Եղիշե Մելիքյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

23:03   28 հունիսի, 2020

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, փորձառու մասնագետ Եղիշե Մելիքյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Մելիքյանը հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում` դառնալով Հայաստանի չեմպիոն, գավաթակիր և մեդալակիր, հաջողությամբ ներկայացրել է Ուկրաինայի «Մետալուրգ» (Դոնեցկ), «Ստալ», «Զարյա», «Կրիմտեպլիցա» և «Հովերլա» թիմերը: Դոնեցկը ներկայացնող ակումբի կազմում դարձել է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում ձախ եզրայինի դիրքում հանդես եկած Եղիշե Մելիքյանը անցկացրել է 30 հանդիպում:

2015-ին մարզչական կարիերան սկսած Եղիշե Մելիքյանը 5 տարի աշխատել է ուկրաինական ակումբներում:

«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչն աշխատել է Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Մելիքյանը գլխավորել է «Ստալի» գլխավոր թիմը:

2019 թվականի սեպտեմբերից 40-ամյա մասնագետն ընդգրկված էր «Լվովի» մարզչական շտաբում, իսկ նույն տարվա հոկտեմբերին գլխավորեց Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբը` կարճ ժամանակահատվածում բարելավելով թիմի խաղը և դիրքը մրցաշարային աղյուսակում: Հայ մասնագետն օրեր առաջ սեփական նախաձեռնությամբ լքել էր «Լվովի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Եղիշե Մելիքյանն ունի ՈւԵՖԱ-ի մարզչական PRO կարգի արտոնագիր, համակարգում էր Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող PRO արտոնագրի դասընթացները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։