Բելգիական «Գենտի» հայ մարզիչը. Հարցազրույց (ֆոտո)

09:10   20 հունիսի, 2020

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում աշխատող հայ մարզիչների:

26-ամյա մարզիչ Հայկ Մելքոնյանը վերջերս գլխավորել է բելգիական «Գենտի» պատանեկան՝ Մ-15 տարեկանների թիմը:

«Ծնվել եմ 1993 թվականի օգոստոսի 24-ին Բեյրութում: 3 տարեկան էի, երբ իմ ընտանիքը տեղափոխվեց բելգիական Անտվերպեն, որտեղ ես ապրում եմ մինչ օրս:

Ես ֆուտբոլ խաղացել եմ մինչև 17 տարեկանը, սակայն ծանր վնասվածքներն ու բելգիական ակումբների ակադեմիաներում մարզչական կարիերա սկսելու հնարավորությունն ինձ ստիպեցին «խաղակոշիկները կախել մեխից»:

2011 թվականին ընդունվել եմ Լյովենի սպորտային գիտության համալսարան, 2011-2012 թվականներին մարզել եմ OH Leuven-ի Մ-7 տարեկանների թիմը, այնուհետև աշխատել եմ ռեգիոնալ լիգայի VK Linden ակումբի երիտասարդական թիմի հետ:

2013-2015 թվականներին գլխավորել եմ Royal Antwerp FC-ի Մ-7, այնուհետև Մ-9-ից մինչև Մ-11 տարեկանների թիմերը, օգնել եմ երկրորդ թիմի գլխավոր մարզիչին, 2015-2017 թվականներին գլխավորել եմ YR KV Mechelen-ի պատանեկան՝ Մ-10, Մ-12, Մ-13 և Մ-16 տարեկանների թիմերը:

2016 թվականին մարզչական A կարգի արտոնագիր և Elite Youth License եմ ստացել ՈւԵՖԱ-ի կողմից:

2017 թվականից աշխատում եմ սկաուտ և որոնում եմ տաղանդների՝ համագործակցելով Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

23 տարեկանում, աշխատելով KVW Zaventem-ում, ճանաչվել եմ Բելգիայի National լիգայի (չորրորդ դիվիզիոն) ամենաերիտասարդ մարզիչ, իսկ արդեն 1 տարի անց գլխավորել եմ KFC Turnhout-ը, որն իմ գլխավորությամբ կարողացավ պահպանել տեղը երրորդ դիվիզիոնում:

2020/2021 մրցաշրջանի համար ես պայմանագիր եմ կնքել Բելգիայի լավագույն ակումբներից մեկի՝ KAA Gent-ի հետ: Գլխավորել եմ Մ-15 տարեկանների թիմը, զուգահեռաբար կկատարեմ նաև Մ-8-ից Մ-12 տարեկանների թիմերի մարզական տնօրենի պարտականությունները:

Շարունակում եմ լեզուներ սովորել: Արդեն տիրապետում եմ 9 լեզվի, որից մի քանիսին՝ կատարյալ: Եթե հայերենը չհաշվենք, ապա դրանք են անգլերենը, հոլանդերենը, գերմաներենը, 
իսպաներենը, ֆրանսերենը, իտալերենը, ռուսերենը և արաբերենը:

Իմ մտքերն ու սիրտը կապված են Հայաստանի հետ: Նախորդ տարվա դեկտեմբերին ես այցելել եմ հայրենիք, ծանոթացել եմ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ, ծանոթացել եմ նաև Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրին: Շատ ուրախ եմ, որ 
Հայաստանում ֆուտբոլը զարգանում է: Հուսով եմ, որ մոտ ապագայում կկարողանամ օգտակար լինել հայկական ֆուտբոլին իմ մարզչական փորձով»,- նշել է Հայկ Մելքոնյանը:

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.