Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը 50 տարեկան է

22:16   30 հունիսի, 2020

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը հունիսի 30-ին նշում է ծննդյան 50-ամյակը:

Սամվել Գեւորգյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է, 20 տարի ազգային հավաքականում զբաղեցնում է գլխավոր մարզիչի օգնականի՝ երկրորդ մարզիչի պաշտոնը․ Երեւանի հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն է եւ Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցի տնօրենը:

Սամվել Գեւորգյանը ըմբշամարտով սկսել է զբաղվել 8 տարեկանից մարզիչներ Գագիկ Խաչատրյանի եւ այժմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ:

Մարզական կարիերայի ընթացքում եղել է Հայաստանի պատանիների չեմպիոն եւ մրցանակակիր, համամիութենական երիտասարդական մրցաշարերի բազմակի հաղթող: Սպորտի վարպետ է:

1990-ականներից զբաղվել է մարզչությամբ: Ֆեդերացիայում սկսել է աշխատել 1998 թվականից Բենուր Փաշայանի եւ Ստեփան Սարգսյանի ղեկավարությամբ, ապա հիմնադրել է Երևանի ըմբշամարտի ֆեդերացիան:

2001 թվականից պաշտոնապես Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ մարզիչն է: Սամվել Գեւորգյանի սաներն են եղել աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Կարեն Մնացականյանը, Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեեւ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյան, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյան, Մ23 աշխարհի բրոնզե մեդալակիր Դավիթ Օվասապյանը:

2015-ին Բաքվում տեղի ունեցած առաջին Եվրոպական խաղերում Միհրան Հարությունյանը Սամվել Գեւորգյանի գլխավորությամբ նվաճեց Հայաստանի հավաքականի միակ արծաթե մեդալն այդ Խաղերում:

Այդ ժամանակ թիմին Բաքու ուղեկցեց Սամվել Գեւորգյանը, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարվել էր թիմին տանել Բաքու:

Վաստակավոր մարզիչին ծննդյան կապակցությամբ շնորհավորել են Հայաստանի, Ռուսաստանի անվանի ըմբիշներ, Հայաստանի հավաքականի անդամներ:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։