22:15 17 մայիսի, 2020Երբ պարետատունը թույլ տվեց պրոֆեսիոնալ մարզիկներին մարզվել, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզումները չվերսկսվեցին, քանի որ տրանսպորտի խնդիր կար:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը (ՀԲՖ), որը խոսել է թիմի մարզումները չվերսկսելու պատճառների, առաջիկա ծրագրերի եւ Հովհաննես Բաչկովի առողջական վիճակի մասին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեկամսյա հարկադրված պարապուրդից հետո հայկական մարզաշխարհը մայիսի 4-ից վերադարձել է բնականոն մարզումների: Պարետի թույլտվությամբ պրոֆեսիոնալ մարզիկները սկսեցին մարզվել՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող պահանջները:
Առաջինը մարզումները սկսեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը, ապա ծանրամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաքի գնաց Աբովյանի մարզաբազա: Հենակետային մարզաձեւերից ըմբշամարտն ու բռնցքամարտը չվերսկսեցին հավաքակաների մարզումները: Ըմբիշները բավարարվում են տնային եւ բացօթյա մարզումներով, բռնցքամարտիկներն էլ՝ անհատական մարզումներով:
Պարոն Ադիլխանյան, ինչո՞ւ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը չի վերսկսել մարզումները, ի՞նչն է պատճառը:
Հայաստանի ազգային հավաքականը չի սկսել մարզումները, որովհետեւ տղաների մեծ մասը, որոնք բնակվում են Երեւանի ծայրամասերում, չէին կարողանում հաճախել մարզումների տրանսպորտի բացակայության պատճառով: Շատերը զանգում էին եւ ասում, որ չեն կարողանում գալ, հասնել մարզման վայր: Հասկանում ենք, որ այս դժվար իրավիճակում մարդիկ չեն աշխատում, շատերը գումար չունեն, օրական 2-3 հազար դրամ տաքսիներին տալը մեծ խնդիր էր: Սա է հիմնական պատճառը, որ կորցրինք այսքան ժամանակ:
Էջմիածնում եւս ունենք մի քանի տղաներ, որոնք չէին կարողանում գալ, որովհետեւ տրանսպորտն ամբողջովին պարալիզացված էր: Օրինակ՝ Էջմիածնի տղաները մարզումներին մասնակցելու համար օրական պետք է 5 հազար դրամ տաքսիներին տային: Մարդիկ չունեն, չեն կարողանում գալ:
Մայիսի 18-ից, երբ վերականգնվի տրանսպորտի աշխատանքը, հավաքականը կվերսկսի մարզումները, Երեւանում եւ մոտ մարզերում բնակվող բռնցքամարտիկները կհաճախեն մարզումներին:
Ինչ վերաբերում է մեր գյումրեցի բռնցքամարտիկներին՝ Եվրոպայի չեմպիոններ Հովհաննես Բաչկովին, Արթուր Հովհաննիսյանին եւ մյուսներին, նրանք մարզվում են իրենց անձնական մարզիչների մոտ: Տղաները աշխատում են, պատրաստվում են, տնային մարզումներից դուրս են եկել, այժմ մարզադահլիճային մարզումներ են անցկացնում:
ԱԻԲԱ-ի օրացուցային պլանը ե՞րբ կհաստատվի: Մարզումները վերսկսելուն պես ինչի՞ն կպատրաստվի ազգային հավաքականը:
Հիմա ամեն ինչ անորոշ է: Ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կլինի, ինչպես կդասավորվի: Պետք է սպասենք, մինչեւ հաստատվեն միջազգային մրցաշարերի անցկացման ժամկետները. Դրանք են 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, վարկանիշային մրցաշարերը, որոնցից մեկը Լոնդոնում չավարտվեց: Լոնդոնի մրցաշարը կիսատ մնաց: Թե որտեղ եւ երբ պետք է շարունակվի կիսատ մնացած մրցաշարը, նույնպես հայտնի չէ: Փարիզի վարկանիշային մրցաշարը նույնպես հայտնի չէ՝ երբ կլինի: Հուսանք՝ մինչեւ այս տարվա վերջ ամեն ինչ պարզ կլինի:
Կարծում եմ՝ այս ամենը դրական ազդեցություն չի ունենա սպորտի, բռնցքամարտի վրա: Պրոֆեսիոնալ մարզիկների համար այս դադարը բարդ հետեւանքներ կունենա: Հուսամ՝ քրտնաջան աշխատանքով կկարողանանք հետ բերել կորցրածը:
Տոկիո-2020-ի հետաձգումը մեկ տարով ի՞նչ հետեւանքներ կունենա:
Լավ չէր, որ հետաձգվեցին Խաղերը, քանի որ մեր տղաները պատրաստ էին վարկանիշային մրցաշարերին եւ օլիմպիական ուղեգրերի մեծ հավակնություններ ունեինք, ինչպես նաեւ մեդալային սպասելիքներ այս Օլիմպիական խաղերից: Բայց մարդկային կյանքերի, առողջության տեսանկյունից լավ էր, որ հետաձգվեց: Բոլորս էլ հասկանում ենք, որ հետաձգումը անխուսափելի էր: Ինձ համար մեր տղաների առողջությունն ավելի կարեւոր է: Հետագայում, կարծում եմ, մրցաշարերը կշարունակվեն եւ նրանք վարկանիշ ձեռք կբերեն:
Ի դեպ, հայ մարզիկներից միայն Հովհաննես Բաչկովի մոտ կորոնավիրուս հաստատվեց, նա բուժվեց եւ վերադարձավ տուն: Ինչպե՞ս է այժմ իրեն զգում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը եւ ի՞նչ ծրագրով է այս ընթացքում մարզվում:
Խոսել եմ Հովհաննեսի հետ, ինքս եմ նրա հետ կապ հաստատել, հետաքրքրվել նրա առողջությունից: Ասել է, որ լավ է, ամեն ինչ անցյալում է, լավ է իրեն զգում: Հովհաննեսը լավ անձնավորություն է, լավ մարդ, լավ մարզիկ: Նա մեր թիմի լիդերն է, մեր լավագույն բռնցքամարտիկը: Կարող եմ ասել, որ նա այս փորձությունն էլ հաղթահարեց, այս վիրուսին էլ հաղթեց, երկու տարի անընդմեջ հաղթեց Եվրոպայում, վստահ եմ, որ կհաղթի նաեւ Օլիմպիական խաղերում: Բաչկովը մեր իրական հույսերից մեկն է լինելու Տոկիո-2020-ում: Նա պետք է օլիմպիական մեդալ նվաճի, արդեն հասունացել է նրա ժամանակը, արժանի է օլիմպիական մեդալի:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.