«Լոռին» ՀՖՖ-ից սպասում է արագ արձագանք և պարզաբանում

11:16   21 հունիսի, 2020

Վանաձորի «Լոռին» հանդես է եկել հայտարարությամբ․

«Հարգելի ֆուտբոլասերներ, տեղեկացնում ենք, որ «Նոա» ակումբի ֆուտբոլիստ Ալան Տատաեւը որակազրկվել էր երեք խաղով (ՀՖՖ կարգապահական կոմիտեի 11․06․2020 թ․ նիստի որոշմամբ) և այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել էր հաղորդագրություն, և այն մինչև այս պահը առկա է կայքում։

Հետաքրքիրն այն է, որ Տատաեւի որակազրկումը ավարտվում էր «Նոա» - «Լոռի» հանդիպումից հետո, սակայն հաշվետու խաղում այս ֆուտբոլիստը հայտավորված էր «Նոայի» մեկնարկային կազմում։

Ինչպես տեղեկացանք մրցակից թիմի ղեկավարությունից, երեկ ուշ գիշեր (հունիսի 19) ՀՖՖ բողոքարկման կոմիտեն, ի դեմս կոմիտեի նախագահ Արմեն Դավթյանի (ի դեպ նա ֆուտբոլի հետ որեւէ առնչություն չունի), կայացրել է որոշում և մեկ խաղով կրճատել որակազրկումը, ինչի մասին տեղյակ չի պահվել ո՛չ «Լոռի» ՖԱ-ին, ո՛չ էլ հրապարակվել է ՀՖՖ պաշտոնական կայքում։ Ավելին՝ հունիսի 19-ին՝ 18։08-ին ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է Բարձրագույն խմբի 24-րդ տուրը որակազրկման պատճառով բաց թողնող ֆուտբոլիստների եւ պաշտոնյաների ցանկը, որտեղ ներառված է նաեւ Ալան Տատաեւը։

Ստացվում է, որ ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակում է որոշում, բայց կուլիսների հետևում կայացվում է այլ որոշում։ Նման գործելակերպը հակասում է մարզական բոլոր սկզբունքներին։

«Լոռի» ՖԱ-ն հորդորում է ՀՖՖ-ին լրջորեն մոտենալ նման հարցերին և հարգել ակումբներին, նրանց կատարած աշխատանքը։ «Լոռի» ՖԱ-ն ՀՖՖ-ից սպասում է արագ արձագանք և պարզաբանում, որպեսզի մենք որոշենք մեր հետագա քայլերը»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 24-րդ տուրում «Լոռին» Երեւանում «Նոային» պարտվել է 1։2 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։