Ֆոնսեկա․ Բնական է, որ երկրպագուներն անհանգստացած են եւ դժգոհ «Ռոմայի» արդյունքներից

15:25   5 հուլիսի, 2020

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի արտագնա հանդիպումից առաջ կոչ է արել պահպանել հանգստություն եւ ժամանակից շուտ գնահատական չտալ մրցաշրջանին։ 

Նախորդ երկու տուրերում «Ռոման» պարտություն է կրել «Միլանից» եւ «Ուդինեզեից»։ Երկու խաղում էլ թիմը բաց է թողել երկու գոլ եւ չի գրավել մրցակցի դարպասը։

«Պետք է մրցաշրջանը գնահատել ավարտից հետո։ Մենք դեռ 9 հանդիպում ունենք առաջնությունում, նաեւ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ։ Դեռ վաղ է եզրահանգումների համար։ Ես միշտ մանրամասն վերլուծում եմ մեր հանդիպումները։ Հաջողության դեպքում ամեն ինչ կատարյալ չէ, պատրությունից հետո էլ ամեն ինչ այդքան ահավոր չէ։ Պետք է գտնենք առանձին խնդիրների լուծումը։

Բնական է, որ երկրպագուներն անհանգստացած են եւ դժգոհ «Ռոմայի» արդյունքներից։ Մենք պետք է ավելի վճռական լինենք։ Ես զգում եմ ակումբի եւ նախագահի աջակցությունը։ Երկրպագուներին վստահեցնում եմ, որ մենք կշարունակենք աշխատանքը, եւ ամեն ինչ այդքան վատ չէ։

«Նապոլին» առաջին շրջանի հանդիպման համեմատ ամբողջովին փոխվել է։ Այն ժամանակ թիմը գլխավորում էր Անչելոտին։ Հիմա մրցակիցը ցուցադրում է գերազանց խաղ։ Նրանք Բերգամոյում կրած պարտությունից հետո կձգտեն հաղթանակ տանել տանը»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Նապոլի» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։ Հյուրերի հայտացուցակում ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

«Ռոման» 48 միավորով 5-րդն է, «Նապոլին» ունի 45 միավոր եւ 7-րդն է։

Իտալիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Ռոման» տանը «Նապոլիին» հաղթել է 2։1 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։