Գրոսմայստեր Տիգրան Հարությունյան․ Հայաստանում գրոսմայստերը նույնիսկ սպորտային վաշտում տեղ չունի

19:46   9 հունիսի, 2020

Հայաստանում գրոսմայստերը նույնիսկ սպորտային վաշտում տեղ չունի: Այնպիսի օրենքներ են սահմանված շախմատիստների համար, որ ուղղակի անտրամաբանական է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, միջազգային մրցաշարերի հաղթող Տիգրան Հարությունյանը, որը բաց նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սպորտային վաշտում ծառայություն անցնելու մասին օրենքը վերանայելու խնդրանքով:

Տիգրան Հարությունյանի բաց նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի ´պարոն Փաշինյան,

Ես շախմատի գրոսմայստեր, բազմաթիվ խոշոր միջազգային մրցաշարերի հաղթող Տիգրան Հարությունյանն եմ։ Այս տարվա ամռանը պետք է զորակոչվեմ ՀՀ զինված ուժեր։ Զինվորական ծառայությունից տարկետում ստանալու նպատակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, սակայն ստացել եմ մերժում, դիմել եմ նաև ՀՀ պաշտպանության նախարարին, խնդրանքով՝ ծառայությունս սպորտային վաշտում անցկացնելու նպատակով, որպեսզի հնարավորություն ունենամ ինչ որ չափով պահպանելու մարզավիճակս ծառայության ընդացքում և հետագայում միջազգային կարևորագույն մրցաշարերում պատվով ներկայացնել մեր երկիրը՝ ինչպես արել եմ մինչ օրս: Ստացել եմ մերժում այն բացատրությամբ, որ իմ մարզական հաջողությունները բավարար չեն համապատասխան օրենքի: Որը ըստ իս, նաև ոլորտից տեղյակ բոլոր մասնագետների համար տրամաբանությունից դուրս է, և կարիք ունի վերանայման:

Մի՞թե գրոսմայստերի կոչում ունենալը և մեր երկրի դրոշը բազմաթիվ անգամներ բարձրացնելը աշխարհի տարբեր երկրներում չի համարվում հաջողություն: Գոնե այնքանով որ հնարավորություն ունենամ ծառայելու սպորտային վաշտում:

Ակնհայտ է, որ 2 տարի շախմատով զբաղվելու հնարավորություն չունենալու պարագայում, խաչ կքաշեմ իմ 18 տարվա ստեղծած կարիերայի վրա:

Հույսով եմ կարձագանքեք»:

Տիգրան Հարությունյանը պատանիների Հայաստանի 8-ակի չեմպիոն է, պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, պատանիների համաշխարհային թիմային Օլիմպիադայի փոխչեմպիոն, պատանիների «Աշխարհի աստղեր» մրցաշարի հաղթող, Aeroflot Open-2020 մրցաշարի B ենթախմբի հաղթող, բազմաթիվ այլ միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր: 22 տարեկանում ստացել է գրոսմայստերի կոչում: 23-ամյա Տիգրան Հարությունյանին դեռեւս չի հաջողվում Հայաստանի առաջնությունում հաղթել եւ հավաքական կազմ ընդգրկվել:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ գրոսմայստերը նշեց, որ իր նամակն ուղղված վարչապետին դեռեւս անարձագանք է եւ որ իր նպատակը ոչ այնքան տարկետում ստանալն է, այլ հետագայում իր նման շատ գրոսմայստերների համար խնդրին լուծում տալը:

Տիգրան, մի փոքր մանրամասնիր խնդիրը:

Հայաստանում գրոսմայստերը սպորտային վաշտում տեղ չունի: Անհասկանալի պահանջներ են ներկայացված շախմատիստների համար սպորտային վաշտում զինծառայությունն անցնելու համար: Ես այժմ 23 տարեկան եմ: 18 տարեկանում ընդունվեցի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, անվճար հիմունքով, որի համար կար սահմանված տարկետում: Հետագայում եւս մեկ անգամ տարկետում ստացա 20 տարեկանում 3 տարով: Այժմ լրացել է այդ 3 տարին եւ այս ամառ  պետք է զորակոչվեմ: 2019 թվականին ստացա գրոսմայստերի կոչում: Նախորդ երեք տարվա տարկետումը ես ստացա պատանիների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Հիմա այդ հաջողությունները հաշվի չեն առնում, քանի որ 3 տարին արդեն լրացել է: Ասում են՝ պետք է աշխարհի հնգյակում լինեմ: Ծիծաղելի է: Այնպիսի օրենքներ է դրված, որ երեւի Լեւոն Արոնյանն էլ այս պահին չհամապատասխանի նրանց պահանջներին: Այս օրենքները պետք է վերանայվեն, որպեսզի հետագայում հայ գրոսմայստերները ինձ պես խնդրի առաջ չկանգնեն: Եթե գրոսմայստեր ես, առանց խնդրի պետք է ծառայությունն անցնես սպորտային վաշտում: Ես չեմ ճանաչում մի գրոսմայստերի, որ սպորտվաշտում ծառայելու իրավունք չունենար նախկինում:

Այսինքն՝ դու դիմել ես նորից տարկետում ստանալու նպատակո՞վ, թե՞ ծառայությունդ սպորտային վաշտում անցնելու համար:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարությանը մեկ ամիս առաջ դիմեց ինձ տարկետում տալու հարցով: Մեզ մերժեցին պատճառաբանությամբ, որ իմ մարզական հաջողությունները բավարար չեն: Հետո դիմեցին Պաշտպանության նախարարությանը, որ զինծառայությունս գոնե սպորտային վաշտում անցնեմ, այդտեղից էլ մերժեցին:  

Մեզ ներկայացված մերժումներում նշված է 2018 թվականի օրենքի այսինչ կետի համաձայն: Երբեք չենք մտածել, որ գրոսմայստերի կոչումով խնդրի առաջ կկանգնենք եւ մարզական հաջողությունները կհամարվեն ոչ բավարար: Նախկինում գրոսմայստերը զինծառայությունը առանց որեւէ խնդրի անցնում էր սպորտային վաշտում:

Սա միայն իմ հարցը չի: Շուտով Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը նույն խնդրի առաջ են կանգնելու: Շախմատից մի քիչ հասկացողները բոլորն էլ համամիտ են ինձ հետ, որ պետք է օրենք փոխվի, գրոսմայստերները սպորտային վաշտում ծառայելու արտոնություն ունենան, բայց ոչ ոք քայլ չի անում: Համեմատում են մյուս մարզաձեւերի հետ, բայց շախմատը պետք է մի քիչ առանձնացնել: Խելքին մոտ չի, օրինակ, այս տարիքում աշխարհի հնգյակում լինելը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամանդ մինչ այս պահն արձագանք չի՞ ստացել:

Դեռեւս ոչ: Ես վարչապետի ֆեյսբուքյան էջին հունիսի 8-ին եմ նամակն ուղարկել: Մինչ այս պահը որեւէ արձագանք չկա, իրականում այդքան էլ հույս չունեմ, որ նա կարձագանքի: Իրականում, սա լուրջ խնդիր է: Մեծ խնդրանքս է՝ շախմատիստների հարցում օրենքը վերանայել:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։