչ չի նշանակում, որ հենց մենք ենք առաջադրել նրա թեկնածությունը։ ՀՖՖ ընտրությունների ժամանակ ես Հայաստանում չէի, բայց լսելով այն ամենն ինչ զեկուցում էր ինձ ակումբի ղեկավարությունը, տեսնելով այն ամենն ինչ հրապարակվում էր մամուլում ստեղծված իրավիճակի շուրջ, հասկացա, որ մենք բացարձակապես ճիշտ ենք վարվել։ Եթե այդ իրավիճակը կրկնվեր հիմա, մենք նորից նույն կերպ կվարվեինք։ Սա այն դեպքը չէր, որ հայտնի խոսքի նման, երկու չարիքից ընտրում ենք չարյաց փոքրագույնը, ամենևին այդ դեպքը չէր։ Ես կարծում եմ, որ առաջ շարժվելու համար մենք ճիշտ ենք վարվել առաջադրելով Մելիքբեկյանի թեկնածությունը։ Նա դեռ երիտասարդ է, դեռ շատ սխալներ թույլ կտա, բայց բոլորը սովորում են իրենց սխալների վրա։ Քննադատությունը ինչ-որ տեղ առաջընթացի շարժիչն է։ Եթե ուղղակի զազրախոսելու ես կամ շողոքորթելու ինչ-որ մեկին, ապա դա որևէ լավ բանի չի հասցնի։ Այո, ես նախկինում շատ եմ քննադատել Մելիքբեկյանին, հիմա էլ եմ շատ քննադատում, հուսով եմ, որ ապագայում ավելի քիչ կքննադատեմ, որովհետև նա փորձ է հավաքում։ Եթե ես ինչ-որ բան տեսնեմ, անպայման կասեմ նրան այդ մասին։ Ես միշտ տետ-ա-տետ ասում եմ այն, ինչ մտածում եմ այս կամ այն իրողության մասին։ Հարցրեք նրան, նա դա կհաստատի։

- Վերջին շրջանում հայկական ֆուտբոլում շատ բուռն կերպով քննարվում է երկու թեմա լեգեոներների սահմանափակում և Առաջին խմբի առաջնությունում տիրող իրավիճակը, որտեղ շատ ակումբներ անհասկանալի ծագում ունեն ու շատ հանդիպումների ելքերը կասկածի տակ են։

- Պայմանավորված խաղերը մահացու վտանգավոր են, անգամ այդ բառը թույլ է նման իրավիճակը բնութագրելու համար, հատկապես այն պարագայում, երբ դա տեղի է ունենում մի առաջնությունում, որտեղ մեծ թվով երիտասարդներ են խաղում։ Անկեղծ կասեմ, որ ես տեղյակ չեմ այդ գործընթացներից, չնայած ակումբի գլխավոր տնօրենը ինձ ասել է, որ գործկոմի վերջին նիստում այդ կապակցությամբ ինչ-որ որոշումներ են կայացվել։ Պայմանավորված խաղերը վիրուսի նման են ու եթե դա պատահում է երիտասարդ ֆուտբոլիստների մասնակցությամբ խաղերում, ապա դա կարող է բացասական մեծ ազդեցություն թողնել։ Ես կարծում եմ, որ ֆեդերացիան պետք է մաքրի այդ ամենը։ Հենց այստեղ միանգամից ի հայտ է գալիս Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարը։ Պետք է լինեն համապատասխան չափորոշիչներ ինչպես Բարձրագույն խմբում, այնպես էլ Առաջին խմբի առաջնությունում։ Հարկավոր է հասկանալ դա։ Ինչ վերաբերվում է լեգեոներների սահմանափակմանը, ապա առաջին հայացքից թվում է, որ մեր ակումբը, որը բոլորից շատ է ֆուտբոլիստներ պատրաստում, մատակարարում բոլոր տարիքային հավաքականներին, պետք է որ տրամաբանորեն կողմ լինի սահմանափակման կիրառմանը։ Բայց լիմիտն ինքնին նշանակում է, որ առաջընթաց չկա։ Կան ինչ-որ ժամանակավոր բաներ, բայց առաջընթաց չկա։ Եթե մենք խոսում ենք գլոբալ երևույթներից ապա մեր ակումբի համար լեգեոներների սահմանափակումը ամենաձեռնտուն է, բայց ես իմ հոգու խորքում դեմ եմ դրան։

Թիմն արդեն վերսկսել է մարզումները կա՞ն արդեն ինչ-որ նպատակներ, որոնք առաջադրված են թիմին։

- Այո, նպատակներ կան։ Ես չեմ փորձի ասել, թե որոնք են դրանք, բայց առանց նպատակների ապրելն առհասարակ հետաքրքիր չէ։ Մենք հասել ենք նրան ինչին ձգտում ենք, թե՛ ենթակառուցվածքների, թե՛ կազմակերպչական, թե՛ զարգացման ու այն բաժինների ստեղծման առումով, որոնք չկային, բայց արդեն ունենք, եկել է ժամանակը կառուցելու և՛ գլխավոր թիմը և՛ երկրորդ թիմը։ Որքան կպահանջվի դրա համար, դժվարանում եմ ասել, բայց գլխավոր հենման կետը լինելու է պրոֆեսիոնալ թիմերի զարգացման վրա։ Դա չի նշանակում, որ մենք մոռանալու ենք մնացած ամեն ինչի մասին։ Ես միշտ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, մեր ակումբում գլխավոր օղակը ակադեմիան է։ Ցավոք, տղաներն ու աղջիկները դեռ չեն մարզվում, բայց գլխավորը մեր ակումբում ակադեմիան է։ Մենք շատ ժամանակ ու միջոցներ ենք հատկացնելու առաջին թիմին, երկրորդ թիմին, բայց դա անելու ենք ոչ հաստատ ակադեմիայի հաշվին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։