Մխիթարյան. Իտալացիները շատ նման են հայերին

12:38   18 մայիսի, 2020

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանավորչությամբ գործող «A Day With…» հաղորդմանը:

Հայաստանի ազգային թիմի ավագը նշել է, թե որն է իր գլխավոր նպատակը «Ռոմայում», նաև նշել, որ իտալացիները շատ նման են հայերին:

«Ես ինձ շատ լավ եմ զգացել Իտալիայում, Հռոմում հենց այն օրվանից, երբ ոտք եմ դրել այս երկիր: Ես ինձ զգում եմ ինչպես տանը: Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ մնալ այստեղ: Աստիճանաբար ավելի լավ եմ տիրապետում իտալերենին, կարողանում եմ առանց դժվարությունների շփվել իտալացիների հետ և հարցազրույցներ տալ այդ լեզվով:

Իտալացիների հետ ապրելը շատ հեշտ է: Նրանք նման են հայերին, և կարող եմ ասել, որ տարբերությունը միայն լեզվի մեջ է:

Ինձ երկար ժամանակ չի մնացել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, և երբ ավարտում ես կարիերադ, մարդիկ քեզ գնահատում են նրանով, թե ինչ ես դու արել ակումբի համար, ինչ գավաթներ են նվաճել և ինչ արդյունքներ ես գրանցել: Ցանկանում եմ ցուցադրել իմ լավագույն խաղը և օգնել «Ռոմային» տիտղոսներ նվաճել: Իմ գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելն է:

Մարդիկ հաճախ թերագնահատում են Իտալիայի առաջնությունը, սակայն այստեղ խաղալը շատ հետաքրքիր է: Իտալիայի առաջնությունն ամեն տարի ավելի մրցակցային է դառնում: Նախորդ տարվա տրանսֆերները դրա վառ օրինակն են»,- նշել է Մխիթարյանը:

Հարցազրույցի վերջում 31-ամյա կիսապաշտպանը նշել է, որ կյանքում առաջնորդվել և շարունակում է առաջնորդվել հետևյալ սկզբունքով՝ շատ աշխատել, հավատալ ինքդ քեզ և երբեք չհանձնվել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։