«Սեւան» ՖԱ-ն ընդունում է մեղքը եւ պարզաբանում

20:37   2 հուլիսի, 2020

«Սեւան» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ․

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Ինչպես գիտեք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի 01.07.2020թ.-ի նիստում կայացրած որոշումով 2019-2020 մրցաշրջանում «Սևան» թիմին երեք տեխնիկական պարտություն գրանցելու համար ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` «Սևան» թիմը հանվել է ՀՀ Առաջին խմբի առաջնությունից, ինչպես նաև տուգանվել 200 000 ՀՀ դրամ:

Ակումբը, ընդունելով նաև սևփական մեղքը, հարկ է համարում մի քանի պարզաբանւմ մտցնել այս իրավիճակի հետ կապված:

Սույն որոշումանը նախորդել է հետևյալ իրադրձությունները.

20.06.2020թ.-ին կայացած ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2019-2020թթ. առաջնություն 27-րդ տուրի «Լոկոմոտիվ» - «Սևան» խաղից հետո, հանդերձարան տանող ճանապարհին մեր թիմի ֆուտբոլիստ Արեգ Ազատյանը իր դժգոհությունն է հայտնել խաղի գլխավոր մրցավարին՝ վերջինիս խաղի 87-րդ րոպեին կայացրած որոշման վերաբերյալ ինչի համար ստացել է դեղին քարտ, որը 5-րդ դեղին քարտն էր ընթացիկ մրցաշրջանում նրա համար: Ըստ կանոնակարգի ֆուտբոլիստը պետք է բաց թողներ հաջորդ տուրում կայացած «Սևան» - «Արարատ-2» հանդիպումը:

Սակայն տվյալ դեղին քարտը չի ֆիքսվել ակումբի համապատասխան աշխատակցի կողմից և հետևաբար նաև չի ներառվել դեղին քարտերի ընդհանուր հաշվարկում, ինչի հետևանքը եղավ այս իրավիճակը:

Նշենք, որ խաղի վերոնշյալ 87-րդ րոպեին տեղի է ունեցել խիստ կասկածելի դրվագ: «Լոկոմոտիվ» թիմի ֆուտբոլիստը, մեր թիմի տուգանային հրապարակում՝ գտնվելով ակնհայտ խաղից դուրս վիճակում, մեր թիմի պաշտպան Արմեն Դուրունցի հետ գնդակի համար պայքարում ընկավ: Խաղի գլխավոր մրցավար Արման Ալաբերքյանը նշանակեց 11 մետրանոց հարված, ինչպես նաև Արմեն Դուրունցին ցույց տվեց ուղիղ կարմիր քարտ:

Մրցավարի գործողությունների իրավաչափությունը թողնում ենք մասնագետների և ՀՖՖ համապատասխան բաժնի աշխատակիցների եզրակացությանը:

Հարգելի ֆուտբոլասերներ,

2 տարի առաջ հիմնադրելով մեր ակումբը՝ թիմի ղեկավարությունը ուներ հստակ տեսլական և նպատակներ:

Այդ նպատակներից հիմնականն այն էր, որ մեր թիմը պայմանավորվածության համաձայն պետք է հանգրվաներ Սևան քաղաքում կառուցվող մարզադաշտում, ներկայացներ Սևան քաղաքը, տեղում ստեղծեր մանկապատանեկան դպրոց՝ Սևան քաղաքի, ինպես նաև հարակից համայնքի երեխաների համար ապահովելով բարձրակարգ մարզումային պայմաններ:

Սակայն մինչ օրս այդ հարցը լուծում չի ստացել ոչ Սևան համայնքի ղեկավարության, ոչ ՀՖՖ նախորդ և ոչ էլ ներկայիս ղեկավարության կողմից: Բոլոր խոստումները այդպես էլ մնացին օդում։

«Սևան» ֆուտբոլային ակումբը վերջին 1,5 տարում ֆինանսավորվում էր ակումբի նախագահ Հայկ Գրիգորյանի կողմից՝ տուրիզմի ոլորտում իրականացրած գործունեության շնորհիվ:

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով կրած հսկայական վնասների հետևանքով վերջին ամիսներին տուրզիմի ոլորտը կանգնած է և այդ պատճառով ակումբը հայտվել է ֆինանսական ծանր վիճակում: Այդ վիճակում թիմը շարունակեց իր գործունեությունը և հանուն ֆուտբոլի շարունակեց մասնակցությունը ընթացիկ առաջնությանը՝ վերսկսումից հետո:

Սակայն ՀՖՖ-ի կողմից կայացվեծ վերոնշյալ որոշումը, ինչի հետևանքով մեր թիմը հանվեց առաջնությունից և չի մասնակցի առաջնության մնացած 4 տուրերին:

Առաջիկայում կտեղեկացնենք ակումբի հետագա ծրագրերի մասին:

Հարգանքներով՝

«ՍԵՎԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։