10:01 28 մայիսի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում աշխատող հայ մասնագետների:
Կատալոնական «Բարսելոնայի» ամերիկյան ակադեմիայում աշխատում է մարզիչ Վահան Մարտիրոսյանը:

NEWS.am Sport-ի հետ զրույցում 30-ամյա մասնագետը պատմել է Վանաձորից ԱՄՆ իր ճանապարհի, New York City FC-ում և Barca Residency Academy USA-ում իր աշխատանքի, ֆուտբոլի համաշխարհային աստղերի հետ ծանոթության ու Հայաստանում աշխատելու ցանկության մասին:
ՎԱՆԱՁՈՐԻՑ` ԱՄՆ. 23 ՏԱՐԵԿԱՆՈւՄ ԱՎԱՐՏՎԱԾ ԿԱՐԻԵՐԱ
«Ծնվել եմ Վանաձորում 1989 թվականին: Մանկության տարիներին այդքան էլ հաճախ ֆուտբոլ չեմ խաղացել: Հիշում եմ, որ մի քանի անգամ մարզումների եմ այցելել «Լոռիի» ստադիոնում: Հիշում եմ նաև՝ ինչպես մի անգամ մարզվեցինք դատարկ լողավազանում:
Երբ 9 տարեկան էի, տատիկիս ու պապիկիս հետ տեղափոխվեցի Երևան: Այդ ժամանակ ծնողներս մշտական բնակության մեկնեցին ԱՄՆ՝ ապագայում մեզ համար լավ կյանք ապահովելու հստակ նպատակով:
Ծնողներիս հետ վերամիավորվեցի 2004 թվականին ԱՄՆ-ում: Հենց այնտեղ էլ սկսեցի կայուն կերպով զբաղվել ֆուտբոլով: Սովորելուս զուգահեռ հանդես եմ եկել մի քանի թիմերում: Այստեղ ծանոթացել ու խաղացել եմ մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստների հետ: Ֆիլիպինների ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քրիս Գրեյթվիչը ներկայումս իր ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է: Իմ նախկին թիմակիցներից ոմանք հանդես են գալիս ՄԼՍ-ում:

Չնայած նրան, որ շատ ուշ եմ ֆուտբոլիստի կարիերա սկսել, կարողացել եմ հասնել մինչև ԱՄՆ-ի երրորդ դիվիզիոն, քանի որ պարզապես ապրում էի ֆուտբոլով: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես ֆուտբոլով սկսեի զբաղվել մի քանի տարի շուտ: Ես հաճախ եմ այդ հարցն ինձ տվել: Այնուամենայնիվ, ինչ եղել է, արդեն անցյալում է»:
ԱՇԽԱՏԱՆՔ NEW YORK CITY FC-ՈւՄ. ՎԻԵՅՐԱ, ՍԻԼՎԱ ԵՎ ԲՈԼՈՐ, ԲՈԼՈՐ, ԲՈԼՈՐԸ
«20 տարեկանից սկսեցի հետաքրքրվել և զբաղվել մարզչական աշխատանքով: Տարբեր պատանեկան թիմերում աշխատելուց հետո ես համալրեցի իմ առաջին մեծ ակումբը՝ New York City FC-ին, որտեղ հանդիսանում էի ակադեմիայի պատանեկան թիմերի մարզիչների օգնական:

Դա անհավանական բարձր մակարդակ էր: Այդ ակումբում ես հանդիպեցի ֆուտբոլային աշխարհի շատ աստղերի, որոնց նախկինում միայն հեռուստատեսությամբ էի տեսել: Նույն սեղանի շուրջ Պատրիկ Վիեյրայի և Դավիդ Վիլիայի հետ նստելը, զանազան թեմաներով նրանց հետ խոսելը շատ արժեքավոր փորձ էր, որը ես երբեք չեմ մոռանա:
New York City FC-ի հանդիպումներից մեկի ժամանակ նստած էի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի կողքին: Որպես մանչեսթերյան ակումբի վաղեմի երկրպագու՝ ես չէի կարող բաց թողնել շոտլանդացի մարզչի հետ ծանոթանալու հնարավորությունը:

Ինձ վրա մեծ ազդեցություն է գործել ամերիկացի լեգենդար ֆուտբոլիստ, ԱՄՆ-ի ազգային հավաքականի նախկին ավագ Կլաուդիո Ռեյնան: Ինձ բախտ է վիճակվել աշխատել նրա որդու հետ, որը կարող է դառնալ համաշխարհային ֆուտբոլի նոր աստղ»:
ՏԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ «ԲԱՐՍԵԼՈՆԱ»
«New York City FC-ում բեղմնավոր աշխատանքից հետո ես շատ հետաքրքիր առաջարկ ստացա և տեղափոխվեցի կատալոնական «Բարսելոնայի» ամերիկյան ակադեմիա՝ Barca Residency Academy USA, գլխավորեցի ակադեմիայի Մ-18 տարեկանների պատանեկան թիմը:
Շատ դժվար է համեմատել այս ակադեմիաները: Երկուսն էլ ամենաբարձր մակարդակի վրա են: Ստեղծված են բոլոր պայմանները ֆուտբոլիստների և մարզիչների առաջընթացի համար: Ամեն ինչ քո ձեռքերում է`աշխատիր և առաջընթաց ունեցիր:
Երկու ակադեմիաներում էլ խաղաոճը գրեթե նույնն է, պաշտպանությունից հարձակման անցնելիս խրախուսվում են ազատ գործողությունները: Թե՜ New York City FC-ում, և թե՜ Barca Residency Academy USA-ում շեշտը դնում են գնդակը վերահսկելու վրա»:
«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»
«Ես անընդհատ մտածում եմ այն մասին, որ կարող եմ իմ մարզչական հմտություններով օգտակար լինել Հայաստանին: Ես ուզում եմ հասնել այնպիսի մակարդակի, որից հետո վստահորեն կարող եմ ասել. «Պատրաստ եմ»: Կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում, և ես օգտակար կլինեմ իմ հայրենիքին»:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.