Փաշիկ Ալավերդյան. Կորոնավիրուսն ինչպես կասի, այդպես էլ կանենք (ֆոտո)

09:08   14 մայիսի, 2020

Մեկամսյա կարանտինից հետո տղաների մոտ փոքր-ինչ ընկճվածություն նկատվեց, բայց մի քանի մարզում անց ամեն ինչ կարգավորվեց: Պարետատան թույլտվությամբ հավաք ենք անցնում բժշկի անմիջական հսկողությամբ: Նախապատրաստվում ենք հոկտեմբերին նախատեսված Եվրոպայի առաջնությանը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը եւ Հայաստանի հավաքականի մյուս ծանրորդները Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մայիսի 10-ից Աբովյանի մարզաբազայում ուսումնամարզական հավաք են սկսել։

Մեկամսյա կարանտինից եւ տնային պայմաններում մարզվելուց հետո Փաշիկ Ալավերդյանը նախաձեռնել է ոչ թե սովորական մարզումներ, այլ 14-օրյա ուսումնամարզական հավաք: Ըստ հավաքականի գլխավոր մարզիչի՝ մեկ տանիքի տակ հավաք անցնելն ավելի անվտանգ է, քան ուղղակի մարզումներ անցկացնելն ու տուն վերադառնալը:

Ծանրորդների մարզումներն անցկացվում են օրը երկու անգամ՝ թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանի անմիջական հսկողությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-14-ը Մոսկվայում պետք է տեղի ունենար ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վերջին վարկանիշայինն էր լինելու Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց մինչեը 2020 թվականի հոկտեմբեր:

Պարոն Ալավերդյան, պարետատունը պրոֆեսիոնալ մարզիկներին թույլ էր տվել միայն մարզումներ: Ինչպե՞ս ստացաք հավաք անցկացնելու թույլտվությունը:

Մեզ պարետատունը թույլատրեց, որ կազմակերպենք երկշաբաթյա հավաք: Այդ հարցում մեզ օգնեց փոխնախարար Գրիշա Թամրազյանը: Նա բավական ջանքեր էր գործադրել, որպեսզի կարողանա համոզել պարետին՝ հավաք անցկացնելու համար: Ամենաճիշտը սա է: Մենք ավելի լավ ենք մեկուսացված եւ պաշտպանված կորոնավիրուսից, քան տանը մեկուսացածները:

Եկեք ճիշտը մտածենք: Մեզ մոտ շատ լավ է կազմակերպվում սնունդը: Տանը մեկուսացված մարդիկ վերջին կոպեկներով մի կերպ կազմակերպում են իրենց սնունդը, այստեղ ավելի հարմար է, լավ: Նախատեսված սնունդ կա հատուկ մարզիկների համար: Ֆինանսական օգնություն ենք ստանում պարոն Ծառուկյանից եւ բարձր որակի սնունդով ապահովում մեր մարզիկներին:

Այսպես ծանրորդները մարզավիճակից դուրս չեն գալիս, չեն թուլանում, օրական երկու անգամ մարզումներ ենք կազմակերպում եւ պատրաստվում Եվրոպայի առաջնությանը:

Արդեն հստակեցվա՞ծ է Եվրոպայի առաջնության անցկացման ժամկետը:

Այս պահին միջազգային ֆեդերացիայի օրացուցային աղյուսակում գրված է հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ: Բայց հստակեցված ասելն այսպես է՝ «կորոնավիրուսն ինչպես կասի, այդպես կանենք»:

Այս պահի դրությամբ Եվրոպայի առաջնությունը նախատեսված է այդ ժամկետներում: Այդ օրերին ԵԱ-ին զուգահեռ նույն մրցավայրում պետք է տեղի ունենա նաեւ եվրոպական ֆեդերացիայի ղեկավարության ընտրություններ: Մենք մասնակցելու ենք այդ ընտրություններին պարտադիր, քանի որ անդամ պետություն ենք, ձայնի իրավունք ունենք, բացի այդ նաեւ թեկնածու ենք, ես էլ տեխնիկական հանձնաժողովի անդամ եմ: 

Ինչպիսի՞ն է ծանրորդների մարզավիճակը մեկամսյա կարանտինից հետո: Որքանո՞վ են տնային մարզումներն օգնել նրանց որոշակիորեն պահպանել մարզավիճակ:

Արտակարգ դրությունը հայտարարվեց մարտի 16-ին, իսկ այդ ժամանակ մենք Աբովյանում հավաք էինք անցնում: Մինչեւ ապրիլի 5-ը մնացինք այստեղ. հավաքն ավարտվեց ապրիլի 4-ին: Մինչ այդ խնդրել էինք Աբովյանի քաղաքապետարանին, ինչ-որ ձեւով մեզ աջակցել էին: Ամբողջությամբ փակ, մարդ չկար, լիարժեք բժշկի հսկողությամբ կարողացանք կարանտինի օրերին մեր հավաքն անել: Այդ օրերին օրական երկու անգամ տղաները ջերմաչափվում էին, հնարավոր բոլոր միջոցները կիրառում էինք, պահպանում էինք բոլոր հրահանգները: Մեզնից բացի դրսից որեւէ մեկի հետ կոնտակտ չունեինք, լրիվ փակված կարողացանք մեր մարզումներն անել:

Սա լավագույն միջոցն էր մեր պարագայում: Գիտե՞ք՝ ինչու էի այդքան շատ ուզում, որ մենք այստեղ մեկուսացվեինք, ինչպես հիմա ենք մեկուսացել. այդ ընթացքում զանգեցի տարբեր երկրների իմ ընկերներին՝ Վրաստանի, Ուկրաինայի: Նրանք կարանտինում էլ մարզվում էին, հավաք էին անում, մեկուսացել էին մեկ վայրում, բայց մարզվում էին: Նույնիսկ Իսպանիայի եւ Իտալիայի եւ անգամ ԱՄՆ-ի հավաքականները այդ ծանր իրավիճակում մարզվել են: Կարողացել են գտնել ելք. գտել են մի անկյուն, մարզումներ են անցրացրել ուղղակի մի քիչ ավելի կծկված ծրագրով: Այդ պատճառով ես էլ որոշեցի, որ պետք է թիմը մարզվի: Չէ՞ որ մենք հաղթող պետություններից մեկն ենք մեր մարզաձեւում: Մենք իրավունք չունենք պարտվելու: Իսկ եթե մարզումներ քիչ անենք, անպայման կպարտվենք:

Ամեն դեպքում մեկ ամիս մնացին տանը...

Այս պահին ինձ այդքան էլ չի հետաքրքրում, թե մեկ ամսվա ընթացքում որքանով են մարզավիճակ կորցրել, ավելի շատ հետաքրքրում է նրանց հոգեբանական վիճակը, որ չմոռանան՝ իրենք մարզիկ են, մարզվում են, պետք է մարզվեն եւ հասնեն բարձր արդյունքների: Չենք շտապում, Եվրոպայի առաջնությանը դեռ 6 ամսից ավելի կա, բայց եթե այսօր չմարզվենք, վաղը կզգացվի, որ վատ ենք մարզվել: Իսկ ես չեմ ուզում, որ այդ «վատ»  արտահայտությունը մեր մեջ լինի: Ես ուզում եմ, որ մենք ամենալավը լինենք: Մենք արդեն ապացուցել ենք Եվրոպային ու աշխարհին, որ ամենալավերից ենք: Մեկ աշխարհի առաջնությունում երկու չեմպիոն են ունեցել. ամեն պետությանը նման բախտ չի վիճակվում, չեն կարողացել հասնել դրան, իսկ մենք հասել ենք:

Տանը նստած մարզիկը զգում է իր մարզական մահը: Իսկ երբ տանից դուրս է գալիս եւ դահլիճ է մտնում, վստահություն է գալիս, որ ինքը սպորտին պետք է, սպորտն էլ իրեն է պետք:

Մեկ ամիս տանը մնալուց հետո առաջին մի քանի մարզումների ընթացքում զգացի որոշակի ընկճվածություն, բայց այսօր արդեն ամեն ինչ կարգավորվել է, մարզումներն անցկացնում են 80-90 տոկոսների վրա: Սրանք հոգեբանական նշանակություն ունեցող մարզումներ են։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգվելը բոլորիս համար ցավ ու դարդ է: Դա էլ նպաստեց մարզիկների հոգեբանական ընկճվածությանը, բայց հարմարվեցին:

Այս պահին միջազային ֆեդերացիան ի՞նչ մրցաշարեր է նախատեսել 2020-ում, բացի Եվրոպայի առաջնությունից:

Առաջիկայում ամենամոտ մրցաշարը ըստ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի օրացույցի, պետք է անցկացվի պատանիների Եվրոպայի առաջնությունը օգոստոսին Լատվիայում: Չեմ հավատում, որ կանցնի: Սեպտեմբերին էլ երիտասարդների Եվրոպայի առաջնությունն է Ֆինլանդիայում: Նորից անորոշ վիճակ է: Մեծահասակներն ունեն միայն Եվրոպայի առաջնություն, քանի որ դա վերջին վարկանիշայինն է: Այս տարի քանի որ օլիմպիական էր, որեւէ այլ միջազգային մրցաշար նախատեսված չէր, բացի վարկանիշայիններից: Կարծում եմ՝ Եվրոպայի առաջնությունը հոկտեմբերին անպայման կկայանա:

Տղաների հավաքը կավարտենք մայիսի 24-ին, որից հետո նպատակ ունեմ նույն կարգով հավաք կազմակերպել այստեղ՝ Աբովյանում, աղջիկների համար: 

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։