Արոնյանը հաղթեց Գրիշչուկին եւ կիսաեզրափակիչում կմրցի Կարլսենի հետ

01:20   10 հունիսի, 2020

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին։

Հունիսի 9-ին տեղի ունեցան քառորդ եզրափակիչի 7-ից 12-րդ պարտիաները։ Գրոսմայստերները երկրորդ մրցումային օրը պայքարը սկսեցին ոչ ոքիից, հետո Արոնյանը պարտություն կրեց, սակայն օրվա երրորդ պարտիայում հաղթանակ տարավ։

Հաջորդ երեք պարտիաներում կրկնվեց նույն սցենարը՝ ոչ ոքի, Արոնյանի պարտությունն ու հաղթանակը։ Վերջին պարտիայում վաստակած երեք միավորի շնորհիվ հայ գրոսմայստերը հաղթեց ընդհանուր՝ 10։8 հաշվով։ 11-րդ եւ 12-րդ պարտիաներում հաղթանակի համար շնորհվում է 3-ական միավոր, ոչ ոքիի համար՝ 1,5-ական միավոր։

Առաջին 6 պարտիաներում Լեւոն Արոնյանը մեկնարկել էր պարտությամբ, հետո խաղացել ոչ ոքի, իսկ երրորդ պարտիայում հավասարեցրել հաշիվը։

Չորրորդ եւ 5-րդ պարտիաները եւս ավարտվել էին ոչ ոքի, իսկ վճռական պարտիայում Արոնյանը սեւերով հաղթանակ էր տարել եւ վաստակել 5 միավոր։ 5-րդ եւ 6-րդ պարտիաներում հաղթանակի համար շնորհվում էր 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

Եզրափակիչի ուղեգրի համար Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որը պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրի Սյոնգին՝ 11,5։6,5։

Մրցանակային հիմնադրամը 265 հազար դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։