13:20 22 հունիսի, 2020Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը Կիպրոսի «Էնոսիսից» տեղափոխվել է «Անորտոսիս»՝ պայմանագիր կնքելով մինչև 2022 թվականի հունիս:
29-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբը Կիպրոսի ընթացիկ առաջնության 23 խաղերում վաստակել է 46 միավոր և «Օմոնիայի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին 2 տեղերը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Համբարձումյանը պատմել է նոր ակումբ տեղափոխության, «Անորտոսիսի» վրացի գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայայի գործոնի, նաև Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի հնարավորությունների մասին:
««Էնոսիսի» հետ իմ պայմանագրի ժամկետն ավարտվել էր, և ես «Անորտոսիս» եմ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Այս տեղափոխությունը, միանշանակ, քայլ առաջ է իմ կարիերայում: Շատ հաճելի է դառնալ Կիպրոսի ամենաուժեղ թիմերից մեկի մասնիկը: Պատրաստ եմ օգնել իմ թիմին հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել Կիպրոսում և հաջող մրցելույթներ ունենալ միջազգային ասպարեզում:
Այո, հիշում եմ, որ 2010 թվականին «Բանանցի» կազմում մրցեցի «Անորտոսիսի» հետ: Կարող եմ ասել, որ այդ խաղերի համեմատ ակումբն էլ ավելի է հզորացել:
Իմ տեղափոխության մեջ մեծ դեր է ունեցել «Անորտոսիսի» գլխավոր մարզիչ, Վրաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայան: Շուտով հավաքի կմասնակցեմ նոր թիմի կազմում:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, կարծում եմ, Ազգերի լիգայի մրցաշարում մենք լավ հնարավորություն ունենք մեր խմբում առաջին տեղը գրավելու համար: Հուսով եմ, որ նորեկներն էլ ավելի կուժեղացնեն մեր ազգային թիմը»,- նշել է Համբարձումյանը:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.