Հայկական թենիսի խնդիրներն ու հեռանկարները․ հարցազրույց (ֆոտո)

13:32   21 հունիսի, 2020

Թենիսը Հայաստանում մեծ մասսայականություն ունեցող եւ սիրված մարզաձեւերի շարքին է դասվում, բայց մյուս խաղային ձեւերի նման այդքան էլ զարգացում չունի: Պատճառները տարբեր են՝ ֆինանսականից մինչեւ կադրային: Տղամարդկանց թենիսում բանակն է խանգարում, կանանց՝ ամուսնությունը: Զարգացման խոչընդոտներից մեկն այսպես է բնութագրում թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը:

NEWS.am Sport-ի թղթակիցը Վահե Ավետիսյանի հետ զրուցել է հայկական թենիսի զարգացման, խնդիրների ու Հայաստանում մարզաձեւի հեռանկարների մասին:

Պարոն Ավետիսյան, կարանտինի պայմաններում ինչպե՞ս եք կազմակերպում թենիսի մարզումները:

Հավաքականների մարզումները կենտրոնացած են In court ակումբում: Մարզիկների, մարզիչների մուտքը ակումբ, կորտ հսկվում է երկու անգամյա ջերմաչափումով, ախտահանիչ նյութեր են տեղադրված բոլոր տեղերում, թենիսի ռակետներն ախտահանվում են մարզումներից առաջ եւ հետո: Թենիսն այս պայմաններում ամենաանվտանգ մարզաձեւն է:

Միջազգային ֆեդերացիան հատուկ կանոններ է սահմանել կարանտինի պայմաններում մարզումներ անցկացնելու համար. թենիսիստները կողք կողքի պետք է չնստեն, խաղի վերջում միմյանց ձեռք ձեռքի չպետք է տան, խաղի մրցափուլի ավարտից հետո կորտերը պետք է փոխեն հակառակ կողներից: Հանդերձարանները փակ են, թենիսիստները կորտ պետք է գան եւ գնան հագուստը փոխած:

Հավաքականների անդամները կարանտինից հետո շատ լավ են վերսկսել մարզումները: Եթե նախկինում մեկ ժամ էին մարզվում, հիմա 2-3 ժամ «սովածների» պես մտնում են կորտ եւ մարզվում: Արդեն հասցրել են այս կարճ ժամանակահատվածում մարզավիճակ հավաքել: Եթե նույնիսկ մրցաշար նշանակվի թեկուզ երկրի ներսում, թիմերը պատրաստ են, նրանց մարզավիճակն ինձ գոհացնում է:

Մենք ներքին շատ մրցումներ ունենք, որոնք թույլտվություն ստանալուց հետո հերթականությամբ կանենք: Սա իր դրական կողմն ունի, որ թենիսիստները շատ արագ կվերականգնվեն, որովհետեւ ամեն շաբաթ մրցում կանցկանենք: Ներքին մրցումներ ունենք In court-ում,  Ten-Ford ակումբներում, Գյումրիում, «Արարատ» ակումբում եւ Վահագնի թաղամասի թենիսի կորտերում:

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, այն ամեն տարի անցկացնում ենք սեպտեմբերին եւ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դեռեւս չենք տեղափոխել, չենք հետաձգել: Ամեն ինչ կախված է համավարակից:

Շատ բողոքներ ենք ստանում, թե ինչու են ֆուտբոլին թույլ տալիս Բարձրագույն խմբի խաղերն անցկացնել, մեզ եւ մեր նման շատ մարզաձեւերի՝ ոչ: Մենք էլ բացատրում ենք, որ ֆուտբոլն ուրիշ աշխարհ է, նախարարությունը թույլ չի տալիս: Համաձայն ենք բողոքների հետ, որ բացառություն պետք չի անել. թենիսի ներքին մրցաշարերը կարող էինք անցկացնել: Թենիսիստները կորտում խաղում են 600 քմ տարածքի վրա: Ամբողջ աշխարհում զուգախաղերը հանված են: Բաց երկնքի տակ, երկու հոգի միմյանցից 30 մետր հեռավորության վրա, առանց որեւէ կոնտակտի մրցելու էին:

Իսկ ֆեդերացիան դիմե՞լ է նախարարությանը կամ պարետատանը մրցաշարեր կազմակերպելու թույլտվություն ստանալու համար:

Այո, երկու անգամ դիմել է նախարարությանը: Առաջին անգամ դիմեցինք մարզումները վերսկսելու համար ապրիլին, այդ ժամանակ դեռ պրոֆեսիոնալ մարզիկներին էլ թույլ չէին տալիս մարզվել, համընդհանուր կարանտին էր: Մարզումները վերսկսելու թույլտվությունը նախարարությունը մերժել էր՝ պատճառաբանելով, որ որեւէ մարզաձեւի նկատմամբ բացառություն չի լինելու: Հետո, երբ թույլ տվեցին մարզվել, դիմեցինք մրցաշարեր կազմակերպելու համար, կրկին մերժում ստանանք՝ պատճաաբանությամբ, որ միջոցառում կազմակերպել եւ անցկացնելն արգելված է:

Ովքե՞ր են այսօր հայկական թենիսի առաջատարները, ի՞նչ ներուժ ունենք:

Տղամարդկանց հավաքականում ունենք 2 ուժեղ խաղացող, որոնք այսօր միջազգային մրցաշարերում ներկայացնում են Հայաստանը: Նրանցից մեկը նախորդ տարի է համալրել հավաքականը. Արթուր Սողոյանն է: Նրա խաղամակարդակը լիարժեք համապատասխանեց մեծերում հանդես գալու համար, եւ ես նրան ընդգրկեցի:

Անցած տարի խաղաց Դեվիսի գավաթ, 3 շրջան հաղթանակ տարավ, 4-րդում պարտվեց: Շատ լավ արդյունք էր: Առաջին ռակետն այս պահին Հայաստանում Միքայել Ավետիսյանն է: Նա զինծառայությունից վերադարձավ եւ շատ լավ աշխատանքի արդյունքում վերակագնվեց: Հավաքականի մյուս երկու տեղերի թենիսիստներին պետք է ընտրեմ պատանիներից, քանի որ լավ խաղացողներ չունենք: Իրականում շատ լավ տղաներ ունեինք, որոնք այժմ ինչ-ինչ պատճառներով լքել են թենիսը, Հայաստանում չեն: Միքայել Խաչատրյան ունեինք, որը տեղափոխվեց ԱՄՆ եւ չի կարող գնալ-գալ, այնտեղից հանդես գալ հավաքականի կազմում: Մյուս երկու տեղերի համար լավ թեկնածուներ ունենք՝ Նադիր Սարգսյան, Յուրա Մարտիրոսյան, Դանիել Կարապետյան: Նրանք կընտրվեն Դեվիսի գավաթից հետո՝ ըստ իրենց մարզավիճակի եւ արդյունքների: Մեծ խաղացողներ չունենք, որովհետեւ 18 տարեկանը լրանալուն պես մեր տղաները գնում են բանակ, իակ նրանցից շատ քչերն են վերադառնում կորտ:

Նշեցիք, որ բանակը խոչընդոտ է մարզաձեւի համար: Ի՞նչ չափանիշներ են սահմանված թենիսում զինծառայությունը սպորտային վաշտում անցնելու համար:

Սա մեր խնդիրներից մեկն է տղամարդկանց թենիսում: Արթուր Սողոյանն արդեն բանակային տարիքում է եւ հենց նրա հարցով օրերս հանդիպում ունեցանք պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Այս հարցով բազմաթիվ ժողովներ էլ են եղել, ինքս էլ մասնակցել եմ եւ ներկայացրել մեր առաջարկները թենիսիստների հետ կապված: Սա իսկապես լուրջ խնդիր է: Այժմ խոսում եմ որպես նախկին թենիսիստ եւ որպես գլխավոր մարզիչ. Հայաստանի Հանրապետության չեմպիոնը ոչ մի բան է: Կա Դեվիսի գավաթ, որտեղ մենք երրորդ ենթախմբում ենք. այդտեղի հաղթանակներն էլի ոչ մի բան են: Մեզ ասում են արտոնություն ունեն աշխարհի, Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները: Թենիսում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ գոյություն չունեն: Կա Դեվիսի գավաթ, որը համարվում է աշխարհի թիմային առաջնություն: Եվ կա Tennis Europe մրցաշար: Հայ թենիսիստներից 5-6 հոգու է հաջողվել այս 30 տարիների ընթացքում Tennis Europe-ում հաղթել: Դա էլ ենք ցույց տալիս, ասում են՝ չի անցնում: Լավ, բա ի՞նչը պետք է անցնի, որ սպորտային վաշտում ծառայելու հնարավորություն ունենան մեր տղաները: Ես հասկանում եմ, որ մեր երկրում մեդալներին են նայում:

Ուժային, մենապայքարային մարզաձեւերում մեդալներ ենք նվաճում, բայց թենիսի հետ պետք չի համեմատել: Սա ամենաբարդ մարզաձեւերից մեկն է: Տարեսկզբից տարեվերջ աշխարհի առաջին ռակետ լինելը կատաստրոֆիկ դժվար է: Ծանրորդը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց, մինչեւ մյուս տարի նա համարվում է աշխարհի գործող չեմպիոն: Թենիսում աշխարհի առաջին համարի կարգավիճակում մի մրցաշարում պարտվեցիր, դիրքդ անմիջապես կորցնում ես, հետ ես գնում: Յուրաքանչյուր մարզաձեւի պետք է յուրովի մոտեցում ցուցաբերել, ըստ այդմ էլ արտոնություններ տալ:

Որեւէ առաջարկ ներկայացրե՞լ եք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում:

Առաջարկել ենք թենիսիստների համար հաշվի առնել յուրաքանչյուրի անձնական տվյալներն ու  մրցաշարերի 20 տարվա վիճակագրություն, որպեսզի համեմատեն, թե ինչ կարգի մրցաշարերի ենք մասնակցել: Արթուր Սողոյանը 2017 թվականին Հունգարիայի Գյոռ քաղաքում մասնակցեց Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնին եւ զբաղեցրեց 5-րդ տեղը: Սա հայկական թենիսի պատմության մեջ աննախադեպ արդյունք էր:  Դա եմ ներկայացրել որպես արդյունք, ասում են, բայց 5-րդ տեղ է: Բացատրում եմ, որ դա շատ լուրջ մրցում է: Խոստացան ներկայացնել այդ արդյունքը. հուսանք կանցնի:

Պարոն Ավետիսյան, անկախ Հայաստանի պատմության մեջ միայն մեկ թենիսիստ ենք ունեցել Օլիմպիական խաղերի մասնակից՝ Սարգիս Սարգսյանը: Ի՞նչն է պատճառը, որ նրանից բացի  որեւէ մեկին չի հաջողվում վարկանիշ ձեռք բերել:

Թենիսում շատ բարդ է Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ձեռք բերել: Դու պետք է աշխարհի լավագույն 60-ում լինես: Դրանից ներքեւ եղար, Խաղերին մասնակցելու իրավունք չես ունենում: Սարգիսը եղել է աշխարհի 38-րդ խաղացողը: Գուցե թենիսից չհասկացողներն ասեն՝ ի՞նչ 38: Հինգ տարի նա եղել է աշխարհի լավագույն 100-ի մեջ եւ երկու տարուց կանցնի ցմահ թոշակի: Մասնագետները կփաստեն՝ թենիսում աշխարհի 100-ի կամ 150-ի մեջ լինելը հավասարազոր է ծանրամարտից, ըմբշամարտից օլիմպիական չեմպիոն լինելուն: Սարգիսը երեք Օլիմպիական խաղերի է մասնակցել՝ Ատլանտա-96, Սիդնեյ-2000 եւ Աթենք-2004: Հուսանք, նրա պես թենիսիստ էլի կունենանք մի օր:

Շատ մեծ գումարներ են պետք թենիսի զարգացման համար, լավ կադրեր ունենալու համար: Մեր մենթալիտետն այսպիսին է. գնա մեքենա առ, ես քեզ նոր անիվներ կնվիրեմ: Եթե փող չունեմ, ինչպես մեքենա գնեմ, որ դու էլ ինձ անիվներ նվիրես: Նույն կարգավիճակն է՝ արդյունք բեր, գումար տամ:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։