13:40 18 մայիսի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։
Շվեդական Falkenbergs FF ակումբի Մ-19 տարեկանների պատանեկան թիմի ավագը հայ կենտրոնական պաշտպան Էդգար Խաչատրյանն է:

«Ծնվել եմ 2001 թվականի փետրվարին Դանիայում: Իմ ընտանիքը Շվեդիա է տեղափոխվել, երբ ես դեռ երեխա էի: Իմ հասակը 191 սմ է, խաղում եմ կենտրոնական պաշտպանի դիրքում:
Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 8 տարեկանից Köping FF ակումբում: 2 տարի անց տեղափոխվել եմ Landskrona BoIS, որտեղ խաղացել եմ մինչև 12 տարեկանը: Կարիերայիս սկզբնական շրջանում խաղացել եմ նաև կիսապաշտպանությունում, ինչի շնորհիվ ունեմ նաև հարձակողական հմտություններ:
Landskrona BoIS-ում ինձ նկատեցին Falkenbergs FF-ի սկաուտները, որտեղ խաղում եմ մինչ օրս: Իմ ակումբը ներկայացնում է Շվեդիայի Բարձրագույն խումբը՝ Allsvenskan-ը: Ես Մ-19 տարեկանների թիմի ավագն եմ, պարբերաբար խաղում են նաև Մ-21 տարեկանների երիտասարդական թիմում և մարզվում գլխավոր թիմի հետ:

Նախորդ տարի Falkenbergs FF-ի պատանեկան թիմի կազմում դարձել եմ Շվեդիայի առաջնության չեմպիոն: 22 խաղերից պարտվել ենք միայն 1-ում՝ խփելով ավելի քան 70 և բաց թողնելով 18 գոլ:
Հաշվի առնելով այն, որ ես Շվեդիայում հանդես եմ գալիս բավականին բարձր մակարդակում և իմ թիմի առանցքային խաղացողներից մեկն եմ՝ կարծում եմ, որ արժանի եմ հրավեր ստանալ Հայաստանի երիտասարդական հավաքականից: Կապի մեջ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը մեծ պատիվ ու երազանքի իրականացում կլինի ինձ համար: Շատ շնորհակալ եմ Ձեր հետաքրքրության և հարցազրույցի համար»,- նշել է Էդգար Խաչատրյանը:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.